Հայաստանի հանրային հեռուստատաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը, պատասխանելով մեր կայքի հարցին, թե ինչպես է վերաբերվում «Չենք լռելու» նախաձեռնության կողմից «Աղբ եթերից» հերթական մրցանակը Հանրային հեռուստատեսության «Առաջին՚ լրատվական ծառայությանը տալուն, ասաց. «Ոչ մի կերպ: «Առաջին» լրատվական ծառայությանը ոչ մի մրցանակ չի հանձնվել, մենք անգամ չգիտենք, թե այդ մրցանակն ինչ տեսք ու ձև ունի: Եթե այդ խմբում կա համալսարանական կրթության ստացած գեթ մեկ անձնավորություն, իսկ ես շատ հուսով եմ, որ կլինի, ապա պատրաստ ենք` ամենայն լրջությամբ ուսումնասիրելու իրենց «մասնագիտական» հիմնավորումներն ու խորհուրդները, եթե այդպիսիք կան, և մեր հետագա աշխատանքների կազմակերպման առումով` անելու համապատասխան հետևություններ»:
Ի դեպ, հաշվի առնելով տարածված խոսակցությունները, որոնցում կասկած է հայտնվում առ այն, որ Հանրային հեռուստաընկերությունը լուսաբանել է ՀՀԿ-ի կազմակերպած աղմկահարույց միջոցառումը, պարոն Ֆարմանյանից հետաքրքրվեցինք` Հանրային հեռուստատեսության լրատվական ծառայությունը լուսաբանե՞լ է ՀՀԿ-ի կողմից կազմակերպված` երիտասարդության և ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառումը: Պատասխանը հետեւյալն էր.«Այո, «Առաջին» լրատվական ծառայությունը լուսաբանել է Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված այդ միջոցառումը: Ճիշտ այնպես, ինչպես լուսաբանում ենք մեր քաղաքական դաշտի մյուս առանցքային դերակատարների` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի կամ «Ժառանգության» կողմից կազմակերպված կարևոր միջոցառումները»: