Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով փաստաթուղթ չի տալիս, բռնում ես ու գնդակահարում»

Նոյեմբեր 12,2011 13:10

Շարունակելով «պալտոյի» (վերարկուի) թեման

Եթե Ազգային ժողովի դահլիճում դեռ չեն սկսվել նախընտրական PR ակցիաները, եւ պատգամավորները դեռ չեն փորձում նախընտրական ելույթներ ունենալ, ապա մշտական հանձնաժողովներում արդեն եռուզեռ է, պատգամավորներից շատերն արդեն փայլում են ընդգծված ընդդիմադիր ելույթներով: Դատելով այս ակտիվությունից՝ կարելի է արձանագրել, որ մշտական հանձնաժողովներից սկիզբ է առնում նոր իրավիճակ, եւ նախընտրական կրքերը կամաց-կամաց շիկանում են: Պատգամավորները հանձնաժողովներում բավական ակտիվացած են քննարկում, քննադատում եւ «հողին հավասարեցնում» այս կամ այն օրենքի նախագիծը:

Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Վարդան Այվազյանի թեթեւ ձեռքով կրկին բուռն աշխատանքային մթնոլորտ էր տիրում, իսկ եթե սրան ավելացնենք, որ ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Բոստանջյանը եւ Գոհար Ենոքյանը բավականին ակտիվ էին քննարկումներով, կարծում ենք՝ քննարկումների կոլորիտը ամբողջական կլինի: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է շահութահարկի գծով հարկահավաքման արդյունավետ գործընթացի կազմակերպման, հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման, շահութահարկով հարկման նպատակով ծախսերի հաշվառման մոտեցումների ու կանխավճարների չափի վերանայման քաղաքականությունից: Եթե մենք ճիշտ հասկացանք, կառավարության առաջարկն այն է, որ այն տնտեսվարողները, որոնք գնված ապրանքի նյութի, շինտեխնիկայի եւ այլնի համար չունենան համապատասխան գնման մասին թուղթ, կտուգանվեն: Այսպես էր, համենայնդեպս, հասկացվում կառավարության ներկայացուցչի ներկայացրած օրինագծից: Այդպես էին հասկացել նաեւ պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Գոհար Ենոքյանը եւ Վարդան Այվազյանը, որոնք էլ իրենց ճշմարտություններն էին փորձում ներկայացնել:

ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանն առաջարկեց. «Գրեք՝ ով որ առանց փաստաթղթի վաճառք է անում, բռնում են ու գնդակահարում»:

ԲՀԿ ներկայացուցիչ Գոհար Ենոքյանը իր հերթին ասաց. «Մի օրինակ բերեմ. շինարարություն ենք անում, գնում ենք, վերցնում ենք, ուզում ենք քար առնենք, ավազ առնենք եւ այլն, որեւէ մեկին ցույց տվեք, որ էն, Երրորդ մասի էն շարանը որ դրած է, վաճառողը քեզ մի հատ թուղթ կտա: Միլիոն անգամ գնացել-առել ենք, թուղթ չկա, ուզում ես, ասում են՝ էս ավազը էսինչինն է, չենք կարող թուղթ տալ, էս քարը էսինչինն է, չենք կարող թուղթ տալ, ընդ որում, մեծամեծ մարդկանց անուններ են տալիս: Բա դրանց մենք ո՞նց ստիպենք, որ թուղթ տան, ես ուզում եմ օրենքով աշխատել: Ես ինչո՞վ եմ մեղավոր, մյուսը, մյուսը, ուզում ենք օրենքով աշխատել, մեզ չեն տալիս էդ թուղթը, գնացեք նրանց բռնեք, տեղն էլ ասում եմ»:

Կառավարության ներկայացուցիչ՝ ֆինանսների փոխնախարար պարոն Կարայանը փորձում էր բացատրել. «Ես խնդրում եմ, թույլ տվեք պատասխանեմ, որ թյուրիմացության մեջ ոչ ոք ոչ մեկին չգցի: Ես ասացի՝ մենք միջոցառումներն անում ենք համախմբված, երեք դրույթ կա»: Հանձնաժողովի նախագահը այդ պահին դիտողություն արեց «ՀԺ»-ի թղթակցին, ով նկարում էր պատգամավորներին, իսկ Վարդան Բոստանջյանը տեղից, թե՝ «Էս հո հարսանիք չի, որ նկարում ես»:

Հետո նորից անցան իրենց թեմային. փոխնախարարն ասաց, թե իրենք փորձում են օրենքով ամրագրել, որպեսզի «Ապրանքաշրջանառությունը ֆիքսվի եւ հսկվի»:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ավելի «գիտականորեն» բացատրելով՝ անցավ «պալտոյի» թեմային. «Տեսեք՝ ինչ է ստացվում, 36 միլիոնը թույլ էիք տվել, ես օրինակ եմ բերում. ՀՀ-ում աշխատում է 10-12 ձուլարան, բայց ոչ մի տեղ մեկ կիլոգրամ երկաթ չես կարող հալել: Թույլ տուր մի քիչ առաջ գնամ: Ասում ես՝ ապրանքը գնի, գնում ա, 11 տոկոսը գլխին դնում ես, տվեցի՞ր եկամտահարկը, հիմա ծախսերով ես ուզում եմ դուրս գրեմ, ասում ես՝ չկա ստեղ ապրանք: Կներես, առա պալտո, պալտո (վերարկու- Մ. Ե.) եմ կարում, հազար դոլար տվեցի էդ պալտոյին, 110 դոլարը դու իմ ձեռքից առար, տարա-ծախեցի, լավագույն բիզնեսն եմ գցում՝ 1500 դոլարով, օրենքով ես պետք է 1500-ից հանեմ 1100-ը, 290-ից վերցնեմ դրա շահութահարկը»: Կարայանն էլ տեղից, թե՝ «օրենքով՝ փաստաթուղթ տվեք, հանենք, գնացեք փաստաթուղթ ձեռք բերեք, պարոն Այվազյան»: Այս նախադասությունից հետո կրկին պատգամավորներն աղմկեցին:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Պատգամավորների խոսքը ներկայացվեց առանց խմբագրման:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930