Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիտը»

Նոյեմբեր 14,2011 16:17

Այսօր ինչպես սափրագլուխների, այնպես էլ «ծտերի»  թեման արդիական է: Անգամ մանկավարժներն են ձգտում տեղավորվել «ծտի» կերպարում: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունն էլ հաստատում է, որ կան դպրոցների տնօրեններ, որոնք հագուստի առումով «չափն անցնում» են: Անձամբ ես, եւ ոչ միայն ես,  Կենտրոն համայնքի դպրոցների տնօրեններ գիտեմ, որոնք տաբատի կամ փեշի  տակից թափանցող ներքնազգեստի գույնը համապատասխանեցնում են երկար եղունգների մանիկյուրի հետ…Այս անգամ ոչ թե այդ, այլ մի ուրիշ «ծտի» մասին եմ ուզում խոսել, որը ոչ թե մանկավարժ էր, այլ աշակերտ, եւ էլի Կենտրոն համայնքի դպրոցներից մեկի: Նա «թաղի տղա» էր, եւ ինչպես շատերը այդ թաղամասում, մականուն ուներ: Այնպես էր ստացվել, որ 10 եւ ավելի տարիներ առաջ ես այդ «ծտի» հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչն էի: Մի անգամ մեր դպրոցի տնօրենը հոնքը վերեւ ձգած դասարան մտավ՝ անփորձ ուսուցչիս դաս լսելու, «ծիտն» էլ եր ներկա: Հիմա չեմ հիշում, թե կոնկրետ ինչ էինք անցնում, բայց կարծեմ թե «եղեռնական» թեմայով ինչ-որ գործ էր: Բոլորին դաս հարցրի, տնային աշխատանքները ստուգեցի, նոր դասը բացատրեցի, բայց չարաբաստիկ զանգը ոչ մի կերպ չէր հնչում…. Մեկ էլ «ծիտը» ինձ օգնության եկավ՝ ձեռք բարձրացրեց ու ասաց, որ ուզում է մի հատված արտասանել իր սիրելի հեղինակի՝ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: «Ծիտը» իր խռպոտ ձայնով ասմունքեց բավականին երկար, մինչեւ տնօրենը նրան չնստեցրեց: Մեկ էլ «ծիտը»  բոթեց իր կողքին նստած Պետոյին ու ինձ աչքով արեց: Հիշեցի՝ Պետոն հրաշալի երգում էր՝ հատկապես ֆիդայական երգեր: Հաղթական նայեցի տնօրենի աչքերին ու ասացի. «Երեխաներ, մենք ոչ միայն անմռունչ ջարդվել ենք, այլեւ պայքարել, ու այդ ամենի մասին հիասքանչ երգեր են ծնվել: Հիմա Պետրոսին կխնդրենք, որ երգի հայոց ազատագրական շարժման խորհրդանիշ Զորավար Անդրանիկին նվիրված «Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ»  երգը»: Պետոն իսկապես հրաշալի երգեց, իսկ վերջին տողն արտաբերելը համընկավ զանգի հնչելու հետ: Ես հաղթել էի, եւ դրանում մեծ ներդրում ուներ «ծիտը»: Տեսնես՝ «ծիտը» ինձ կօգնե՞ր, եթե ժամանակին ոչ պատշաճ հագուստով իրենց դասարան մտած լինեի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930