Նախագահական ապարատը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում իրականացվող գործընթացները: Ի դեպ` այնտեղ բարեփոխումների առողջացման ինչ-որ ծրագիր է իրականացվում, որի նպատակը համալսարանը ազատելն է միլիոնավոր դոլարների հասնող պարտքերից: Ի դեպ` այդ պարտքերը գոյացել են նախկին ռեկտորի` գործարար Սամվել Մայրապետյանի տիկնոջ` Գոհար Քյալյանի պաշտոնավարման 5 տարվա ընթացքում:
«ՉԻ» տեղեկություններով` համալսարանը հայաստանյան տարբեր բանկերի պարտք է մոտ 3 միլիոն դոլար` չհաշված այդ գումարի վրա եկած տույժն ու տուգանքները: Մինչև համալսարանը չփակի իր պարտքերը` բուհի բալանսում գտնվող բուժհաստատությունների աշխատակիցները` բժիշկները, չեն կարողանա ստանալ նորմալ աշխատավարձ: Հենց այս է պատճառը, որ բժիշկների վրա վերջերս «նալոգ» է դրվել. ստացվում է, որ Քյալյանի կերած միլիոնավոր դոլարները հիմա շարքային աշխատակիցների քթից են հանում՝ ե՛ւ աշխատավարձը չեն բարձրացնում, ե՛ւ մեխանիզմ են մտածում՝ ինչպես անել, որ բժիշկները իրենց ստացած «լեւի» եկամուտներն էլ վճարեն համալսարանի ընդհանուր բյուջեին:
«ՉԻ» խմբագրություն սկսեցին գալ մարդիկ և պատմել, թե ինչպես են անցնում բժշկականում ժողովները և թե որքան գումար է ամսական իրենցից ուզում համալսարանի ղեկավարությունը: Եթե Քյալյանի օրոք այդ գները տատանվում էին 80-150 հազար դրամի շրջանակներում, հիմա խոսք է գնում 300-600 հազար դրամի հասնող «նալոգների» մասին: Բայց «նալոգների» բարձրացումը միակ «բարեփոխումը» չէ:
Թերթի տեղեկություններով, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը, որը մինչեւ ռեկտոր նշանակվելը ղեկավարում էր Առողջապահության ինստիտուտը, սկսել է «բարեփոխումներ» իրականացնել իր նախկին աշխատավայրում եւ շարունակում է «շեֆի» դիրքերից միջամտել Առողջապահության ինստիտուտի աշխատանքներին, ուր նա ղեկավարում էր մինչև բժշկական համալսարանի ռեկտոր նշանակվելը: Դումանյանին հանձնարարական են տվել կրճատումներ իրականացնել և մոտ 40 աշխատակցի տուն ուղարկել: Վերջինս էլ վերցրել ու «կրճատել է տվել» Առողջապահության ինստիտուտի աշխատակիցներին: Ամենաուշագրավն այն է, որ կրճատվել են հիմնականում երիտասարդներ. Հունվարի 1-ից նրանց հետ կնքված պայմանագրերն այլեւս չեն թարմացվի: Նրանք կհամալրեն գործազուրկների շարքերը Սակայն, թերթի մեկնաբանությամբ, ինստիտուտում մեծ թիվ են կազմում թոշակառուները, որոնք գրեթե ի վիճակի չեն աշխատել:
Կարդացեք նաև
Քյալյանը բժշկական համալսարանը հասցրեց անդունդի եզրին, թվում էր, թե նրանից հետո ով էլ գար` լավ կլիներ այս համալսարանի և դրա բալանսում գտնվող բուժհաստատությունների համար: Այդպես չեղավ, որովհետև Դերենիկ Դումանյանը, ըստ էության, շարունակում է այն կուրսը, որը սկիզբ էր առել Քյալյանի պաշտոնավարման տարիներին: Ի դեպ` նախագահական ապարատում ևս այս ամենը շատ լավ տեսնում և հասկանում են, ավելին` որոշներն անգամ բարձրաձայն դժգոհություն են հայտնում Դումանյանից` խոստովանելով, որ սխալվել են նրա ընտրության հարցում:
«Չորրորդ ինքնիշխանություն»
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