Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընդդիմության ներկայացուցիչը գովեց Հովիկ Աբրահամյանին

Նոյեմբեր 14,2011 14:00

ԱԺ հերթական քառօրյան սկսվեց սովորականի նման եւ ի զարմանս բոլորի` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ թե հայտարարեց իր հրաժարականի մասին, այլ միանգամից անցավ կանոնակարգային աշխատանքային ռեժիմի: «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը հարց ուղղեց հայ-թուրքական արձանագրությունների մասին, որին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե իր դիրքորոշումը չի փոխվել այս հարցում, իսկ հանրապետության նախագահը ժամանակին կասի իր խոսքը: Ապա Սաֆարյանը կրկին շարունակեց, թե հայ-թուրքական արձանագրությունները բավականին խոցելի են դարձնում մեր երկիրը:

Սրանից հետո եւս Հովիկ Աբրահամյանն անցավ ընթացիկ կանոնակարգային հարցերի: Մի շարք հետաձգումների վերաբերյալ եղան քննարկումներ: Ի դեպ, խորհրդարանում էին գտնվում եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, եւ Սամվել Ալեքսանյանը:  Իսկ ՀՀԿ խմբակցության ներսում, անգամ պատգամավորներին թիկունքից նայելիս պարզ զգացվում էր ինչ-որ անորոշ խլրտոց, ակնհայտորեն, ուրիշ բանի էին տրամադրված՝ լսել ու տեսնել այլ բան, բայց ականատես եղան այլ սցենարի: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բավականին հանգիստ եւ արժանապատիվ շարունակում էր կատարել իր աշխատանքային պարտականությունները:

Ստեփան Սաֆարյանը նոր հարց ուղղեց՝ այս անգամ  «Ընդերքի վերաբերյալ» օրենքի մասին եւ առաջարկեց այդ օրենքը մերժել,  քանի որ կառավարությունը շարունակում է պարտադրանքի լեզվով խոսել խորհդարանի հետ: Հովիկ Աբրահամյանն իր հերթին գովեց վերոհիշյալ նախագիծը: Լարիսա Ալավեդյանն առաջարկեց, որ ԱԺ-ն մերժի այն տոնայնությունը, որով կառավարությունը խոսում է մեծամասնության հետ:

Շուրջ քսան րոպե խորհրդարանն աշխատում էր սովորական թվացող ռիթմով, բայց ԱԺ դահլիճում տիրում էր լարված եւ չհասկացվածության մթնոլորտ: Մինչ բոլորը սպաում էին հրաժարականի մասին տեղեկության՝ ԱԺ նախագահը ժպիտը դեմքին եւ առանց հոնքն իսկ շարժելու վարում էր նիստը: Ասաց, որ Արմեն Մելիքյանի փոխարեն ԲՀԿ պատգամավոր է դարձել Մուշեղ Պետոյանը, շնորհավորեց երկու պատգամավորների ծննդյան օրվա առիթով եւ անցավ օրակարգային հարցերի:

12.20 րոպեին արտահերթ ելույթ ունենալով՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ներկայացնում է հրաժարականի մասին իր դիմումը

Ստեփան Սաֆարյանն այս հրաժարականից հետո ելույթ ունենալով՝ գովեց Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքը եւ ասաց, թե այդ ընթացքում բարձրացել է ԱԺ դերը եւ դահլիճում ընթացել են ակտիվ քննարկումներ

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930