Տավուշի մարզի Քյամառլու, Ղայամաղլու եւ Ալբայրամլու ադրբեջանական գյուղերի հարեւանությամբ գտնվում է Բարեկամավան, նախկինում ` Դոստլու գյուղը: Գյուղի բնակիչները պատմում են, որ նախկինում հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները միասին առեւտուր են արել եւ եղել բարեկամական հարաբերությունների մեջ: Այստեղից էլ ծագել է Դոստլու անունը, որը թարգմանաբար նշանակում է բարեկամ: Սակայն պատերազմական տարիներին գյուղը դժվարին օրեր է ապրել: Լինելով սահմանամերձ` անընդհատ բախումնեռրի մեջ է եղել եւ կարողացել անառիկ պահել գյուղը: Տեղի բնակիչ Յուրա Չիթչյանն իրենց գյուղն անվանում է «Հյուսիսային դարպաս», որով կանխել են թշնամու մուտքն երկիր: «Գտնվելով պատմական Հայաստանի Գուգարաց աշխարհի ծայրամասում` միշտ էլ խաչմերուկ է եղել օտար նվաճողների եւ թշնամիների համար: Մեր գյուղը պատվով է պահել իր անունը, իր հողը եւ իր ժողովրդին»,- հպարտանում է պատմության ուսուցիչը, բայց նաեւ ցավում, որ այդքան պայքարից հետո այժմ գյուղացիների մեծ մասը տեղափոխվել է: Գյուղի 220 բնակչից մնացել է միայն ութսունը, իսկ դպրոցում սովորում է ընդամենը 30 աշակերտ, որոնցից միայն մեկն է առաջին դասարանցի: «Կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց լուծում չի տրվել: Այսօր գյուղն ունի խմելու եւ ոռոգման ջրի խնդիր: Գյուղացիները հիմնականում օգտվում են 2-3 բնական աղբյուրներիվ»,- ասում է Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը: Նրա խոսքերով` ծնունդների համեմատ մահացության բարձր ցուցանիշը եւ արտագաղթը հաշվի առնելով` մի քանի տարի հետո, եթե միջոցներ չձեռնարկվեն, խաղաղ պայմաններում Հայաստանը կկորցնի եւս մեկ գյուղ: «Առաջարկում եմ ԱԺ-ում ստեղծել սահմանամերձ բնակավայրերի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողով, դրանում ներկայացուցիչներ ընդգրկել սահմանամերձ համայնքների ղեկավարներից»,- հայտնում է 30-ամյա գյուղապետը: Նրա խոսքերով` գյուղում լավ արքայանարինջ է աճում, բայց ֆինանսավորող չկա, որ պահեստային հողերում ծառեր տնկեն: Գարիկ Աբազյանը համոզված է, որ դա շատ եկամտաբեր է. Նորմալ ծառը տարեկան մինչեւ 200 կգ բերք կտա:
Նշենք, որ սահմանամերձ լինելու պատճառով շուրջ 500 հա վարելահող չի մշակվում, ինչպես նաեւ բարեկամավանցիները չեն կարողանում օգտվել 50 հա խոտհարքերից եւ 170 հա արոտավայրերից:
Դյուղի կենտրոնում էլ մշակույթի կիսավեր, ռմբակոծված տունն է, որի հարեւանությամբ էլ այս տարի` օգոստոսի 19-ին օծվել է «Սուրբ Գիրգոր Լուսավորչի» մատուռը: Այն կառուցվել է Ստավրոպոլում բնակվող Ցոլակ Միքայելյանի միջոցներով: Այս փաստի առթիվ ուրախացել էին բոլոր բարեկամավանցիները, որոնք մինչ այդ աղոթատեղի չեն ունեցել: Նրանք հուսով են, որ եթե ֆինանսավորվի գյուղը եւ բարեկարգվի, ապա տեղափոխված համագյուղացիները կրկին հետ կվերադառնան:
Ռուբինա Սաֆարյան