Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր դրամահավաք՝ մանկապարտեզներում

Նոյեմբեր 12,2011 13:39

Ջեռուցման համար բյուջեից տված հատկացումը որոշ տնօրենների չի գոհացնում

Օրերս քաղաքապետարանում, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին զեկուցել են, թե «մայրաքաղաքի բոլոր նախակրթական ուսումնական հաստատությունները պատրաստ են ջեռուցման սեզոնին, որոշ մանկապարտեզներում աշխատանքներն ընթացքի մեջ են եւ կավարտվեն 15 օրից»: Մենք քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե «մանկապարտեզները պատրաստ են ջեռուցման սեզոնին» ասելով՝ զեկուցողը կոնկրետ ի՞նչ է նկատի ունեցել, որովհետեւ իրականում երեխաների ծնողներին են պատրաստում մանկապարտեզների ջեռուցման սեզոնին: Մայրաքաղաքի մի շարք մանկապարտեզներում այս օրերին տնօրենները սկսել են ջեռուցման համար գումարներ հավաքել, մի մանկապարտեզում յուրաքանչյուր երեխայից հավաքում են 5000 դրամ՝ իբր 5 ամիս ջեռուցելու համար, մյուս մանկապարտեզում հավաքում են ամսական 3000 դրամ, մեկ այլ մանկապարտեզում՝ ամսական 1000 դրամ: Ընդ որում, տնօրենները ծնողական ժողովների ժամանակ, իրենց ավելորդ խնդիրներից ազատելու համար, ասում են, թե դա «ըստ ցանկության է», բայց դաստիարակների միջոցով ստիպում են ծնողներին անպայման վճարել: Նախ, «գլխանց» ձմռան համար 5000-ական դրամ հավաքելը անտրամաբանական է այն առումով, որ հնարավոր է, ասենք, մարտը շատ տաք ամիս լինի, եւ մանկապարտեզը ջեռուցման խնդիր չունենա, բնականաբար, ծնողներին գումարը հետ չեն տալու, լավագույն դեպքում գցելու են «օգնիր մանկապարտեզիդ»-ի հաշվեհամարներին, որոնց վրա ծնողներն արդեն ամեն ամիս պարտադիր վճարումներ են կատարում: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու են մի մանկապարտեզում 1000 դրամ հավաքում, մյուսում՝ 3000, ի վերջո՝ բոլոր մանկապարտեզների համար սահմանված նորմեր կան, ջերմաստիճանը պետք է լինի 18 աստիճան, եւ եթե նույնիսկ մի տնօրեն ուզում է իր մանկապարտեզը «հացի փուռ» սարքել, չի նշանակում, որ ծնողները դրա համար պիտի վճարեն:

Մենք տեսնում ենք, որ այլ հարցերում մանկապարտեզների տնօրենները մեծ խնայողություններ են անում, անգամ այն թղթիկները, որոնց վրա գրում են օրվա մենյուն, չեն ուզում անտեղի թափել, շրջում են՝ հակառակ երեսին էլ գրում են հաջորդ օրերի մենյուն, իսկ ջեռուցման հարցում, պարզվում է, լավ էլ «աղա» են:

Այս առնչությամբ մեզ քաղաքապետարանից վստահեցրին, որ ջեռուցման համար մանկապարտեզներում հավաքվող գումարներն անօրինական են. «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ջեռուցման ծախսերը հոգալու համար դրամահավաքություն չի կատարվում, քանի որ այդ նպատակով Երեւան համայնքի բյուջեում նախատեսվում է հաստատության շենքի պահպանման ծախսերի գումար, որն իր մեջ ներառում է նաեւ ջեռուցման գծով ծախսեր: Երեւանի 161 նախադպրոցական ուսումնական հաստատություններից միայն 12-ը ներկայումս դեռ չի ջեռուցվում, քանի որ կառուցվում են կաթսայատներ, որոնց շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին»։ Ավելին՝ քաղաքապետարանից խնդրեցին իրենց տրամադրել դրամահավաք իրականացնող բոլոր մանկապարտեզների համարները, որպեսզի իրենք կարգի հրավիրեն, սակայն մեզ ահազանգած ծնողները մտահոգություն հայտնեցին, որ դա անպայման կանդրադառնա իրենց երեխաների վրա, միայն նշեցին, որ տվյալ մանկապարտեզները Մալաթիա-Սեբաստիա համայնքում են գործում:

Ընդհանրապես մանկապարտեզներն անվճար դառնալուց հետո տնօրենները դրամահավաքների առումով ավելի են ակտիվացել: Հանդեսների համար յուրաքանչյուր երեխայից հավաքվում է 2000 դրամ, հաշվի առնելով, որ մի խմբում ընդգրկված է 25-30 երեխա, ստացվում է, որ մի խումբը ամեն հանդեսից բերում է 60 հազար դրամի եկամուտ, որը, բնականաբար, հանդեսի համար փուչիկ առնելով չի սպառվում: Մանկապարտեզներում ամեն ամիս ծնողներից նաեւ ուզում են հիգիենայի պարագաներ՝ զուգարանի թուղթ, անձեռոցիկ, նույնիսկ՝ ամանի հեղուկ. եթե խմբից 10 հոգի էլ մեկական տարայով ամանի հեղուկ բերի, կարելի է, չէ՞, պատկերացնել, թե տարվա կտրվածքով քանի արկղ ամանի հեղուկ, զուգարանի թուղթ ու անձեռոցիկ կավելանա:

Մյուս խնդիրը, որը նույնպես մտահոգում էր ծնողներին, ավելի շատ մանկավարժական սխալ մոտեցմանն է վերաբերում: Բանն այն է, որ, օրինակ, բանջարեղենին վերաբերող դաս անցնելիս դաստիարակները ծնողներից ամեն բանջարեղենից մեկական «օրինակ» են ուզում՝ իբր երեխաներին ցույց տալու համար, մրգերի մասին դաս անցնելիս՝ մրգերից են «օրինակներ» ուզում, տանը միրգ կամ բանջարեղեն չունեցող երեխաները հայտնվում են անհարմար դրության մեջ: Մենք քաղաքապետարանին խնդրեցինք մեզ տրամադրել մսուրային, միջին եւ ավագ խմբի ծրագրերից 1-ական օրինակ, որպեսզի նախօրոք ծնողներին պատրաստենք նմանատիպ դասերին: Քաղաքապետարանի պատասխանը կհրապարակենք մեր առաջիկա համարներից մեկում:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930