Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը ձերբակալվել է: Արթուր Սուքիասյանը կասկածվում է, որ 2001-2008 թվականներին աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթուն տարածքային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնում՝ 2008թ. հունվարից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում, կեղծ դիմումների հիման վրա, խարդախության եղանակով հափշտակել է հանգուցյալ կենսաթոշակառուների (թվով 22) անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի հասնող կասեցված կենսաթոշակի գումարները: ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ այս գործով ներգրավված էին արդեն 22 մեղադրյալներ: Նրանք ստորագրությամբ բաց են թողնվել:
Ա. Սուքիասյանը ձերբակալվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում:
Ռ. Մ.
«Առավոտ» օրաթերթ