Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի է ենթարկվել հոկտեմբերի 27-ի գործով դատավորի որդին

Նոյեմբեր 13,2011 11:57

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 13-ին գիշերը ժամը 2-ի սահմաններում Երեւանի Մյասնիկյան պողոտայում 26-ամյա Յուրի Ուզունյանը վարելով իրեն պատկանող ՎԱԶ-21214 մակնիշի 80 ՏՏ 800 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել թիվ 38/4 հասցեի դիմացի սյանը:

Վթարի հետեւանքով Ուզունյանը եւ ավտոմեքենայում գտնվող ուղեւոր 34-ամյա Շավարշ Իսպիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մինչ կժամանեին Երեւանի ՃՈ աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները, անհայտ անձինք ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները:

Վթարի վայրում  փորձել էին ոստիկանությանը մոլորության մեջ գցել, թե իբրեւ վարորդը եղել է այլ անձ: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում, կոչումով ավագ լեյտենանտ է: Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ Յ. Ուզունյանը հոկտեմբերի 27-ի գործով դատավոր, ներկայումս Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի որդին է: Ավտոմեքենան ըստ ՃՏՀ քննության, պատկանում է Սամվել Ուզունյանի որդուն: Ավտոմեքենան քննիչ Խաչիկ Սամվելյանի հանձնարարականով տեղափոխվեց Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել