Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը ներկայացրեց իր հրաժարականի դիմումը

Նոյեմբեր 14,2011 12:46

Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ պաշտոնապես ներկայացրեց հրաժարական: Իր ելույթում նա մասնավորապես ասաց. «Լիովին գիտակցելով ողջ պատասխանատվությունը ՀՀ Նախագահի, պետության, ժողովրդի եւ կուսակցության առջեւ, համաձայն  Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի հոդված  20-ի 2-րդ կետի` այսօր ներկայացնում եմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի մասին իմ դիմումը:

2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվելով  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ` հայտարարել եմ, որ Ազգային ժողովի գործունեությունը պետք է լինի թափանցիկ, իսկ խորհրդարանը` հասանելի հասարակության համար: Թող անհամեստ չհնչի, բայց կարծում եմ, որ մեզ հաջողվել է ապահովել խորհրդարանի հնարավորինս թափանցիկ գործունեությունը եւ սերտացնել խորհրդարան-հասարակություն կապը:

Ես շնորհակալություն եմ հայտնում մեր համատեղ աշխատանքի համար: Սա ինձ համար շատ կարեւոր, իսկ խորհրդարանական մշակույթի ամրապնդման առումով արդյունավետ ժամանակահատված էր:

Ազգային ժողովի գործունեությունը գնահատելիս պիտի հաշվի առնել նրա` որպես օրենսդիր բարձրագույն մարմնի դերակատարության կշիռը պետության կյանքում: Կարծում եմ` Ազգային ժողովն իրեն դրսեւորել է որպես պետականության կայացման գործընթացի ակտիվ մասնակից: Վստահ եմ, որ այսուհետ եւս Ազգային ժողովն իր ակտիվությամբ մշտապես լինելու է պետության ու հասարակության շահերի պաշտպանը: Ազգային ժողովը կատարել ու կատարելու է օրենսդիր մարմնի իր գործառույթները, որովհետեւ ժողովրդից ստացած քվեն նշանակում է մշտական պատասխանատվություն եւ պարտքի գիտակցում ընտրողի, ուրեմն եւ` պետության առջեւ:

Բոլորդ եք վկա, որ ԱԺ նախագահի պաշտոնում իմ գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի սկզբունքներով: Եղել ու մնում եմ այն համոզմանը, որ խորհրդարանը պետք է լինի բազմակարծության ամբիոն եւ մի հարթակ, որտեղ կարող են հնչել եւ լսելի լինել բազմաթիվ ու ոչ ստանդարտ կարծիքներ, որոնց համադրման ու նաեւ հակադրման արդյունքում պիտի ծնվեն այն օրենսդրական լուծումները, որոնք այսօր անհրաժեշտ են մեր երկրին:

Միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ լինելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր` չեմ պատրաստվում խուսափել իմ ընտրողների առջեւ ստանձնած պատասխանատվությունից ու պատգամավորական պարտականություններից: Ինչ պաշտոններ էլ որ զբաղեցրել եմ, երբեք չեմ հեռացել իմ ժողովրդից, տեղյակ եմ նրա խնդիրներին ու պատրաստակամ` նպաստելու դրանց լուծմանը:

Հարգելի պատգամավորներ,

կարծում եմ` բոլորին էլ հասկանալի է, որ մեր երկիրը մտնում է հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, ընտրություններ, որոնք բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը բոլորիս եւ հատկապես իշխանությունների պատվի գործն է: Ես պատահաբար չեմ օգտագործում «բոլորիս» բառը, քանի որ  ընտրությունների ցանկացած բացասական հետեւանք հարված է ոչ միայն իշխանությունների, այլ ամբողջ երկրի հեղինակությանը: Իշխանությունները բազմիցս են հայտարարել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է, որ դրա համար կա անհրաժեշտ քաղաքական կամք եւ հաստատակամություն:

Հարգելի գործընկերներ,

Ավարտելով խոսքս` մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում իմ պաշտոնավարության ընթացքում կատարած մեր համատեղ աշխատանքի ու համագործակցության համար: Շնորհակալ եմ ձեր խորհուրդների, առաջարկների ու քննադատության համար: Այդ ամենը վկայում է, որ մենք կարողացել ենք համատեղ աշխատել, լսել, հանդուրժել, հարգել միմյանց:

Վստահ եմ, որ այս դահլիճում շարունակելու են իշխել ողջամտությունը, փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը: Մաղթում եմ, որ մեզանում այն դրսեւորվի ոչ միայն խորհրդարանում, այլեւ ողջ քաղաքական դաշտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել