Ասում է Վարդան Այվազյանը՝ կանխատեսելով, որ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին տեսնում է ապագա խորհրդարանում, իսկ «Ժառանգությանը»՝ կարծես թե ոչ
«Ճիշտ է, ընտրությունները մայիսին են, բայց դուք չե՞ք զգում, որ նախընտրական պայքարն ամբողջապես մտած է հունի մեջ, այս պաշտոնների փոփոխությունները պետք էր: Մենք լուրջ խնդիր ունենք, որովհետեւ տարածաշրջանային իրավիճակը պետք է հաշվի առնել, ռուս-վրացական պատերազմ, ճգնաժամ, կառավարության գործունեություն, մենք չենք կարող ասել, թե ոչ մի ճգնաժամ-բան չկա, մենք ոչ մի բանից խաբար չենք ու ապրենք»,- «Առավոտի» հետ զրույցում ներքաղաքական զարգացումները մեկնաբանեց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա վստահեցնում էր, որ Հովիկ Աբրահամյանը գնում է նախընտրական շտաբ, որպեսզի ղեկավարի այդ ամբողջ գործընթացը. «Ես չեմ գտնում, որ երկրորդ կամ երրորդ խաղ կա, հանրապետականների ներկայացվածությունն այսօր ամենաբարձրն է եւ պետք է այդ մակարդակը պահպանել»: Հարցին՝ Հանրապետական կուսակցությունն ինչի՞ց է վախենում՝ մրցակցությունի՞ց, «Բարգավաճ Հայաստանի՞ց»՝ պարոն Այվազյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ պիտի չվախենա: Նախ ինքը չի վախենում ոչ մեկից, բայց ինքը խնդիր ունի նորից նույն ձեւ ներկայացված լինելու Ազգային ժողովում: Որեւէ մեկից Հանրապետականը, փառք Աստծո, չի վախենում: Բայց մենք խնդիր ունենք մեր կատարած աշխատանքը ներկայացնելու, համոզելու, ասելու, կա լարվածություն, կա սոցիալական իրավիճակի բարդացում»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համոզմունք էր հայտնել, որ եթե ընդդիմությունը ճիշտ քայլեր անի, ԱԺ-ում 50% կարող է ներկայացվածություն ունենալ: Վարդան Այվազյանն այդ «հեքիաթին» չի հավատում. «Է, թող ասեն՝ ինչ ուզում են, իրենց գործն ասելն է, մեր գործը՝ անելը»: Ըստ պատգամավորի՝ «Իշխանությունն ամեն ինչ արեց, որ համագործակցի ընդդիմության հետ, բայց դե գիտե՞ք ինչ կա, իրենք ասում են համագործակցում ենք, որ ձեզ ցրենք: Ես չեմ՝ դու ես, դու կերկխոսեի՞ր: Մենք իրար հետ խոսում ենք, եթե դու ինձ ասեիր՝ թողեք-գնացեք, ես քո հետ կխոսեի՞, բա էլ կառավարությունն ինչի՞ պիտի երկխոսի»:
Վարդան Այվազյանին խնդրեցինք կանխատեսումներ անել, թե ապագա խորհրդարանում ո՞ր ուժերը գերակա կլինեն. «Ես Նաստրադամուսը չեմ, չեմ կարող ասել, բայց դե, բնականաբար, ամենամեծ տոկոսը հանրապետականները կկազմեն, «Բարգավաճն» ու Դաշնակցությունն էլ կլինեն, ա՛յ, «Ժառանգության» համար բան չեմ կարող ասել: «Բարգավաճն» ու Դաշնակցությունն ունեն իրենց ընտրողների, համախոհների զանգվածը ու 5% կհավաքեն»:
Կարդացեք նաև
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