Լրահոս
Օրվա լրահոսը

Սնդիկ՝ «ջերմաչափի արտադրության» համար

Նոյեմբեր 12,2011 13:42

Դատարանում գտնվող սնդիկը որոշվեց ոչնչացնել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Մանուկյանի նախագահությամբ, ավարտվել է Ազիզ Դավիթի Ազիզյանի եւ Միքայել Արտուշի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Հոկտեմբերի 13-ից գործը գտնվում է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում: Բողոք բերած ամբաստանյալները խնդրում են գործը բեկանել:

2010թ. նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, փոխգնդապետ Գ. Վարդանյանը հարուցել էր քրեական գործ՝ Հովհաննես Ռուբիկի Հասրաթյանի կողմից իրացնելու նպատակով 34. 5 կգ ընդհանուր քաշով, ապօրինի թունավոր նյութ/մետաղական սնդիկ/ ձեռք բերելու, պահելու դեպքով ՀՀ քրօրի 275 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս տարվա փետրվարի 16-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Կ. Թորոսյանը որոշում է կայացրել քրեական գործի նյութերով նոր գործ հարուցելու եւ առանձին վարույթում առանձնացնելու մասին եւ սույն քրեական գործի նյութերով 2010թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Ազիզ Ազիզյանի, Միքայել Վարդանյանի, Վաղարշակ Թորոսյանի, Սամվել Վարդանյանի եւ Վաչագան Սարգսյանի կողմից թունավոր նյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի առթիվ ՀՀ քրօրի 275 հոդվածի 1-ին մասով հարուցել է նոր գործ: Առանձին վարույթին կցվել էր քրեական գործի բոլոր նյութերը:

Փետրվարի 17-ին Ազիզ Ազիզյանի, Միքայել Վարդանյանի եւ մյուսների՝ 2010թ. մարտ-ապրիլի ընթացքում Գյումրիի՝ 89 գրամ ընդհանուր քաշով մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն իրականացնելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:

Այնուհետեւ՝ քրեական գործն ընդունվել է Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Դարբինյանի վարույթ:

Նախաքննության եւ դատաքննության ժամանակ վկաներից Վաղարշակ Թորոսյանը հայտնել էր, որ Միքայել Վարդանյանը հետաքրքրվել է իրենից, թե արդյոք սնդիկ ունեցողի տեղ գիտի՝ պատճառաբանելով, որ այն իրեն անհրաժեշտ է ջերմաչափի արտադրության համար: Վկան էլ հանուն ջերմաչափի արտադրության, իր հարեւանից էր հետաքրքրվել: Երեւանից իր տուն էին եկել Միքայելը, Ազիզը, Սամվելը եւ Վաչագանը:

Վկան հայտնել էր, որ մինչ ինքը կգնար իր տան նկուղ՝ օղի բերելու, Վաչագանը սնդիկը բերել է, իսկ Միքայելն էլ ներարկիչով նմուշ է վերցրել՝ Երեւանում ստուգելու նպատակով: Ըստ գործի նյութերի, Միքայելն ասել է, որ եթե ստուգմամբ պարզվի, որ բարձր որակի սնդիկ է, կգան՝ կտանեն:

Վկա Սամվել Վարդանյանն էլ հայտնել էր, որ տեղյակ լինելով, որ իր հորաքրոջ որդին՝ Վաչագանը, տանը սնդիկ ունի, այդ մասին հայտնել է վերջինիս: Նախորդ վկայի տանը Վաչագանն իր հետ բերել է ապակյա սրվակի մեջ լցված, սրվակի հատակից 1, 5 սմ բարձրությամբ սնդիկ: Սնդիկի վաճառքի գնի վերաբերյալ խոսակցություն չի եղել: Միքայելը եւ Ազիզը մանրամասն զննել են սրվակը, եւ Ազիզը ներարկիչով սնդիկի սրվակից 2-3 մլ նմուշ է վերցրել ստուգելու նպատակով: Վկան Միքայելից եւ Ազիզից հետաքրքրվել էր, թե ինչ նպատակով են սնդիկը ձեռք բերում, վերջիններս էլ պատասխանել էին, թե՝ «ջերմաչափի արտադրության» համար է:

2010թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների պահանջով Վարդանյանենց բնակարանում խուզարկություն է եղել: Վարդանյանի կինը բնակարանում ներկայացրել է «Վալերիանկա» դեղահաբերի համար նախատեսված ապակյա տարա, որի մեջ լցված էր 2-3 մգ արծաթագույն հեղուկ:

Դատարանը Ազիզ Ազիզյանին եւ Միքայել Վարդանյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման, որը նրանք կրելու են ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ «ստորագրություն չհեռանալու մասին», կմնա անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ի դեպ, որոշվեց, որ գործով իրեղեն ապացույց ճանաչված Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գտնվող 89, 625 գրամ սնդիկը ոչնչացվի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930