«Հայկական ժամանակը» իր առաջին էջում մեկնաբանել է երեկ Youtube-ում հայտնված վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երիտասարդներին ուղղված տեսանյութը, որը աղմուկ է բարձրացրել սոցցանցերում:
Ինչպես հայտնի է, «Արմենիա»-ի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, որը վերջերս ազատվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ իբր նշանակվելու է Հանրապետական կուսակցության գոյություն չունեցող նախընտրական շտաբի պետի տեղակալ: Որքան էլ այս պաշտոնանկությանը զանազան մեկնաբանություններ տրվեն, սա, ըստ էության, Սերժ Սարգսյանի ձեռնարկած պատժիչ գործողությունն էր Միքայել Մինասյանի նկատմամբ: Լուրեր էին պտտվում, թե վերջինիս հարաբերությունները խիստ լարվել են վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Վարչապետի հետ լրջագույն պրոբլեմներ ունեն նաեւ Սերժ Սարգսյանի թիմակից համարվող այլ մարդիկ, եւ ուրեմն՝ չի կարելի բացառել, որ սա մանրակրկիտ կազմակերպված պրովոկացիա է՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու համար: Մի բան ակնհայտ է. «Արմենիա» հեռուստաընկերությունը չէր կարող նման ռեպորտաժ եթեր տալ կամ տեղադրել պաշտոնական կայքում, եթե սրա տակ քաղաքական խարդավանք թաքնված չլիներ: Որեւէ կասկած չկա, որ այս ռեպորտաժի ցուցադրումը քաղաքական լրջագույն հետեւանքներ է ունենալու եւ ընդամենն արտահայտությունն է այն խայտառակ վիճակի, որ տիրում է Սերժ Սարգսյանի քաղաքական թիմում:
«Հայկական ժամանակ»