Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ «Մակբեթ»

Նոյեմբեր 12,2011 14:11

Արկադի Մանուկյանի ներկայացման պրեմիերան

«Գոյ» փորձարարական թատրոնում վերջերս կայացավ ռեժիսոր Արկադի Մանուկյանի բեմադրած «Մակբեթ» ներկայացման պրեմիերան: Բեմադրությունը՝ Էժեն Իոնեսկոյի պիեսի հիման վրա: Ներկայացման գաղափարը իշխանության տենչն է: Թեեւ այստեղ պահպանված է շեքսպիրյան «Մակբեթի» սյուժետային գիծը, սակայն այն կապ չունի դասական «Մակբեթի» հետ: Ռեժիսորը փորձել է դերասան-հանդիսատես տարածությունը կոտրելով՝ անմիջականություն ստեղծել: Ներկայացումը աբսուրդի ժանրում է, արծարծվում է այն գաղափարը, թե մարդը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ ծառայում է որոշակի նպատակների եւ ոչնչանում է, երբ սկսում է իշխել:

Ռեժիսորի հավաստմամբ՝ աբսուրդի թատրոնը մտածելու, խորհելու առիթ է տալիս. «Երկար տարիներ թատրոնով չեմ զբաղվում, տարված եմ եղել կինոյի աշխարհով: Արմեն Մազմանյանի առաջարկով որոշեցի սկսել բեմադրության աշխատանքները: Չգիտեի, որ Իոնեսկոն «Մակբեթ» է գրել, բայց կարդալուց հետո շատ հավանեցի»:

Ներկայացման մեջ ներգրավված են երիտասարդ դերասաններ Արսեն Չաչոյանը, Սամվել Թոփալյանը, Դավիթ Աֆրիկյանը, Գայանե Բալյանը, Աննա Հարությունյանը, Անուշ Գեւորգյանը եւ այլք: Զգեստներով զբաղվել է Հեղինե Տիտանյանը, ռեժիսորի օգնականը Սարգիս Արզումանյանն է, իսկ լուսային ձեւավորումը կատարել է Տիգրան Մուսախանյանը:

«Գոյ» թատրոնի դերասաններից Սամվել Թոփալյանն առաջին անգամ է աշխատել Արկադի Մանուկյանի հետ: Նա նշում է, որ մյուս «Մակբեթ»-ներից դիտել է Վահան Բադալյանի բեմադրությունը, որը հավանել է, իսկ «Գոյի» ներկայացումը ձեռագրով բոլորովին ուրիշ է. «Ներկայացման մեջ խնդիրներն ուրիշ հարթության վրա են, բայց դրանք կոնկրետ առնչվում են մարդկանց հետ. սովորական կենցաղային հարաբերություններ են, օրինակ՝ Դունկանն ասում է, որ սպանել է, թալանել է մարդկանց, բայց Մակբեթին մի բանում հաղթել է. Մակբեթը չի կարողացել իր կնոջը տիրանալ: Մեր կյանքն է ներկայացված, այս ամենի մեջ վեհ գաղափարներ չեմ տեսնում: Հանդիսատեսը եթե ոչ գիտակցաբար, գոնե ենթագիտակցորեն կհասկանա»: Հինգ վհուկից մեկը նույն թատրոնի դերասանուհի Գայանե Բալյանն է, ում խոսքով՝ փորձերի ժամանակ իրենց էներգիայով ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որ կարողանան բոլոր շարժումները բեմադրել. «Դերասաններից մի քանիսը սա խաղացել է ավարտական քննությանը, մենք ներմուծվեցինք, շատ բաներ փոխվեցին»:

ԱՆԺԵԼԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930