Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՎԿԱՆԵՐԸ

Նոյեմբեր 12,2011 14:19

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ յոթերորդ

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՎԿԱՆԵՐԸ

Եվ Սիրավը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «բայց Համո Սահակիչը լրիվ ուրիշ կարծիքի ա», եւ Հրանտը հարցրեց՝ «ի՞նչ կարծիքի ա», եւ Սիրավն ասաց՝ «ինքն ասում ա, որ բոլոր ժամանակների մեր լավագույն արձակագիրը Հրանտ Մաթեւոսյանն ա», եւ Հրանտը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ա ասել», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «անցյալ տարի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ո՞ւմ ա ասել», եւ Սիրավը պատասխանեց ու ասաց՝ «անձամբ ինձ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որտե՞ղ ա ասել», եւ Սիրավը պատասխանեց ու ասաց՝ «իմ արվեստանոցում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ասած կըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «վերջերս իրա ու Ռազմիկի հարաբերությունները մի քիչ վատացել են», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «էդ ի՞նչ կապ ունի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ամեն ինչն էլ կապ ունի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «Համո Սահակիչն ուրիշ անգամ էլ ա ասել, որ դու բոլոր ժամանակների մեր ամենամեծ արձակագիրն ես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքը ժամանակին Ռազմիկին շատ էր սիրում, բայց վերջերս ոնց որ աչքից գցել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «զարմանալի ա, որ ինձ աչքից չի գցել», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «քե՞զ ինչի պիտի աչքից գցեր», եւ Հրանտն ասաց՝ «բիձեն էս քանի ամիս ա հիվանդ ա, բայց ոչ մի անգամ հիվանդատես չեմ գնացել», եւ Սիրավն ասաց՝ «ես էլ ընդամենը մի անգամ եմ գնացել» եւ մի քիչ մտածեց ու Հրանտին հարցրեց՝ «չգնա՞նք Սահակիչին հիվանդատես», եւ Հրանտը հարցրեց՝ «ե՞րբ գնանք», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թեկուզ հենց հիմա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թողնենք էկող շաբաթ», եւ Վերժինեն ասաց՝ «նայեք՝ Ահնիձորին չխանգարի», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «Ահնիձորին ինչի՞ պիտի խանգարի. իրար հետ ի՞նչ կապ ունեն», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս Հրանտն ամեն ինչն ամեն ինչի հետ կապում ա», եւ Հրանտը Վերժինեին ասաց՝ «գրազից պլստացիր, արդեն լեզվիդ ես տալիս», եւ ես Սիրավին հարցրի՝ «ինձ էլ հետներդ կտանե՞ք», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ Վերժուկն ու կնիկս գան, ավտոյի մեջ տեղ չի մնում», եւ ես ժպտալով ասացի՝ «ասում եմ՝ որ Համո Սահակիչի մոտ գնաք, ինձ էլ հետներդ տարեք», եւ Հրանտը ժպտալով ինձ հարցրեց՝ «դու որ Համո Սահակիչի մոտ ես գնում, ինչի՞ մեզ հետդ չես տանում» եւ դժգոհ ավելացրեց՝ «մենակ-մենակ հիվանդատես եք գնում» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «վերջին անգամ ե՞րբ ես Սահակիչի մոտ էղել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի ամիսուկես առաջ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ասում են՝ շուստրի ես, ճիշտ են ասում», եւ Սիրավն ասաց՝ «ես էլ եմ երեւի ամիսուկես առաջ վարպետի մոտ էղել», եւ Հրանտը թարս նայեց Սիրավին ու ասաց՝ «դու էլ պակաս շուստրի չես», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «էդ երբվանի՞ց ա հիվանդատես գնալը շուստրիություն համարվում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «մենակ-մենակ հիվանդատես գնալն ա շուստրիություն», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «մենք գնում ենք, բայց ինքը մի գլուխ քեզ ա գովում», եւ Հրանտը հարցրեց՝ «ե՞րբ ա գովել», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «միշտ», եւ Հրանտը հարցրեց՝ «ի՞նչ ա ասել», եւ Սիրավն ասաց՝ «ասել ա, որ բոլոր ժամանակների մեր ամենամեծ արձակագիրն ես», եւ Վերժինեն քմծիծաղով Հրանտին ասաց՝ «էրեւում ա՝ Համոյի էդ ասածը դուրդ շատ ա էկել. մի գլուխ կրկնել ես տալիս», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ռազմիկի հետ վերջերս էնքան էլ լավ չեն», եւ Սիրավն ասաց՝ «Ռազմիկը ոչ մի կապ չունի. ինքը միշտ էլ ասել ա, որ բոլոր ժամանակների մեր ամենամեծ արձակագիրն ես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Սիրավին ասաց՝ «որ արձակ գրեիր, քեզ էլ կասեր», եւ Սիրավը նայեց ինձ, հետո նայեց Հրանտին ու ժպտալով ասաց՝ «հեն ա՝ Արմենչոն մի քանի հատ արձակ գրել ա. բա ինչի՞ իրան չի գովում», եւ Հրանտն ասաց՝ «իրա էլ ոտանավորներն ա գովում» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Ռազմիկի ջգրու», եւ Վերժինեն թարս նայեց Հրանտին ու ասաց՝ «շա՜տ անշնորհքն ես, հա՜», եւ Հրանտը նեղսրտած ասաց՝ «որ անշնորհք չլինեի, էս քանի ամսվա մեջ գոնե մի անգամ հիվանդատես գնացած կլինեի» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «որ գոնե ընկերներս շնորհք ունենային, գոնե մի անգամ հետները տարած կլինեին», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարանք հենց հիմի էլ գնանք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Սիրավին հարցրեց՝ «ավտոյով ե՞ս», եւ Սիրավը պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ճամփին կմտնենք խանութ, մի քանի բան կվերցնենք ու կգնանք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թողնենք էկող շաբաթ», եւ Վերժինեն թարս նայեց Հրանտին ու Սիրավին ասաց՝ «ինքը մի շաբաթ պիտի նախապատրաստվի», եւ Սիրավը Հրանտին ասաց՝ «հետո չասես՝ ընկերներս անշնորհք են», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չեմ ասի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հետո չասես թե՝ բոլոր ժամանակների մեր ամենամեծ արձակագիրը Թումանյանն ա, կամ էլ՝ Չարենցը», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ծիծաղելով Սիրավին ասաց՝ «էրեւում ա՝ էդ ֆրազը շատ ա դուրդ էկել», եւ Սիրավը հարցրեց՝ «ո՞ր ֆրազը», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «էդ բոլոր ժամանակներինը», եւ Վերժինեն քամահրանքով Հրանտին ասաց՝ «ոնց որ քո դուրն էլ ա շատ էկել. մի գլուխ Սիրավին կրկնել ես տալիս», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Վերժինեին ասաց՝ «այնինչ՝ ամենից շատ քո՛ դուրը պիտի գար», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Վերժինեին ասաց՝ «որ ինչ-որ մեկն ինձ բոլոր ժամանակների լավագույն նկարիչ համարեր, իմ կնիկը մեջը շատ կուռեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էնքան կուռեր, որ կարող ա պայթեր», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին ասաց՝ «ես համարում եմ», եւ Սիրավը հարցրեց՝ «ի՞նչ ես համարում», եւ Վերժինեն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «քեզ բոլոր ժամանակների լավագույն նկարիչն եմ համարում», եւ մինչ Սիրավը զարմացած ու հիացած կնայեր Վերժինեին, Հրանտը ծիծաղելով Սիրավին ասաց՝ «դե գնացեք՝ պայթեք», եւ Վերժինեն ժպտալով Սիրավին հարցրեց՝ «մյուս շաբաթ գնում ե՞նք Ահնիձոր», եւ Սիրավը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ամեն շաբաթ էլ կարանք գնանք, հարսիկ ջան», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «ուզում եք ահնիձորցիներին տեղահան անե՞ք», եւ Սիրավը հիացմունքով նայեց Վերժինեին ու ժպտալով ասաց՝ «Վերժուկը բոլոր ժամանակների ամենաշնորհքով կինն ա» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «փաստորեն, ինքը բոլոր պայմաններն ստեղծել ա, որ ամուսինն ազատ ստեղծագործի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ազատ եւ որակով», եւ Հրանտը ժպտալով Սիրավին հարցրեց՝ «էդ քո