Ֆեյսբուքյան ակտիվ խմբերից է «Հեռուստաեթերի մաքրման պահանջը»: Նրանք բարձրացնում են խնդիրներ՝ կապված հեռուստաընկերությունների հաղորդումների բովանդակության, լեզվական աղավաղումների, սերիալների ու անգամ գովազդների հետ: Խմբում կա 1500-ից ավել անդամ: «Առավոտ երիտասարդականը» զրուցեց «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» խմբի «ադմիններից» Արթուր Խոջաբաղյանի հետ: Նա նշեց, որ այս երևույթի դեմ պայքարը ընդհանուր բնույթ է կրում. «Շատ մտավորականներ ու անհատներ անդրադառնում են այս խնդիրներին: Սա պարզապես այդ ընդհանուր բողոք-պայքարի շարքում հերթական քայլն է, որի միջոցով փորձում ենք կոնկրետացնել շատ հարցեր ու մշակել միջոցներ խնդրի լուծմանը հասնելու համար: Խնդրին լուծում տալը մի փոքր դժվար է, բայց հուսով ենք, որ ինչ-որ բան արել ենք որոշ հարցերի բարելավման ուղղությամ»,- ասում է Արթուր Խոջբաղյանը: Ըստ նրա՝ խնդիրը համապատասխան մարմիններին տեղ հասցնելն է. նրանք տեղյակ են դրանցից, բայց էլի իրենց գործ են շարունակում: Խումբը որոշել է հետեւել հեռուսատեթերին եւ արձանագրել օրենսդրական խախտումները՝ այդպես «սաստելով» հեռուստաընկերությունների ամենաթողությունը:
Այստեղ գործում է գնահատման հարցումների բաժին, որտեղ անդամներն իրենց գնահատականն են տալիս հեռուստաընկերություններին, արդյունքների վերջնական ամփոփումից հետո այն կներկայացվի տվյալ հեռուստաընկերություններին: Այստեղ նաև քննարկվում են տարբեր գովազդներ: Բացի բողոքներից ու անորակ հաղորդումների մասին խոսելուց՝ խմբում տեղ են գտնում նաև արվեստին շատ մոտ կանգնած գործեր, նշվում ու քննարկվում են հեռուստածրագրեր, որոնք անհրաժեշտ են մեր լսարանին:
Մելանյա Հարությունյան