«Այս տարի շուտ ձմեռնացավ»,- ծնկներին տալով ասում է Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ Լուսիկ տատը: Գյուղացիների ողջ ամառվա չարչարանքը` խոտը մնացել է ձյան տակ: Գյուղացիները չեն հասցրել հնձած խոտը սարից գյուղ իջեցնել ու հիմա անասնակեր չունենալու պատճառով Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի չորս` Լորուտ, Աթան, Շամուտ գյուղերի բնակիչները դժվարին իրավիճակում են հայտնվել: «Ասենք, ես մեքենա ունեմ, բայց անպայման օգնող է պետք, մեր նման փոքր գյուղում ամեն մարդ իր հոգսով է, եղանակն էլ մի կողմից խանգարեց, ու ամբողջ ամառվա չարչարանքը մնաց ձյան տակ»,- բողոքում են գյուղացիները:
Իսկ Ահնիձորում գյուղական անբարեկարգ ճանապարհների պատճառով հաճախ մեքենաներն են փչանում, եւ խոտը սարից բերելու նախօրոք ծրագրած օրը գյուղացին ստիպված անցկացնում է մեքենա ու տրակտոր սարքելով: «Հին մեքենաներ են, մի մաս գտնելու համար մինչեւ Դիլիջան գնում եմ: Բա որ էդքանից հետո էլ մասը բերում ես, դնում ու տեսնում ես՝ չի համապատասխանում քո մեքենային, կամ մի շաբաթից շարքից դուրս է գալիս»,- պատմում են ահնիձորցիները:
Ամբողջ գյուղում 4 մեքենա կա, յուրաքանչյուր մեքենան ամենաքիչը 3 անգամ հանդամաս է գնում ու վերադառնում: 31-ամյա Ռուզաննան, որն ամուսնու հետ հավասար մասնակցել է խոտհնձին, սրտնեղում է. «Եղանակը շատ անձրեւային էր, արանք–արանք ձիով էլ ենք բերել, երեխիս էլ հետս տարել եմ, խոտի դեզի վրա հետ բերել, մի քանի օր եղանակ աներ, կբերեինք, կպրծնեինք»:
Բայց եղանակ չարեց, ու գյուղացիներն արդեն ընտրում են այն անասունները, որոնք պիտի մորթեն, հերթի են դրել, պայմանավորվել միս մթերողների հետ: «Ուղղակի շատ էժան է նստում, մի քանի օր առաջ 2 ցլիկ մորթեցի, ընդամենը 250 հազար դրամ հանեց»,- ասաց գյուղի բնակիչներից մեկը:
Կարդացեք նաև
Նելլի ԴԱՎԹՅԱՆ