Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքում հանդիպումներ է ունենում տեղաբնակների հետ

Նոյեմբեր 12,2011 20:48

Երեկվանից Սյունիքում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն իր կուսակից ընկերների հետ հանդիպումներ է ունենում մարզի տարբեր համայնքների բնակչության հետ: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ մարզային հանդիպումները նախընտրական շրջանի հետ որեւէ կապ չունեն, սրանք ուղղակի հանդիպումներ են հասարակության հետ, ծանոթանալու նրանց խնդիրներին, լսելու նրանց տեսակետներն ու հուզող հարցերը, եւ տեղերում առաջ քաշվող այդ առաջարկները կբարձրացվեն կուսակցության կողմից այլ ամբիոններից: Հանդիպումներ կլինեն նաեւ նախընտրական շրջանում:

«Չկա’ Հայաստանի Հանրապետություն, չկա’ ազգային անվտանգություն, չկա’ Արցախի եւ Հայաստանի միասնություն, չկա’ Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում,այս ամեն ինչը սուտ է, կեղծիք է, կեղծ հայրենասիրություն է, եթե մեր օջախի, մեր երկրի , մեր քաղաքի, մեր հանրապետության քաղաքացին ինքն իր իրավունքի տերը չէ: Մենք չենք եկել ձեզ քարոզելու, կուսակցական ինչ-որ բաժան-բաժան անող հորդոր անելու, այլ ձեզ առաջարկելու, որ մենք միասին, անկախ քաղաքական պատկանելությունից, կուսակցական նախասիրություններից կողք կողքի կանգնենք, որ մեր ժողովուրդն ունենա ընտրության հնարավորություն, որ 20 տարեկան Հայաստանի Հանրապետությունում վերջապես առաջին անգամ իր պատմության մեջ ունենա իշխանության վերադարձ դեպի ժողովուրդ, եւ նախագահից մինչեւ ավագանու անդամ իր պաշտոնավարման տարիներին պետք է հասկանա, որ ինքն էլ է մահկանացու եւ իր ծառայության տարիներին պետք է սպասարկի միմիայն ժողովրդի շահի համար: Սա հեքիաթ չէ, մանկան պատում կամ ռոմանտիկա չէ, սա մեր հրամայականն է մեր երկրի սերունդի համար», -Կապանում կայացած հանդիպման ժամանակ նշեց պարոն Հովհաննիսյանը:

Կուսակցության առաջնորդի հետ մարզ ժամանած Արմեն Մարտիրոսյանի, Ռուբեն Հակոբյանի եւ Զարուհի Փոստանջյանի ելույթներից հետո, որոնք նույնպես անդրադարձան ներկայիս անարդար բարքերին, հեղափոխությամբ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու տարբերակներին, հավաքվածները խոսեցին իրենց մտահոգող խնդիրներից: Դրանք տարբեր էին՝ սկսած շաքարավազի կամ պանրի թանկացումից, աշխատավարձերի կամ թոշակների ցածր լինելուց, աշխատատեղերի բացակայությունից, հանք մտնող ու 100 հազարի սահմաններում աշխատավարձ ստացող երիտասարդների սոցիալ ու առողջական խնդիրներից:

Կապանում հանդիպման եկած քաղաքացիների մեծ մասը տարեց թոշակառուներ էին, որոնք աշխատանքից զրկվելու կամ այլ ճնշումներից վախենալու պատճառներ չունեին այս հանդիպմանը ներկա գտնվելու համար: Նրանք բողոքում էին, որ արդեն 20 տարի է՝ ապրում են անարդար երկրում ու վատ պայմաններում, հազիվ են կարողանում գոյատեւել ներկայիս սոցիալ իրավիճակում: «Ես հարեւանիս տված կոշիկն եմ հագել ու եկել էս հանդիպման: Որդիս Ղարաբաղի պատերազմի տարիներին խրամատում վիրավորվել է, գործ չունի: Նախագահը եկել էր Կապան, էդ հարցով մոտեցել էի իրեն, հանձնարարել էր էստեղի իշխանություննեին, որ էդ հարցում մեզ օգնեն ու գործ տան տղուս, բայց արդեն 2 տարի ա՝ տղայիս աշխատանքով չեն ապահովել»,– վրդովված պատմում է հանդիպման ներկա գտնվող պապիկներից մեկը: Իրենց դարդ ու ցավը պատմող պապիկների ելույթները երբեմն շատ էին երկարում, նրանք հազիվ էին հնարավորություն ունեցել ազատ արտահայտվելու այսքան տարիների ընթացքում:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները վաղը հանդիպումներ կունենան Գորիսում ու Սիսիանում, իսկ մարզկենտրոնից հեռանալուց առաջ վստահեցրեցին, որ էլի կայցելեն Կապան, բայց արդեն նախընտրկան շրջանում եւ զուտ այդ նպատակով:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930