Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ ոմն քաղաքացի իրեն նետել է Երեւանյան լիճ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ականատեսները պատմել են, որ միջին տարիքի` 30-40 տարեկան մի տղամարդ իջել է երթուղային տաքսուց, այնուհետև ուղղվել է դեպի Երևանյան լճի կողմը, կոստյումը թողնելով լճի ափին՝ նետվել է Երևանյան լիճը: Ֆոտոլրագրողը Aravot.am-ին հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել նաև ջրասուզակները, ովքեր հաշված րոպեների ընթացքում լճից դուրս են բերել տղամարդու դին:
Ֆոտոլրագրողը փոխանցում է, որ դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Կամո Շառոյանը: Այս պահին նյութեր են նախապատրաստվում. քննչական մարմինը ձեռնարկում է համապատասխան գործողություններ` պարզելու ինքնասպանի ինքնությունը: Թեպետ կոստյումի գրպանում հայտնաբերվել է սոցիալական քարտ, լուսանկարներ, բլոկնոտ, սակայն դեռևս հաստատված չէ ինքնությունը:
Դեպքի վայր է ժամանել նաև դիակ տեղափոխող բրիգադը, որպեսզի դին տեղափոխեն դիահերձարան:
Երևանյան լճի մոտ գտնվող կամուրջի վրա առաջացել էր հսկայական խցանում. այն վերացնելու համար դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ` Երևանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ:
Մանրամասները` քիչ ավելի ուշ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի