Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի էլ՝ փայտի հույսին

Նոյեմբեր 12,2011 13:53

Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղում ամեն տարի գազիֆիկացմանն են սպասում

Ամեն տարի, ձմռան սեզոնին ընդառաջ, Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի գյուղերը ջեռուցման լուրջ խնդրի առաջ են կանգնում: Հատկապես մտահոգվում են այն գյուղերը, որոնք գազիֆիկացված չեն եւ ջեռուցվում են վառելափայտով: Նման գյուղերից է նաեւ Նորաշենիկը, որտեղ ամռանը ջրի կռիվ է լինում, իսկ ձմռանը՝ վառելափայտի: 52 տնտեսություն ունեցող այս գյուղում եղանակները ցրտելուն պես՝ բնակչությանը սկսում է լուրջ մտահոգել վառելափայտ ձեռք բերելու դժվարին խնդիրը: Ինչպես բնակիչներն են ասում՝ մնացել են շվարած-կանգնած: Ոչ գյուղը գազիֆիկացնում են, ոչ էլ թողնում են հարակից անտառներից օգտվել: Փայտ են կտրում՝ անտառապահի ձեռքն են կրակ ընկնում, չեն կտրում՝ ամբողջ ձմեռ սառչում են, իսկ ով հնարավորություն ունի՝ վառելափայտ է առնում՝ այն էլ թանկ գներով: Ճիշտ է, ՀՀ կառավարությունը նոյեմբերի 3-ին որոշեց, որ Հայաստանի անտառամերձ բնակավայրերի ընտանիքները սեփական կարիքների համար անտառից կարող են անվճար հավաքել մինչեւ 8 խմ թափուկ վառելափայտ, բայց խնդիրը հատկապես սուր է միայնակ ապրող տարեց տատիկ-պապիկների համար: «Բալա ջան, գյուղի առաջնահերթ խնդիրը գազն ա, գազի մագիստրալը մեր գյուղով ա անցնում, բայց մենք գազ չունենք, ամեն տարի ասում են, որ գազ են տալու, բայց քանի տարի է՝ նույն խոստումներն ենք լսում: Ավելի լավ ա գազին փող տաս, նորմալ տաքանաս, քան թե փայտ հայթայթես՝ գան տուգանեն: Փայտը թանկ ա նստում մեզ վրա, ձեռք չի տալիս, անտառից մի ծառ ա կտրում գյուղացին՝ անտառապահը մեծ ակտ գրած՝ գալիս ա տուն»,- ասում է Նորաշենիկի մշտական բնակիչ Մարուսյա տատիկը, ով ամեն տարի ձմռանը հազար ու մի դժվարությունների է բախվում տունը տաքացնելու միջոցներ գտնելիս:

Արդեն մեկ տարի գյուղ հարս եկած Աննա Ավանեսյանի համար էլ ամենահարմար ջեռուցման տարբերակը գյուղը գազիֆիկացնելն է: Մաքուր է, ծուխ չի անում, տունը չի կեղտոտվում, ավելորդ դժվարություններ չի ստեղծում, այսուայն տեղերից վառելափայտ ձեռք բերելիս ավելորդ ծախսեր ու հոգսեր չի առաջացնում: Այլ առավելություններ էլ կան: Նորաշենիկի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Արայիկ Աղամիրյանի խոսքով, գյուղի գազիֆիկացման խնդիրը մշտապես բարձրացվել է, բայց այդպես էլ լուծում չի ստացել: Գյուղի բնակչությունը քիչ է, եւ սպասարկող կազմակերպությանը ձեռնտու չէ գազիֆիկացնել համայնքը:

Այս տարի թանկացել է վառելափայտի արժեքը, ինչն էլ ավելի է դժվար իրավիճակի մեջ դրել գյուղացիներին: Կապանի անտառտնտեսության պետ Վոլոդյա Միրզոյանի խոսքով, կանգուն ծառի 1խմ փայտի արժեքը նախորդ տարվա 4345 հազար դրամի փոխարեն դարձել է 6345 դրամ: Փայտի թանկացումը պայմանավորված է վառելիքի եւ այլ ծախսերի թանկացմամբ: Ստացվում է այնպես, որ գյուղացին, ով իր տունը տաքացնելու համար ձմռան սեզոնին առնվազն օգտագործում է 10-15 խմ վառելափայտ, պետք է վճարի 65-100 հազար: Սա՝ թերեւս լավագույն դեպքում, երբ գյուղացին ի վիճակի կլինի ինքնուրույն ծառը հատել եւ տեղափոխել իր տուն, հակառակ դեպքում՝ վառելափայտը պատրաստի ձեռք բերելու դեպքում 1խմ-ի համար պետք է վճարի 10-11 հազար դրամ: Կամ՝ իր պահանջարկի մի մասը լրացնի թափուկ հավաքելով, մնացածը գնի: Բայց թափուկը տուն հասցնելն էլ գյուղացու հոգսն է, իսկ սա եւս ծախս է ենթադրում:

«Այս տարվա համար նախատեսված է 2000 խմ պլանավորված հատում: Նախապես որոշվել են հատատեղերը, իսկ բնակիչների հետ կնքվել են պայմանագրեր, եւ նրանք պայմանագրով արդեն ձեռք են բերում վառելափայտը: Իրացման աշխատանքներն ընթացքի մեջ են եւ գրեթե ավարտվում են, մոտ 10-15 տոկոս է մնում ավարտելու համար: Հատատեղեր են ընտրված տարբեր գյուղական վայրերի անտառտարածքներում՝ Առաջաձոր, Նորաշենիկ, Բեխ, Վաչագան, Սյունիք գյուղերի մոտ», -տեղեկացնում է անտառտնտեսության պետը:

Այս տարի ապօրինի անտառհատման 6 դեպք է արձանագրվել Կապանի տարածաշրջանում: Զրուցակցիս խոսքով, ապօրինի ծառահատումների նվազեցումը նախորդ տարիների համեմատ պայմանավորված է իրենց կողմից գյուղերում իրականացվող բացատրական աշխատանքներով ու օրենքի խստությանը ծանոթացնելով:

115 բնակիչ ունեցող Նորաշենիկում այս տարի էլ ինչ-ինչ դժվարություններով փայտ ձեռք կբերեն ու տները կտաքացնեն վառելափայտով՝ երդիկներից գյուղին հարազատ ծխի քուլաներ դուրս թողնելով: Գյուղում, ինչպես մարզի շատ համայնքներում, արտագաղթ է նկատվում՝ առավելապես աշխատանքի բացակայության պատճառով: Գյուղատնտեսության հիմնական ճյուղն անասնապահությունն ու դաշտավարությունն է: Քաղաքին մոտ գտնվելու շնորհիվ (Կապանից մոտ 18 կմ է հեռու Նորաշենիկը) ոմանք էլ աշխատանքի են գնում-գալիս Կապանի կոմբինատ:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930