Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս մի մուրազն էլ փորում մնաց

Նոյեմբեր 12,2011 13:59

Սիսիանի փողոցները ասֆալտապատելու, մեկ կիսանդրի տեղադրելու հարցերում չհաջողած քաղաքապետը խոստանում է քաղաքում տեղադրել երեք արձան:

Սիսիանի քարուքանդ փողոցները

ցամաքած աղբյուրները

քաղաքապետը

Անցած տարվա նոյեմբերից «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի խմելու ջրի ցանցի նորոգման եւ փողոցների քանդված վիճակին, այս երկու խնդիրների փոխկապակցվածությանը: Թեման մեր թերթի էջերում է եղել նաեւ այս տարի: Մայիսի 20՝ «Անջուր, անասֆալտ, անհույս»՝ յոթ լուսանկար, :

Սեպտեմբերի 10՝ «Սիսիանն այսօր»՝ 9 լուսանկար:

Սեպտեմբերի 17՝ «Մեղավորը քաղաքապետարա՞նն է»:

Հիշեցնենք խնդրի էությունը: Երբեմնի ջրառատ Սիսիանում ոչ միայն այգիները, այլեւ պատերազմում զոհված սիսիանցիների հիշատակին կառուցված աղբյուրները տեղ-տեղ ցամաքել են, տեղ-տեղ անտեղի ջուր է հոսում, գնում-կորչում, քաղաքի փողոցները քարուքանդ էին՝ ջրամատակարարման ցանցը փոխելու համար, սակայն աշխատանքները համառորեն չեն ավարտվում, ոռոգման ջրի բացակայության պայմաններում շատ սիսիանցիներ այս տարի հրաժարվել են իրենց այգիները մշակել:

Ամեն անգամ այս թեմայով մեր հրապարակումներից հետո ստանում էինք «Հայջրմուղկոյուղի» ընկերության հարավային մասնաճյուղի արձագանքը, մասնաճյուղի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մհեր Եղիազարյանի արձագանքը, ինչը գովելի է: Սիսիանի քաղաքապետարանը լռում էր եւ է, ինչը գովելի չէ: Մհեր Եղիազարյանի վերջին պատասխանը՝ «Մեղավորը քաղաքապետարա՞նն է», փաստում էր, որ «Սիսիան քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի վերակառուցումը խիստ անհրաժեշտություն էր դարձել, եւ որի կարեւորությունը գնահատելով՝ նաեւ Սիսիանի քաղաքապետը պայմանագիրը ստորագրելիս հաշվի չէր առել կամ չէր կարեւորել փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ըստ նույն պայմանագրի, նախատեսված էր ընդամենը 400 քմ ասֆալտապատում, սակայն աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների ժամանակ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը տեղում ծանոթանալով իրավիճակին, հավելյալ տրամադրեց 38 միլիոն դրամ՝ շուրջ 4100 քառակուսի մետր, ասֆալտային աշխատանքներ կատարելու համար»:

Այլ խոսքով, քաղաքապետի սխալ հաշվարկի արդյունքում չի իրականացել նրա իսկ մուրազը՝ ունենալ ասֆալտապատ Սիսիան:

Սա, սակայն, չի ընկճել քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին: Դեռ 2009-ին նա մտադրվել է Սիսիանում տեղադրել արցախյան պատերազմի մասնակից Վուրգ Ոսկանյանի կիսանդրին, բայց առայսօր չի հաջողել: Անհաջողությունն էլ մարզի լրատվամիջոցներից մեկին այսպես է բացատրել. «Արձանը պետք է որ արդեն տեղադրված լիներ: Մի խումբ մարդիկ խոստացել էին իրականացնել ծրագիրը, սակայն այս ընթացքում եղան եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ: Ստացվեց այնպես, որ հրամանատարի արձանը ծրագրված ժամկետում չկարողացանք տեղադրել: Պատճառը միայն ու միայն ֆինանսական միջոցների բացակայությունն է: Գործարար սիսիանցիների մասին պետք է ասել, որ սպասելիքներս հանգանակությունների առումով չեն արդարացել: Առայսօր Սիսիանից դուրս բնակվող մեր հայրենակիցներից օժանդակություն չենք ստացել՝ բացառությամբ չորս հոգու»:

Ամենաքիչը երկու չկատարած խոստում ունեցող քաղաքապետը ուզում է Սիսիանում մարզադահլիճ ունենալ, կանգնեցնել Սիսակ Նահապետի, Վասակ Սյունու, Հովհան Որոտնեցու արձանները եւ այլն, եւ այլն:

Ի դեպ, եկող տարի աշնանը Սիսիանում քաղաքապետ են ընտրելու:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930