կարծիքն ե՞ս ասում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատերի կարծիքն եմ ասում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Վերժուկը ներսից մե՛ր աչքն ա հանում, դրսից՝ շատերի», եւ Սիրավն անսպասելի ինձ հարցրեց՝ «կարող ա՞ սխալ եմ ասում, Արմենչո», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ Սիրավն ասաց՝ «էդ որ ասում եմ՝ Վերժուկը բոլոր ժամանակների ամենաշնորհքով կնիկն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «իմ կարծիքն ես ասում», եւ Հրանտը զարմացած նայեց ինձ ու բացականչեց՝ «պահո՜» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «Վերժուկն ու դու բոլոր ժամանակների ամենաանշնորհք գրազ էկողներն եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քանի ժամ ա գրազ եք գալիս, բայց ոչ մեկդ չի հաղթել», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց չենք էլ պարտվել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ շնորհիվ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ մի քիչ հիշողությունս լարեի, դու վաղուց պարտված կլինեիր», եւ Վերժինեն մի քիչ մտածեց, նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «ես որ մի բանում համոզված չեմ լինում, գրազ չեմ գալիս», եւ ես ժպտալով Վերժինեին ասացի՝ «ես էլ», եւ Հրանտն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ինձնից ա կախված՝ ձեր էս գրազի հաղթողն ով կլինի», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քիչ էլ ինձնից ա կախված», եւ Վերժինեն ինձ ասաց՝ «քեզնից ինչ կախված էր՝ արեցիր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ արեցի», եւ Վերժինեն ժպտալով ասաց՝ «էդ հեքիաթը ծերից ծեր պատմեցիր», եւ Սիրավը ժպտալով ինձ ասաց՝ «ընդ որում՝ շատ հետաքրքիր ու շատ պատկերավոր պատմեցիր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իսկական արձակագրի պես», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «մեկը որ կողքից լսեր, կմտածեր, որ բոլոր ժամանակների մեր լավագույն արձակագիրն Արմենչոն ա», եւ Վերժինեն ժպտալով ինձ ասաց՝ «շատ երկար ու շատ հետաքրքիր պատմեցիր, բայց չկարողացար ապացուցել, որ էս նկարը Սարոյանն ա Հրանտին նվիրել», եւ ես ժպտալով ասացի՝ «լիքը վկաներ ունեմ» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «էդ հանդիպման համարյա բոլոր մասնակիցները ողջ են» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «բացի Սարոյանից», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «վկաներից մեկը ես եմ, բայց էդ պատմածիցդ ոչ մի բան չեմ հիշում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չնայած՝ շատ հետաքրքիր ու շատ պատկերավոր պատմեցիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իսկական արձակագրի պես», եւ Սիրավն ասաց՝ «ես չգիտեի, որ Արմենչոն էսքան ուժեղ պատմող ա», եւ Վերժինեն ժպտալով ասաց՝ «շատ ուժեղ ա պատմում, բայց չի կարողանում պատմածն ապացուցի», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «վկաները քչություն են անում», եւ Սիրավն ասաց՝ «փաստորեն, գլխավոր վկան մահացել ա», եւ Հրանտը ծիծաղելով ավելացրեց՝ «վկաներից մեկն էլ հիշողությունն ա կորցրել», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «վկաներից մեկն էլ համ շատ լավ հիշում ա, համ էլ շատ պատկերավոր պատմում ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ցավոք սրտի, Արմենչոն վկա չի», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ի՞նչ եմ», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հայցվոր» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ ասաց՝ «դու որպես վկա հանդես գալու իրավունք չունես, որովհետեւ դու գրազ եկած կողմ ես հանդիսանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քո վկայությունը շահագրգռված կողմի ցուցմունք կդիտվի», եւ Սիրավը հիացած նայեց