Կառավարության աջակցությամբ Երևանի պարարվեստի ուսումնարանում այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում: Երևանի պետական պարարվեստի ուսումնարանի տնօրենի պաշտոնակատար Արմեն Գրիգորյան խոսքերով 352 մլն դրամ է հատկացվել ուսումնարանի վերանորոգման համար: «1984 թ-ից շենքում որևէ աշխատանքներ չի կատարվել: Շենքը քանդվում էր, խնդիր կար թե՛ ջեռուցման, թե՛ տանիքի և թե լսարանների հետ կապված: Տարիներ շարունակ դիմել ենք կառավարությանը, որ աջակցեն վերանորոգման հարցում և այսօր ուսումնարանում կատարվում է կապիտալ վերանորոգում»,-ասաց Գրիգորյանը:
Չնայած, որ ուսումնարանում վերանորագման աշխատանքներ են կատարվում, այնուամենայնիվ տնօրենի խոսքերով դասերը շարունակվում են. «Առաջին մի շաբաթը երեխաներին ազատել էինք դասերից, բայց այժմ նորից վերադարձել ենք մեր բնականոն աշխատանքին: Հասկանում եմ, որ այս պայմաններում դժվար է ուսումնական գործընթաց անցկացնել, բայց պետք է համակերպվել, քանի որ ծրագրից հետ մնալ չենք կարող»,-ասաց տնօրենը`հավելելով, որ շինարարական աշխատանքներն այնպես են կազմակերպվում, որ չխանգարեն դասապրոցեսներին:
Այժմ ուսումնարանում սովորում են 500-600 ուսանող ` 120 ուսուցչական կազմով: «Մենք կարող ենք շատ հստակ ասել, որ այսօր հանրապետությունում պարի ուժեղ դպրոց ունենք, իսկ սա իհարկե ուղղակի ասված խոսքեր չեն, ապացուցված է, քանի որ արտասահմանում 50-ից ավել տղա կատարող ունենք, ովքեր ավարտելով ուսումնարանը այնտեղ ազգապահպան գործունեությամբ են զբաղվում»,-ասաց Գրիգորյանը`հավելով , որ վերջին 10 տարվա ընթացքում ունեցել են 7 մեդալակիրներ, ովքեր մասնակցելով մի շարք փառատոնների, ներկայացրել են մեր հայկական պարն, ինչը միակ արվեստն է, որ զուգակցում է հոգին և մարմինը:
Այս տարի ուսումնարան են ընդունվել 100-ից ավել ուսանող: Տնօրենի խոսքերով սա աննախադեպ երևույթ է, քանի որ դեռ այսպիսի դեպք չէր եղել ուսումնարանում, իսկ ահա զրո դասարանում 100 դիմորդներից, միայն 24-ն են ընդունվել`դասասենյակներ չունենալու պատճառով: Գրիգորյանի համոզմամբ՝ ապագայում կառավարությունը կզբաղվի նաև ուսումնարանի տարածքի ընդլայնման գործով, որ էլ ավելի մեծ թվով ուսանողների ընդունելություն կատարվի: « Տաղանդավոր երեխաներ ունենք շրջաններից , ինչպես նաև արտասահմանից, ովքեր ցանկություն են հայտնել ուսուցանելու մեզ մոտ, սակայն տեղ չունենք: Իսկ տարածքի խնդիրը լուծելու դեպքում, արտասահմանից ժամանած երեխաները` ստանալով պրոֆեսիոնալ կրթություն, արտասահմանում կշարունակեն ազգապահպան գործով զբաղվել»,-հույս հայտնեց Գրիգորյանը` հավելելով, որ մոտ ապագայում պատրաստվում են ստեղծել մեծ համույթ, որի միջոցով աշխարհին կներկայացնեն հայկական պերը:
Պերճուհի Գևորգյան