Իսկ շուրջը սննդի եւ ծաղկի աշխույժ առեւտուր է գնում
Նշանավոր գրող, դրամատուրգ եւ հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան առաջին անգամ այցելողները հաստատ սկզբում կմոլորվեն, ապա մի կերպ թանգարանի տեղը գտնելուց հետո խոր հիասթափություն կապրեն: Աբովյան 29 հասցեում գտնվող թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին, գրողն այստեղ ապրել է 1929-1956 թվականներին, եւ նրա մտքով չի էլ անցել, թե հետագայում իր պատուհանի տակ մեկ տասնյակի չափ աղբամաններ կամ առեւտրի կրպակներ «կբուսնեն»:
Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանն «Առավոտի» հետ զրույցում նեղսրտեց. «Դեմիրճյանի պատուհանի տակ տեղադրված կենցաղային աղբի համար նախատեսված 7-8 արկղերը միշտ լիքն են, իսկ եթե նույնիսկ դատարկ են, էլի անհեթեթ է, որ գրողի պատուհանի տակ, տուն-թանգարանի դիմաց կարող են աղբամաններ լինել»: Թանգարանը եւ շրջակա շենքերի բնակիչները քանիցս նամակներ են հղել հնարավոր բոլոր ատյաններին, առաջարկել աղբամանները տեղափոխել հարեւան շենքերից մեկի բակ, բայց՝ ապարդյուն: Տիկին Ռաֆայելյանը նշում է, որ կենտրոնական մյուս փողոցներում (Կիեւյան, Բաղրամյան, Գրիգոր Լուսավորչի, Կորյունի եւ այլն) աղբամանները մայթեզրին են դրված, բայց երբ ինքն առաջարկում է իրենց թանգարանի «քթի տակ» եղածների հետ եւս նման կերպ վարվել, հարցը մնում է առկախ: «Ամեն անգամ, երբ որեւէ հրապարակում է լինում մամուլում, կամ հենց նամակով դիմում ենք քաղաքապետարանին եւ թաղապետարանին, ասում են՝ հարցը ընթացքի մեջ է: Արդեն 17 տարի աշխատում եմ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում որպես վարիչ, կարող եմ փաստել, որ այդ աղբամանները շարունակում եմ մնալ նույն տեղում: Երբ հյուրեր ենք ունենում, չգիտես մեր որ մեղքի համար միշտ ամոթով ենք մնում այդ մարդկանց առաջ»,- ասում է տիկին Ռաֆայելյանը: Նշենք, որ ժամանակին բազալտե հուշասյուն է կանգնեցվել, որը նաեւ ուղեցույց է, ի տարբերություն հարեւան շենքերի, փոքր-ինչ խորք ընկած թանգարանի շենքը գտնելու համար: «Հուշասյունը հենց մայթեզրին է, այն գծի վրա, որտեղ հարեւան շենքերն են: Այսինքն, երբ դու մարդկանց բացատրում ես տեղը, ասում՝ Աբովյան 29, իրենք շենքը չեն տեսնում, բայց նկատում են հուշասյունը, որի վրա գրված է. «Այս տանը ապրել է սովետահայ գրող Դերենիկ Դեմիրճյանը»: Հուշասյան դիմաց՝ 20 մետր խորք գնալով, տեսնում են տուն-թանգարանի մուտքը»,- նշում է մեր զրուցակիցը: Տիկին Ռաֆայելյանը ասում է, որ 1994 թվականից այդ հուշասյան դիմաց սկսեցին տեղադրել առեւտրի եւ սննդի կետեր, դրանցից մեկն էլ վերաճեց սրճարանի: Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ կրպակների դեմ պայքարի արդյունքում կրպակներից մեկը հանվեց, սակայն՝ ամենափոքրը, իսկ մյուսը շարունակեց բարգավաճել:
Կ. Ռաֆայելյանը պատմում է, որ թանգարանն ու կրպակատերը՝ «Աշոտ-Տարոն» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մկրտչյանը համաձայնության էին եկել, որ վերջինս հուշասյունը կտեղափոխի մայթի կենտրոն, որտեղ այսպես թե այնպես հսկա ծառեր են աճել, կբարեկարգի ու կլուսավորի տարածքը, հուշատախտակ կտեղադրի: Նույնիսկ համատեղ դիմում գրեցին Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ու Արմեն Մկրտչյանը՝ քաղաքապետարանին ուղղված: Ինչո՞ւ Կարո Վարդանյանը, որովհետեւ թանգարանը Գրականության եւ արվեստի ինստիտուտի մասնաճյուղն է: Կ. Ռաֆայելյանն ասում է, որ կրպակատերը սկզբում համաձայնել է, բայց երբ թանգարանը դադարեցրել է բողոքել, հանված կրպակի տեղում ծաղկի վաճառքի նոր կրպակ է տեղադրել: Փաստորեն, հարցը ոչ միայն չի լուծվել, դեռ մի բան էլ խճճվել է: Ընդ որում, ինչպես Կ. Ռաֆայելյանն է հայտնում, կրպակատերը ամենուր հայտարարում է, թե ինքը թանգարանի հետ խնդիր չունի, ամեն ինչում համաձայնության են եկել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. «Աշոտ-Տարոն» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մկրտչյանի հետ հնարավոր չեղավ կապվել, բայց պատրաստ ենք տպագրել նաեւ նրա մեկնաբանությունները խնդրի առնչությամբ:
Լուսանկարները Գ. Շամշյանի եւ Կ. Ռաֆայելյանի
«Առավոտ» օրաթերթ