Հրանտին ու ասաց՝ «շատ ուժեղ իրավաբանական գիտելիքներ ունես, Հրանտո», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ժամանակին «Մենք ենք, մեր սարերի» կապակցությամբ իրավաբանների հետ խորհրդակցել եմ», եւ Սիրավն ասաց՝ «դրա համար էլ էդ տեսարաններն էդքան հաջող են ստացվել», եւ Հրանտը հարցրեց՝ «ո՞ր տեսարանները», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դատական», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ դատավարության տեսարանները Մալյանի՛ շնորհիվ են հաջող ստացվել», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Հրանտին ասաց՝ «մի ժամանակ լրիվ հակառակն էիր ասում», եւ Հրանտը զարմացած հարցրեց՝ «հակառակ ի՞նչ եմ ասել», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «ասում էիր՝ Մալյանը սցենարդ փչացրել ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հիմի էլ հակառակն եմ ասում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «այսինքն, Մալյանն սցենարդ ուժեղացրե՞լ ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարելի ա էդպես էլ ասել», եւ Սիրավը խորամանկ ժպտալով հարցրեց՝ «գնա մեռի՝ արի սիրե՞մ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գնա անմահացի՝ արի սիրեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Մալյանն իմ սցենարը ոչ ուժեղացրել ա, ոչ էլ թուլացրել ա. ինքն իմ սցենարին համարժեք ֆիլմ ա նկարել», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «ես էլ եմ էդ կարծիքին» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Հրանտին ասաց՝ «բայց ես, ի տարբերություն քեզ, է՛ն գլխից էի էդ կարծիքին», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիշում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Մալյանն Աղասո՛ւ սցենարն ա ուժեղացրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Աղասու սցենարն իմինից թույլ էր, բայց «Եռանկյունին» մեր ֆիլմից ուժեղ ստացվեց», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Հրանտին հարցրեց՝ «թույլ սցենարով հնարավոր ա՞ ուժեղ ֆիլմ նկարել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մալյանն ապացուցեց, որ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ընդհակառակը. ուժեղ սցենարից ա դժվար ուժեղ ֆիլմ նկարել», եւ Սիրավը ժպտալով հարցրեց՝ «բա Մալյանը ո՞նց ա նկարել», եւ Հրանտը հարցրեց՝ «ո՞ր դեպքում», եւ Սիրավը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «քո՛ դեպքում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուժեղը «Եռանկյունին» ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան սցենարի մեջ սուտը շատ լինի, էնքան կինոյի համար՝ լավ», եւ Սիրավը Հրանտին հարցրեց՝ «քո ոչխարների պատմությունը լրիվ ճիշտ է՞ր», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճշմարտացի էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ճիշտն ու ճշմարտացին, փաստորեն, նույն բանն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «համարյա նույն բանն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, ճշմարտացիությունը կինոյի թշնամին ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վաղն էլ ուրիշ բան կասես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց էսօր էս եմ ասում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «ամեն անգամ տարբեր բաներ ես ասում, բայց միշտ էլ շատ համոզիչ ես ասում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ ամեն անգամ ինձ հավատում ես», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ քեզ չես կեղծում. ինչ որ ասում ես, համոզված ես ասում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ի՞նչ շահ ունեմ, որ կեղծեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե շահ ունենայի, երեւի կեղծեի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ուրիշներն