Եզդիները մինչև այսօր պահպանում են իրենց ավանդույթները: Ավանդույթներով լի նրանց հարսանիքը գրավում է շատերի ուշադրությունը:
Ազգությամբ եզդի` 58-ամյա Ջավահիր Թեջոյանը «Առավոտ երիտասարդականին» մեծ ոգևորությամբ պատմեց իրենց հարսանեկան այն ավանդույթների մասին, որոնք նշում են մինչև այսօր. «Աղջկա տուն են գնում տղան և իր ծնողները, համաձայնության են գալիս եւ պայմանավորվում են հաջորդ հանդիպման մասին: Հանդիպման ժամանակ տղայի կողմը պետք է նվեր տանի: Ըստ մեր ավանդույթի՝ մենք պետք է գնենք աղջկան»,- Ջավահիրը պատմում է՝ բուն հարսանեկան արարողությունն էլ նման չէ այլ ազգերի հարսանիքներին. այդ օրը փեսացուն չի գնում հարսին տուն բերելու, փոխարենը՝ գնում են նրա հարազատները: Ըստ ավանդույթի՝ հարսնացուին բերելու ժամանակ ազատ բաշիի մոտ պետք է լինի բարձ` հարսնացուի տնից բերված (խորհրդանշում է միասնություն), նա առաջինը պետք է հասնի փեսայի մոտ և բարձը վաճառի նրան: «Դրանից հետո սկսվու է քեֆ, ուրախություն, իհարկե եզդիների ավանդական պարերով ու երգերով»,- ներկայացնում է մեր զրուցակիցը: Նրա խոսքերով՝ հարսնացուն ներկա չի գտնվում խնջույքին, մի քանի աղջիկների հետ առանձնանում են մի սենյակում: Օրվա «հերոսուհին» խնջույքին է միանում միայն շուրջպարի ժամանակ:
Եզդիների հարսանիքին մասնակցած 18-ամյա Լիանա Մովսիսյանը հարսանիքից գրեթե ոչինչ չի հիշում: Մի բան միայն չի կարողանում մոռանալ. «Իրանք մի հատ ադաթ ունեն, երբ աղջկան պետք է շեմից ներս մտցնեն, փեսայի ձեռքը ծառի ճյուղ է լինում՝ վրան ամրացված կոնֆետներ ու խնձորներ: Նա պետք է կանգնի մի բարձր տեղ ու այդ ճյուղը թափահարի հարսի վրա, վերջում էլ խնձորով հարվածի հարսի գլխին: Ըստ իրենց, ադաթը խորհրդանշում է լիություն և ուժ: Այդ օրը, երբ փեսացուն հարվածեց, հարսնացուն ընկավ, բոլորը խառնվեցին իրար, ես էլ որ փոքր էի, չէին թողնում առաջանայի, տեսնեի`ինչ է կատարվում: Հետո պարզվեց, որ հարվածից հարսի ուշքն էր գնացել: Հիմա, երբ հիշում եմ, ծիծաղում եմ, բայց այն ժամանակ, որ փոքր էի, շատ էի վախեցել»:
35-ամյա Զոզան Մամոյանի խոսքերով` իրենք անկախ նրանից, թե ինչ ժամանակներում են ապրում, միշտ պահպանում են իրենց ավանդույթները. «Միայն մի փոքր փոփոխություն է եղել: Եթե առաջ պարտադիր էր, որ խնձորը կպներ հարսի գլխին, ապա այսօր ճյուղը թափահարելուց հարսի գլխին կողքից ինչ-որ մեկը սինի կամ թաս է պահում»,- ասում է նա:
Քրիստինա Միրզոյան