Արդեն 10-րդ տարին անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Համահայկական մարաթոնի» ընթացքում Լոռու մարզում հավաքագրվել է կանխիկ 6,293 միլիոն դրամ, փոխանցվել՝ ավելի քան 812 հազար դրամ: «Այս տարի ռեկորդային գումար հավաքվեց, մինչ այդ շատ մեծ աշխատանք էր տարվել, ու թեեւ Լոռին միակն է, որ մարզային մարաթոն է կազմակերպում, բայց ցանկալի էր, որ ավելի մեծ թիվ ապահովեինք»,- ասում է դրամահավաք հանձնաժողովի նախագահ Մայիս Խաչատրյանը:
Այս տարի էլ ակտիվ մասնակցությունն են գրանցել մարզի կրթական եւ առողջապահական հաստատությունները. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ՝ 261 հազար դրամ, թիվ 2 հիվանդանոց՝ 308 հազար դրամ եւ այլն: Լոռու մարաթոնի կազմակերպիչները նկատում են. «10 կամ 100 դրամը չէ կարեւոր, այլ դաստիարակությունը, որ ընդհանուր գործի համար ընդհանուրի լուման է պետք»:
Մարզի 113 համայնքներից միայն 4-ն են դեռ մասնակցել մարաթոնին: Ակտիվությամբ աչքի է ընկել Ալավերդի քաղաքը` 193 հազար դրամ: «Համայնքապետերին հորդորում ենք, որ յուրաքանչյուրն իր մոտ կազմակերպի, նաեւ մի արկղ դնի եւ հավաքված գումարն արկղով էլ մեզ հանձնի, բայց դեռ ոչինչ չի փոխվում»,- ասաց Մայիս Խաչատրյանը:
Այս տարի էլ մարզի գործարարները չեն մասնակցել կանխիկ դրամահավաքին, անցած տարի փոխանցումներ էլ չեղան, բայց խոստումներ դրամահավաք հանձնաժողովը միշտ է լսում. «Դեռեւս 4-5 տարի առաջ մի գործարար խոստացավ 1 մլն դրամ նվիրաբերել, բայց մինչ օրս որեւէ լումա չի փոխանցել»:
Կարդացեք նաև
Անտարբեր են գտնվել կուսակցությունները, ինչը Մայիս Խաչատրյանին զարմացնում է. «Ընտրական տարի է լինելու, լավ առիթ էր, որ մեր քաղաքական կուսակցությունները հաճոյանային բնակչությանը»:
Նելլի ԴԱՎԹՅԱՆ