Եզդի ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր սովորույթներով: Եզդի ասելով՝ ակամա պատկերացնում ենք մարդկանց, որոնք զբաղվում են ոչխարաբուծությամբ կամ հողագործությամբ: Բայց պետք է նշել, որ կան նաեւ եզդիներ, որոնք երկար ժամանակ ապրելով քաղաքում` ստանալով բարձրագույն կրթություն, տարբերվում են իրենց հայրենակիցներից, բայց դա նրանց չի խանգարում պահպանել ազգայինը, ավանդույթներն ու սովորույթները :
Ցանկանալով ավելի մոտիկից ծանոթանալ եզդի ազգի սովորույթներին՝ զրուցեցի 53 -ամյա Սեդա Ալոյանի հետ: Նա ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետը եւ այժմ աշխատում է անշարժ գույքի գործակալությունում: Երկար տարիներ ապրելով քաղաքում, լինելով առաջադեմ՝ տիկին Սեդան պահպանել է իր ազգի սովորույթները` ստիպելով երեխաներին անել նույնը: Շատ է սիրում խոսել եզդիների ավանդույթների մասին, որոնցից առանձնացնում է հարսանեկան ավանդույթները: «Եզդի ազգը միշտ պահպանողական է եղել ,եւ երբեք չի կորցրել իր ինքնությունը, չնայած ապրել եւ ապրում է այլազգիների մեջ»,– ասում է տիկին Սեդան:
Ամուսնությունը կարեւոր տեղ ունի եզդիների կյանքում: Չամուսնացած տղամարդիկ եւ տանը մնացած աղջիկները արժանանում են հասարակության կշտամբանքին: Նրանց մոտ ընդունված է մենամուսնությունը եւ ամուսնալուծությունը մեծ մեղք է համարվում: Սովորաբար եզդիներն ամուսնանում են հասարակական նույն շերտին պատկանող մարդկանց հետ: Այսպես ասած՝ «շեյխի» կարգավիճակ ունեցողը, հարուստ մարդը չի կարող ամուսնանալ փիրերի կամ մրիդների հետ , այսինքն ավելի ցածր ծագում ունեցողների հետ: Արգելվում է նաեւ օտարազգի ներկայացուցչի հետ ամուսնությունը: Եզդի տղան կամ աղջիկն անպայման պետք է ամուսնանա միմիայն իր ազգի ներկայացուցչի հետ, այլապես ընտանիքը նրանից երես կթեքի եւ կզրկի աջակցությունից:
«Տարիներ առաջ,- ասում է տիկին Սեդան,-երբ տղայի ծնողները գնում էին աղջկա ձեռքը խնդրելու, տանում էին թանկարժեք նվերներ, զարդեր, բայց այդ ավանդույթը շնորհիվ աշխարհի եզդիների նախագահ Ազիզ Թամոյանի՝ վերացել է , քանի որ չքավոր եզդի ընտանիքների երիտասարդները չէին կարողանում ամուսնանալ: ոյություն ունի, այսպես կոչված, եզդիական «ԶԱԳՍ» կամ «Նըքրա բըռբռն» հասկացությունը, ավանդույթ, որի ընթացքում հարսի եւ փեսայի ծնողներն ու հարազատները բութ մատներն իրար սեղմելով՝ երդվում են շեյխի կամ փիրի ներկայությամբ ամեն գնով պահպանել երիտասարդ զույգի ամուսնությունը եւ ամեն ինչով սատար կանգնել նրանց»:
Կարդացեք նաև
Իմ հարցին, թե ինչո՞ւ են հարսանեկան արարողության ժամանակ խնձոր նետում հարսի գլխին կամ բերքատու ծառը թափ տալիս հարսի վրա, տիկին Սեդան ժպիտով պատասխանեց. «Խնձորը խորհրդանշում է առողջ եւ գեղեցիկ երեխայի ծնունդը, իսկ բերքատու ծառը` նորապսակների՝ ծառի նման բերքատու լինելը»:
Լուսինե Ոսկանյան
ԵՊԼՀ Լրագրություն 4-րդ կուրսի ,2-րդ խմբի ուսանող