ի՞նչ շահ ունեն, որ կեղծում են», եւ Հրանտը հարցրեց՝ «ուրիշներն՝ ո՞վ», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մնացածներս», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իզուր ես քեզ մնացածների շարքում դասում», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ո՞ր շարքում դասեմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չկեղծողների» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Արմենչոյին էլ կարաս էդ չկեղծողների շարք խցկես», եւ Սիրավը ժպտալով Հրանտին ասաց՝ «բա նոր ասում էիր՝ Արմենչոյի էդ պատմածը ծերից ծեր սուտ ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սուտն ու կեղծիքը տարբեր բաներ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սուտն ու կեղծիքն իրար հետ ոչ մի կապ չունեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Արմենչոյի պատմածը ծայրեծայր սուտ էր, բայցեւ՝ ծայրեծայր ճշմարտացի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ ճշմարտացի չլիներ, էդքան չէինք ծիծաղի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «գոնե ե՛ս չէի ծիծաղի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով Հրանտին ասաց՝ «քեզ ծիծաղացնելը շատ զոռ գործ ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ծիծաղելով Սիրավին ասաց՝ «համենայն դեպս՝ ո՛չ քեզ համար», եւ Վերժինեն ժպտալով Սիրավին ասաց՝ «բերանդ չբացած՝ Հրանտի հռհռոցը բռնում ա», եւ Սիրավը ժպտալով ասաց՝ «Արմենչոյի պատմածի վրա էլ ահագին հռհռաց», եւ Վերժինեն ծիծաղելով ինձ ասաց՝ «բայց Հրանտն ամենից շատ քո էն մյուս պատմության վրա ա հռհռացել», եւ Սիրավն ինձ հարցրեց՝ «ի՞նչ մյուս պատմություն», եւ Հրանտն իմ փոխարեն Սիրավին ասաց՝ «Արմենը պատմում ա՝ ոնց են Արիսի ու Իտալացի Գագոյի հետ գնացել Ահնիձոր, բայց շփոթել՝ Ահնիձորի փոխարեն Աթան են մտել», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «դրա ի՞նչն ա ծիծաղելի», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «որ Արմենչոն պատմի՝ կիմանաս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «զակազով չեմ կարա պատմեմ», եւ Սիրավն ինձ ասաց՝ «առանց զակազի պատմի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չեմ կարա», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չես կարա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Հրանտի ու Վերժինեի համար էդ պատմությունը պատմել եմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «չեմ կարա նույն պատմությունը երկրորդ անգամ պատմեմ», եւ Հրանտը ժպտալով ինձ հարցրեց՝ «ուզում ես ասես՝ էդ պատմությունն ընդամենը մի անգամ ե՞ս պատմել», եւ Վերժինեն ասաց՝ «ո՞նց ա մի անգամ պատմել. էդ պատմությունը սաղ քաղաքն արդեն գիտի», եւ ես բացատրելով ասացի՝ «նույն մարդկանց ներկայությամբ նույն պատմությունը երկրորդ անգամ չեմ պատմում», եւ Հրանտը ժպտալով ինձ հարցրեց՝ «բայց, ընդհանուր առմամբ, էդ Ահնիձորի պատմությունը մի հազար տեղ պատմած կլինես, չէ՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «չեմ հաշվել», եւ Վերժինեն ասաց՝ «էդ պատմությունը սաղ քաղաքը գիտի», եւ Սիրավն ինձ հարցրեց՝ «մեջների կյաժը ես ե՞մ», եւ ես ժպտալով ասացի՝ «մեջների կյաժը ես եմ, բայց չեմ կարա նույն պատմությունը նույն մարդկանց ներկայությամբ պատմեմ», եւ Հրանտը ծիծաղելով ինձ ասաց՝ «ես ու Վերժուկը գնանք խոհանոց, դու Սիրավի համար պատմի», եւ Սիրավը նեղացած ինձ ասաց՝ «փաստորեն, էդ պատմությունը սաղ քաղաքը գիտի՝ բացի ինձանից», եւ Հրանտը ժպտալով Սիրավին ասաց՝ «որ շատ խնդրես, ես կպատմեմ», եւ Սիրավն ասաց՝ «շատ եմ խնդրում», եւ Հրանտը համառոտ պատմեց Ահնիձորի ու Աթանի հետ կապված էն պատմությունը, որ ես էս վեպիս շրջանակներում մանրակրկիտ ու երկարբարակ պատմել եմ, եւ երբ Հրանտը պատմեց պրծավ, Սիրավը զարմացած հարցրեց՝ «էդ պատմության ի՞նչն էր հետաքրքիր», եւ Վերժինեն ասաց՝ «Հրանտն անհետաքրքիր պատմեց», եւ Հրանտն ասաց՝ «ես Արմենչոյի պատմելու ձիրքը չունեմ», եւ Վերժինեն Հրանտին ասաց՝ «գյոզալական պատմության հերն անիծեցիր», եւ Հրանտն ասաց՝ «ես ոչ Արմենչոյի պատմելու ձիրքն ունեմ, ոչ էլ՝ Սիրավինը», եւ Սիրավը ժպտալով Հրանտին ասաց՝ «ինչքան էլ լավ պատմենք, մեկ ա՝ դո՛ւ ես բոլոր ժամանակների լավագույն արձակագիրը», եւ Հրանտը ժպտալով ճշտեց՝ «բոլոր ժամանակների մե՛ր լավագույն արձակագիրը», եւ Վերժինեն քամահրանքով Հրանտին ասաց՝ «բոլոր ժամանակների մեր լավագույն արձակագիրն ես, բայց գյոզալական պատմության հերն անիծեցիր», եւ Հրանտն արդարանալով ասաց՝ «որովհետեւ Արմենչոյի ու Սիրավի ձիրքը չունեմ», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ պատմությունն ով էլ պատմեր, անհետաքրքիր կստացվեր», եւ Հրանտը ժպտալով Սիրավին ասաց՝ «քեզ ա թվում» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «էդ պատմությունն Արմենչոյի կատարմամբ պիտի լսես», եւ Սիրավը թարս նայեց ինձ ու նեղացած ասաց՝ «որ չի պատմում, կարող ա՞ ծնկաչոք աղաչեմ», եւ ես արդարանալով ասացի՝ «Հրանտից հետո որ պատմեմ, անհետաքրքիր կըլնի», եւ Հրանտն ինձ ասաց՝ «կեղծ համեստություն ես անում», եւ Սիրավն ասաց՝ «էդ պատմությունը ոնց էլ պատմես, անհետաքրքիր կստացվի», եւ Հրանտը ժպտալով Սիրավին ասաց՝ «Արմենչոյին թասիբի ե՞ս գցում», եւ Սիրավը նեղացած ասաց՝ «կարող ա՞ ծնկաչոք աղաչեմ», եւ Հրանտը Սիրավին ասաց՝ «Վերժուկը ճիշտ ա ասում. ես էդ պատմությունը լրիվ փչացրի» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «էդ պատմությունն Արմենչոյի կատարմամբ պիտի լսես. ուղղակի չտեսնված ա կատարում», եւ Վերժինեն ասաց՝ «որովհետեւ Արմենն ականատես ա. էդ ամեն ինչն իրա աչքի առաջ ա տեղի ունեցել», եւ Հրանտը ժպտալով Վերժինեին ասաց՝ «քեզ ա թվում թե՝ տեղի ա ունեցել. հրեն՝ Գագոն էլ ա ասում, որ էդ պատմությունը ծայրեծայր Արմենչոն ա բստրել», եւ Սիրավը հարցրեց՝ «ո՞ր Գագոն ա ասում», եւ Հրանտը պատասխանեց ու ասաց՝ «իտալացի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «որ իտալացի ա, ո՞նց ա անունը Գագո», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Արմենին հարցրու. իրա քավորն ա», եւ Սիրավն ինձ հարցրեց՝ «իտալացի ա՞», եւ ես ժպտալով Սիրավին ասացի՝ «Գագոյին ճանաչում ես», եւ Սիրավը հարցրեց՝ «ո՞ր Գագոն ա», եւ ես ասացի՝ «որ իրար հետ իտալական պոեզիա ենք թարգմանել», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ էլ թարգմանել եք» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «Արիսի ընկեր Գագո՞ն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «Գագոն իտալացի ա՞», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Սիրավը Հրանտին հարցրեց՝ «բա ինչի՞ եք իտալացի ասում», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ իտալացիներից լավ իտալերեն գիտի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իտալացու էլ նման ա», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «համ լավ իտալերեն գիտի, համ էլ իտալացու նման ա. էլ ո՞նց իտալացի չասենք», եւ Վերժինեն ժպտալով Սիրավին ասաց՝ «քեզ էլ կարանք իտալացի Հենրիկ ասենք», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «ինչի՞», եւ Վերժինեն ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ իտալացիներից լավ ես երգում», եւ Հրանտը ժպտալով ավելացրեց՝ «իտալացիներից լավ ես իտալական արիաներ կատարում, Էնրի՛կո», եւ Վերժինեն ծիծաղելով ավելացրեց՝ «Կարուզո», եւ Հրանտը ծիծաղելով ավելացրեց՝ «Հենրիկո Կարուզո», եւ Սիրավը հիացմունքով Հրանտին ու Վերժինեին նայելով ասաց՝ «շա՜տ ուժեղ դուետ եք» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որ ուզենաք, դուք էլ իտալացիներից պակաս չեք երգի»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930