Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում ցրտահարվել են արքայանարինջները

Նոյեմբեր 14,2011 16:20

Կապանում վերջին օրերին գրանցված ցածր ջերմաստիճանի հետեւանքով ցրտահարվել են արքայանարինջները: Կապանցիներից շատերը արքայանարինջները հավաքել էին նախքան ձյունն ու ցրտաշունչ օրերի սկիզբը, իսկ մի մասն այն թողել էր տնամերձ այգիների ծառերին` նախընտրելով բերքը հավաքել ավելի ուշ, ինչպես միշտ են անում: Սակայն այս անգամ նրանց բախտը չի բերել: Առատ բերքը ծառերին փչացել է: Կապանի տարբեր թաղամասերում եւ շրջանի որոշ գյուղերում կարելի է նույն պատկերին հանդիպել. ծառերը բեռնված են ցրտահարված բերքով:

«Ամեն տարի կարալյոկներն ուշ ենք քաղում: Էս անգամ ամուսինս ասաց՝ գնամ քաղեմ: Ասացի՝ վռազում ես ի՞նչ անես, ինչքան ծառին մնա՝ էնքան լավ, վերջում կքաղենք: Չթողեցի հավաքի բերքը, հիմա էլ սաղ փչացավ: Էս տարի էլ լավ բերք կար ծառերին, 4 ծառ կարալյոկ աչքերիս առաջ ցրտահարվել ա, շատ չէինք իմանում, որ սենց բան կլինի, հազիվ լավ բերք էր վերցրել էս տարի: Քաղել ենք, չենք իմանում՝ ինչ անենք, ձեռքներս չի գալիս թափենք: Մի մասը ջոկել ենք, որ ուտենք, իսկ մնացածը երեւի դեն նետենք ուզած-չուզած», -ասում է կապանցի տիկին Ռոզան:

Նրա օրինակին են հետեւում շատերը, որոնք եղանակային նման անակնկալի չեն սպասել եւ իրենց տնամերձ այգիների բերքը չեն հավաքել նախապես:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930