Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ է մնում առանց բանակի գնա` մեր հողերը հետ բերելու.Կույր երեխաների ցանկությունները, նպատակները եւ նախասիրությունները

Նոյեմբեր 13,2011 11:44

 

Այսօր կույրերի միջազգային օրն է: «Առավոտ երիտասարդականը» եղել է Երեւանի տեսողության խնդիրներ ունեցող երեխաների Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոց եւ զրուցել այնտեղի սաների հետ:

Ալլչկան 13 տարեկան է ու չնայած որոշ խոչընդոտների` սովորում է գերազանց: Սիրում է հայոց պատմություն եւ հայոց լեզու առարկաները: Պատմեց, որ տեսնում է բոլոր գույները, որոնցից առանձնացնում է դեղինը: «Դե ես շատ ունեմ դեղին առարկաներ, օրինակ` իմ ընկերուհին ծննդյանս օրը ինձ դիսկերի դեղին պապկա էր նվիրել»: «Առավոտ երիտասարդական»-ի հետ զրուցելիս իր հագուստը բնութագրեց որպես «նուտելա», ասաց, որ տեսնում է շականակագույնը. Ալլան ճիշտ էր:

Կենդանիներից սիրում է վագր ու շուն, քանի որ նրանք ուժեղ են: Ցանկանում է, որ աշխարհում արդարություն լինի, նրա կարծիքով մարդիկ անկեղծ չեն ու ամեն առիթով շահագործում են միմյանց: Սիրում է ժողովրդական ու ռոք երաժշտություն, շատ է ուզում, որ լավ երգողներով խումբ կազմեն:

Հրանտ Ժուլիկյանը սակավախոս է, չի սիրում իր մասին պատմել եւ մարդկանց քիչ է վստահում: Ունի չորս ընկեր, որոնց հետ սովորում է արդեն 12 տարի: Կենդանիներից սիրում է շուն, թութակ եւ նապաստակ: «Նապաստակը շատ փափուկա, թութակը փոքր ա, իսկ շունը` հավատարիմ», -ասում է Հրանտը: Նա մտադիր է դպրոցն ավարտելուց հետո ընդունվել երաժշական դպրոց: Գիտի դաշնամուր նվագել, եւ ինչպես հասակակիցներն են պատմում, ճաշելուց հետո միշտ նվագում է, զվարճացնում նրանց: Սիրում է Արամ Խաչատրյանի եւ Բախի ստեղծագործությունները, թեեւ խոստովանում, որ նրանցից ոչինչ չի կարողանում նվագել: Դպրոցի առարկաներից սիրում է ֆիզիկան, քանի որ կարողանում է էլեկտրականությամբ զբաղվել ու հարկ եղած դեպքում` ցույց տալիս իր հմտությունները:

 

Թերեզան մի քանի տարի առաջ ավելի ռոմանտիկ էր, ասում է, որ  անկախ ամեն ինչից, ինչ երազանք մարդ ունենա, դա ռոմանտիզմ է, իսկ հիմա իր ունեցածն ավելի շատ նպատակ է: Սիրում է հայոց պատմություն առարկան եւ ձգտում խորն ուսումնասիրել այն, որպեսզի կարողանա գրել ցեղասպանության մասին ու ապացուցել, որ թուրքերը բարբարոսաբար են գտնվել հայերի նկատմամբ: 12-րդ դասարանում սովորող աղջնակն իր նպատակներից ամենակարեւորը համարում է այն, որ կայանա որպես մարդ եւ ասում` ցանկացած մարդ, նույնիսկ եթե տառ ու թիվ չի ճանաչում, ինքն էլ է մարդ: Կենդանիներին համարում է անմեղսունակ, իսկ մարդուն` ոչ: Մտածում է, որ աշխարհում ամենավատ կենդանին մարդն է, որովհետև մարդ գիտակցորեն է գործում ու աստված ամենամեծ գիտակցությունն տվել է նրան, բայց մարդն իր ուղեղի ամենաշատը 5 տոկոսն է օգտագործում, իսկ կենդանին, որ ոչինչ չի հասկանում, բնազդորեն է գործում` ելնելով բնության օրենքից:

Թերեզան ընկերներ շատ ունի, բայց ճիշտ ընկեր համարում է նրան, ով իր հետ կլինի մինչեւ մահ: Նրա մեջ մնացել է ուսուցչուհու խոսքը. «Ես ընկեր կարող եմ միայն համարել այն մարդուն, երբ զգամ որ մեռնելուս պահին  ինքն իմ ընկերն է»: Իրեն համարում է հախուռն բնավորության տեր մարդ, քիչ զիջող: Լսում է աշուղական, ազգրագական երգեր ու հատուկ առանձնացնում Ներսիկ Իսպիրյանին եւ խոստովանում, որ նրա երգերը լսելու ժամանակ քիչ է մնում առանց բանակ, առանց ինչ-որ բանի, գնա մեր կորցրած հողերը հետ բերելու: «Այդ պահին ես նենց շատ եմ սիրում մեր հայ լինելը»,- ասում է նա:

Թերեզան մասնակցել է Օլիմպիադաների եւ ստացել մրցանակներ, ստեղծագործում է ու հավատում` կյանքում գտնելու է իրեն արժանի տեղը:

 

«Իմ ախպերս» երգը գրավել է Սվետլանային, ով միշտ պարում է դրա ներքո: Սիրում է նվերներ ստանալ, հատկապես փափուկ խաղալիքներ: Սպասում է Ձմեռ պապիկին, որ իրեն նվերներ բերի: Հպարտանում է, որ ութ տարեկան է ու քույր եղբայրներից մեծ է:

Սվետլաննան թիվ 14 դպրոց եկել է Գյումրիից ու սպասում է, թե երբ են սկսվելու արձակուրդները, որ գնա այնտեղ իր քույր- եղբայրների մոտ:

 

Ռուբինա Սաֆարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930