Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են այս տարվա գարնանային զորակոչի արդյունքները, առաջադրվել են խնդիրներ աշնանային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար: Խորհրդակցությանը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են նաև պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային բոլոր զինկոմներն ու զինկոմիսարիատների բաժանմունքների աշխատակիցներ, բարձրաստիճան զինվորականներ և զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ: Նիստին հաշվետու զեկույցով հանդես է եկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը, որը խոսել է գարնանային զորակոչի թե՛ հաջողությունների և թե՛ բացթողումների մասին:
ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչության պետ, գնդապետ Արմեն Սահակյանը ներկայացրել է զինկոմիսարիատներում անցկացված ստուգումների արդյունքները: Զինակոչիկների փաստաթղթերի ու անձնական գործերի մեջ երբեմն առկա են եղել հակասություններ, օրինակ` եղել են դեպքեր, երբ քաղաքացիական բուժհիմնարկների և կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտության տվյալները չեն համապատասխանել: Ըստ այդմ` հանրապետական հավաքակայանից զինակոչիկները ուղարկվել են լրացուցիչ հետազոտության, իսկ մեղավորներն ու գործի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորողները պատժվել են:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն իր ելույթում անդրադարձել է գարնանային զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների ու հանցագործությունների, ինչպես նաև հարուցված քրեական գործերի վերլուծությանը: Զինդատախազը առանձնահատուկ ընդգծել է բուժհանձնաժողովների թերացումներն ու խախտումները:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը նիստի ավարտին համոզմունք է հայտնել, որ բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական աշնանային զորակոչի աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ ու բարձր մակարդակով: Նախարարը գարնանային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների և այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն