Նոյեմբերի 10-ին Facebook սոցիալական ցանցի ԵՊՀ/ Հայ բանասիրության ֆակուլտետ խմբում հայտարարություն տեղադրվեց այն մասին, որ նույն օրն առավոտյան մահացել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պամության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սերոբի Ղազարյանը: Ֆակուլտետի ուսանողները, անկախ այն բանից` դասավանդել է պրոֆեսորն իրենց, թե` ոչ, մեծ ցավով ու ափսոսանքով են խոսում նրա մասին: «Ես նրա ուսանողը լինելու պատիվ չեմ ունեցել, բայց ընկերներիս պատմելով կարողացել եմ նրա մասին կարծիք կազմել, գիտեմ, որ հրաշալի մարդ էր, ու իր դասավանդած առարկայի փայլուն մասնագետ: Մահվան մասին իմացա ուրբաթ օրը: Շատ եմ ցավում, ափսոսանք եմ զգում: Համալսարանն ինձ համար երկրորդ տունն է, ու հիմա ինձ թվում է, որ իմ ընտանիքի մի անդամն է հեռացել կյանքից», – ասում է 4-րդ կուրսի ուսանողուհի Ծովինար Յոլչյանը: Իսկ այն ուսանողները, որոնց դասավանդել է մեծ լեզվաբանը, խոր վշտով են լցված :
Նրա մահվանից մեկ օր անց մամուլում «Թե ինչպես «պրոֆեսորը» սպանեց պրոֆեսորին» վերնագրված նյութ հայտնվեց, որտեղ նկարագրված էին պրոֆեսորի մահվան հանգամանքները: Ըստ հրապարակման՝ նա դարձել է բժիշկների կամայականության և անուշադրության զոհը: Դա վատ ազդեցություն է ունեցել բանասերների վրա, նրանց մտքով չէր էլ անցնում, որ իրենց սիրելի դասախոսը մահացել է նման անմարդկային վերաբերմունքի պատճառով: Բայց բոլորն էլ գիտակցում են, որ այլևս ետ չեն բերի իրենց սիրելի դասախոսին. «Այդ ամենը շատ ցավալի է, վիրավորական, բայց մենք անզոր ենք ետ բերելու նրան»,- ասում է 4-րդ կուրսեցի Գոհար Բալեյանը:
«Ռ. Ղազարյանը այն քիչ դասախոսներից էր, ովքեր թողնում են յուրաքանչյուր ուսանողի մեջ մի բան իրենցից: Հիմա եթե մոտենանք 50 տարբեր ուսանողի, յուրաքանչյուրը բոլորովին այլ բան կհիշի նրանից: Նա դասվեց ԵՊՀ լեգենդների շարքը: Մենք հպարտ ենք, որ այսպիսի դասախոս ենք ունեցել, հպարտ ենք, որ նրանից կյանք ենք սովորել` կյանքը` իր բոլոր երանգներով, ամբողջ փիլիսոփայությամբ ու ողջ իմաստով…»,- ասում է դասախոսի ուսանողներից Աստղիկ Արևշատյանը: Ֆակուլտետում բոլորը համոզված են, որ նրա անունը միշտ կհիշվի` լեզվի պատմության ոլորտում թողած մեծ ավանդի շնորհիվ:
Հռիփսիմե Գալստյան