Այսօրվա «Ժամադրության» մեր հերոսը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է: «Առավոտ երիտասարդականը» նրա հետ նախօրոք պայմանավորվածություն չէր ունեցել, քաղաքական գործչին մոտեցել էր նրա ասուլիսի ավարտից հետո եւ մի քանի հետաքրքրող հարցեր ուղղել:
Արամ Կարապետյանն ուրախ է, որ փողոցային կրթությունն ստացել է Արեշում: «Առավոտ երիտասարդականին» պատմում է՝ հենց այնտեղ էլ ծնվել է: Ասում է՝ տնային դաստիարակությունը եղել է շատ խիստ ու շատ ուսանելի: «Լավ եմ սովորել և գրեթե ամբողջ ընթացքում եղել գերազանցիկ: Ունեմ շատ մեծ քանակությամբ դիպլոմներ, տարբեր կոչումներ և գիտական աստիճաններ»,- պատմում է Արամ Կարապետյանը: Հիշում է՝ դասարանում ամենափոքրը, նաև՝ ամենաչարաճճին ինքն է եղել. պատմեց, որ մի անգամ` ապրիլի 24-ին, իր իսկ նախաձեռնությամբ ամբողջ դասարանով փախչել են դասից:
Արամ Կարապետյանը միշտ ունեցել է երկու նախասիրություն` կարդալ և մասնակցել փողոցային բոլոր խաղերին: Ըստ նրա, իր երիտասարդ տարիներին ինքը և իր հասակակիցները չունեին այն խնդիրները, որն ունի այսօրվա երիտասարդությունը` սոցիալական այսպսիսի վատ վիճակ, մարդկային վատ փոխահարաբերությունները:
Խորհրդային միության ժամանակ իրեն պատկերացրել է գիտնական և , ըստ նրա, եղել գիությունների ամենաերիտասարդ թեկնածուն: Միության փլուզումից հետո էլ նա սկսել է զբաղվել քաղաքականությամբ:
Այսօրվա երիտասարդության մասին էլ ասում է. «Բոլորը իհարկե, քաղաքականացված չեն, այլ փորձում են քաղաքականացված երևալ, և սա անում են որպեսզի որոշակի հնարավորություններ ունենան ինչ-որ տեղեր զբաղեցնելու համար»:
Արամ Արարատյան