Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի արվեստի քարոզիչը

Նոյեմբեր 12,2011 14:05

Ճանաչված մոսկվաբնակ դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանը մենահամերգ կունենա Հայաստանում:

Մինչ արվեստագետի հետ ծանոթանալը, ընդամենը ներկայացնելով նրա ուսուցչին, ուրվագծվում է ստեղծագործողի դիմանկարը: Խորհրդային տարիներին հիմնականում Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում ուսանած հայ երաժիշտներից շատերի բախտը մանկավարժների հարցում բերել է, ինչպես, օրինակ, դաշնակահարուհի, Ռուսաստանի եւ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Մարիա Ղամբարյանինը: Վերջինս Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում Կոնստանտին Իգումնովի, ապա ասպիրանտուրայում՝ Լեւ Օբորինի եւ Հենրիխ Նեյհաուզի ղեկավարությամբ է ուսանել:

Մարիա Ղամբարյանը այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա մենահամերգով: «Առավոտի» հարցին, թե ո՞ր թվականից է հաշվվում իր բեմական գործունեության սկիզբը, Մ. Ղամբարյանը հայտնեց, որ 1951թ. ավարտելով ասպիրանտուրան եւ պատահաբար թերթից տեղեկանալով Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի կողմից տրված հայտարարությանը, թե «որոնվում» է բարձրարվեստ դաշնակահարուհի, անդամագրվում է կոլեկտիվին: Խոսելով այդ մասին, նա հանկարծակիի եկավ, ասելով. «Ստացվում է, որ 60 տարի բեմում եմ»: Հավելելով, որ թեեւ երեւանյան մենահամերգը այդ առիթով չէ, սակայն ուրախ է, որ հենց հայրենիքում է, փաստորեն, կայանալու ստեղծագործական հոբելյանը:

Դաշնակահարուհին պատմեց ԽՍՀՄ-ում եւ արտերկրում կայացած իր «անթիվ-անհամար» համերգների մասին: Պրոֆեսորը սիրով խոսեց շուրջ 50 տարի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի իր դասարանն ավարտած սաների հաջողությունների մասին:

Հետաքրքրությանը, թե ժամանակին՝ երբ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի մենակատար էր, եւ այդ քաղաքում էր կենտրոնացած արվեստի ու մշակույթի, մասնավորաբար՝ երաժշտարվեստի սերուցքը, ինչո՞ւ վերադարձավ Մոսկվա, Մ. Ղամբարյանն ասաց, որ իր մանկական ու պատանեկան հիշողությունները կապված են հենց Մոսկվայի հետ եւ, ի վերջո, այստեղ են իր բարեկամները, շրջապատը. «Դաշնամուրային դպրոցս մոսկովյանն է, այն էլ համաշխարհային մեծության մանկավարժների ղեկավարությամբ»:

Հարցին, թե բացի հյուրախաղերից, չի՞ ցանկացել Երեւանի կոնսերվատորիայում անցկացնել վարպետության դասեր, դաշնակահարուհին պատասխանեց. «Բարեկամիցս՝ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Սարգսյանից մշտապես հետաքրքրվել եմ հայ դաշնակահարներով, նրանց ձեռքբերումներով, փոխադարձ դասալսումների ենք եղել, միմյանց հետ փորձ փոխանակել, խորհուրդներ տվել»:

Երբ ոչ հայաստանյան մամուլն անդրադառնում է Կոմիտասին՝ իբրեւ նրա պրոպագանդիստ, առաջիններից հիշատակվում է Մարիա Ղամբարյանի անունը: Հետաքրքրվեցինք, թե հայաստանյան հյուրախաղերի ժամանակ ինչո՞ւ նրա ծրագրում մշտապես տեղ չեն գտնում հայ հեղինակների գործերը: Դաշնակահարուհին պատասխանեց. «Բացի Կոմիտասից, իմ նվագացանկում են Էդվարդ Միրզոյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Տիգրան Մանսուրյանի մանրանվագները: Այս այցիս ներկայանում եմ Պրոկոֆեւի եւ Շումանի ստեղծագործություններով: Առանց մանրամասնելու ուզում եմ խորհուրդ տալ կրտսեր կոլեգաներիս, որ անպայման աչքի անցկացնեն Պրոկոֆեւի օրագիրը՝ երկու հատորով: Իսկ թե ինչո՞ւ՝ կհասկանան ընթերցելուց հետո: Նշեմ, որ Պրոկոֆեւի երաժշտության հիմնականում բուռն համայնապատկերում ինձ գերում են լիրիկական հատվածները»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930