Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» ուզում է «լյուստրացնել»

Նոյեմբեր 14,2011 19:31

Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելով «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Սույն օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային` գաղտնազերծմանը, ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը: Օրենսդրական նախաձեռնության նպատակներն են` գաղտնազերծել մինչեւ 1991 թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց: Փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար եւ այլ պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծումը, նրանց պաշտոնանկությունը, եթե վերջիններս նախկինում գաղտնի կամ բացահայտ համագործակցել են հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաեւ` կանխել այդպիսի անցյալով անձանց ղեկավար եւ այլ պաշտոններ զբաղեցնելու հավակնությունները: Նախատեսվում է գաղտնազերծման ենթակա պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող անձանց, ովքեր բացահայտվել կամ խոստովանել են հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին,  ինքնակամ (կամավոր) հրաժարվել զբաղեցրած պաշտոնից կամ դրան հավակնելուց: Եթե նրանց կողմից մերժվում է այդ առաջարկությունը, ապա հրապարակվում է այդ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ` տվյալ անձի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է համապատասխան մարմնին` պաշտոնանկության, թեկնածության գրանցումը չեղյալ ճանաչելու առաջարկով:

«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթի հետապնդած նպատակներն են` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնարար դրույթների ու սկզբունքների իրականացումը պետության եւ հասարակության, մարդու եւ քաղաքացու իրավունքների, ազատությունների ու անձնական անվտանգության պաշտպանության նպատակով` ապահովելով նրանց պաշտպանվածությունը նախկին ԽՍՀՄ եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանցից, նրանց ներազդեցությունից, շանտաժից ու հավաքագրումից կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելուց եւ դրանց փորձերից:

Նախագծերի փաթեթը մշակելիս հաշվի են առնվել եւ վերլուծվել են սույն ոլորտում առկա միջազգային փորձը, մասնավորապես` Լիտվայի, Լեհաստանի, Վրաստանի, Չեխիայի, Սերբիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Ալբանիայի եւ Հունգարիայի օրենսդրությունները:

«Ժառանգություն» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930