Այսօր` նոյեմբերի 13-ին, կիրակնօրյա պատարագից հետո, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմին կից Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հայկական տեսաֆիլմ դիտելու եկած եկեղեցասեր հասարակայնությանը սպասում էր հաճելի անակնկալ. Գալուստ Գյուլբենկյան սրահում նրանց դիմավորել է The Beautified Project ռոք-երաժշտական խումբը:
Անդրե Սիմոնյան, Արմեն Շահվերդյան և Առլեն Շահվերդյան երկվորյակ եղբայրների կազմով այս երաժշտական խումբը նախորդ օրը Թբիլիսիում Մագթի ակումբում հանդես էր եկել փայլուն մենահամերգով, որից հետո սիրով ընդունել համերգին ներկա գտնվող «Հայարտան» մշակութային բաժնի վարիչ Լևոն Չիդիլյանի առաջարկը «Հայարտուն» այցելելու, հայրենակիցների հետ հանդիպելու և հայ հանդիսատեսի համար համերգ տալու մասին:
Այս խումբը 2005 թվականին Լոնդոնում հիմնադրել է Անդրե Սիմոնյանը և այն առաջին հայկական խումբն է, ում տեսահոլովակները ցուցադրվել են MTV հեռուստացանցի եվրոպական ալիքներով: Իրենց առաջին երգը՝ «ALL Alone » Անդրեն ձայնագրել է 2005 թվականի վերջում, որից հետո հրավեր է ստացել երգել այն «Հայոց Այբուբենի ստեղծման 1600-ամյակին նվիրված լոնդոնյան համերգին: 2010 թվականին արդեն խումբը երկու ալբոմների հեղինակ էր: Ռոք-խումբը, որի ալբոմները մեծ հաջողությամբ ընդունվեցին Հայաստանում, շուտով նոր համերգային ծրագրով մեկնեց եվրոպական շրջագայության: 2011 թվականին, երբ խումբը համերգներ էր ունենում Անգլիայում, բրիտանական BBC հեռուստաընկերությունը խմբի մասին ֆիլմ պատրաստեց:
Ինչպես տեղեկացնում են Aravot.am-ին, հայ երիտասարդների` ռոք-աշխարհում ունեցած հաջողություններից առաջացած ոգևորության շարունակությունը դարձել է արցախյան շարժման հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված տեսաֆիլմի ցուցադրությունից առաջացած ազգասիրական և հայրենասիրական մեծ հուզմունքը:
Կարդացեք նաև