/Հատվածներ վեպից/
Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը:
Լոգաու
Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեվ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն է գուժում:
Ջոն Դոն
Ու Ղուրուղեն Ծորը, դա տարածք է իրենց բառ ու բանով ու՝ Ղուրուղը, դա, արդեն «աչքի տակ ունեցած», ինչ որ մեկի կողմից աչքադրած տարածք է, իսկ՝ Ծորը, դա՝ Ձոր-Ձորակն է, այսինքն, ինչ որ մեկի կողմից աչքադրված, հատուկ նշաձողերով կամ ուրիշ նշաններով «վերցված ձորակ է»: Բայց պիտի ասել, որ պայմանականորեն է դա՝ Ծոր-Ձոր-Ձորակ կոչվում, պայմանականորեն, որովհետեվ այդ Ղուրուղեն Ծորն-ինքը՝ տեղով բակունցյան մթնաձորի նման մի բան է, ու այդ Ղուրուղեն Ծոր կոչեցյալն, իր ամպերին հասնող սարերով, իր՝ «քարին տակից խփող» սառն աղբյուրներով, իր լճեր-«ծովերով», իր՝ ոտ-ոտի գցած սարերի փեշերին «ունեցած» դարավոր անտառներով, ու անտառներում ունեցած՝ եղնիկ-արջ-հովազ-լուսաններով, իր ունեցած հավք ու թռչուններով՝ աննման է, աննման է, ու նրան անհասանելի են աշխարհիս բոլո՜ր-բոլո՜ր գեղեցկությունները, եւ իր գեղեցկությանը դեռ չի գերազանցել աշխարհիս եւ ոչ մի գեղեցկություն: Չի գերազանցել: Ու այս կողմերում արջերը դեռ բուռ չեն արել եւ թաթը տարել ու՝ չոփի, փայտի, որսի հետեւից անտառի խորքերն ընկած պատահածի քամակի կաշին հափռել-վեր քաշել ու աներես-երեսին քաշել: Եւ դա էգ արջը՝ որձի հետ շփոթածի մոլորված-սրտոտությունից չէ, այլ, որ այս կողմերում սրտոտները կան ու քիչ չեն եւ, որ ընկած տեղը, նաեւ փորձում են արջերի դեմ-հանդիման կանգնել, բայց… դրանից չէ: Այլ, որ այս կողմերում, մթոտ ու անանցանելի ծմակների խորխորատներում արջեր կան ու շատ չեն, շատ չեն, եւ իրենց քչությունից ու նաեւ ինքնապահպանման բնազդի թելադրանքով հասկացել ու՝ հեռու են փախչում, մարդ արարածից հեռու են փախչում: Եւ արջի-իրենց հզորի «հեռահար»-հոտառությամբ՝ լա՜վ դրել-մտածել են, լա՜վ մտածել-հասկացել են, հասկացել են Աստծո ստեղծած մարդ-էակի բնույթն ու Աստծո ստեղծած բնության գրկում այդ մարդ-էակի վարվելակերպն ու գործունեությունը: Ու փչակի հետեւից ծանր ու մեծ գլուխը տմբտմբացնելով, դժգոհ փնչացնելով ու մրթմրթոցներով, արհամարհաբար ու չտեսնել տալու նման, տեսել են, նրանք տեսել են, որ մարդ-արարածը՝ հրացանով ու բուլդոզերով, թվանքով ու հարայ-հրոցով է մտնում բնության գիրկ, եւ հաստատ, նա նոր տնկիներով չի եկել, ու «խըտետ արած»-նոր տնկիներով չի եկել ու թավուտ անտառում նա նոր ծառ տնկելու համար չի եկել, ու մարդն իր էությամբ, ինչքան էլ ստեղծագործաբար մտածի, սակայն նրա ստեղծագործ միտքն ու մտմտունքն, առայժմ միայն վնաս է բերում բնությանը, առայժմ միայն ավերածություններ է բերում բնությանը: Եւ անցած օրը, որ հաճույքով էդ լորենու-ծառի տակով անցնում էր ու լորենու ճյուղերը հաճույքով քորում էին իր մեջքը, հիմա, ուրեմն, երեկվա էդ մարդու անտառ մտնելուց հետո, լորենու էդ ճյուղերը խամրած տերեւներով կողքի ընկած են ու թոռոմելու-չորանալու են մի քանի օրից, եւ երեկ, մարդու կողքը, ծառից կապած ձին՝ ձիու իր ազնվացեղ հավատարմությամբ՝ իզուր էր անզոր ճիգեր գործադրելով՝ գազանի-«իր մոտակա» ներկայությունից ու հոտից, աչքերը վախից-զգուշավորությունից՝ բներից դուրս թռցնելով, սմբակներով կատաղի գետինը փորելով, խրխնջալով ու քրքջալով, փորձում «իր բանին կացած», կացնով ծառի վրա կռացած մարդուն բան հասկացնել… Իսկ մարդու, ձիու տիրոջ… պետքն էլ չի… Նրա պետքն էլ չի, ու՝ տերը… չկա: Չկա տերը… վերացած մտմտումներում՝ իր բան ու գործին է: Իր բան ու գործին է: Ու արջը, հզոր-գազանի իր հոտառությամբ, զգացել ու հասկացել է, նա հասկացել է, որ ամեն անգամ մարդու այցելությունը բնության գիրկ, էդ սիրուն բնությունից մի բան պակասեցնում է, էդ սիրուն բնությունից մի բան պակասում է, բնությունը մի կորուստ տալիս է, մի չոփ ու մի հավք բնությունից պակասում է, ու արջն, իր հզոր-գազանի հոտառությամբ, մի տեսակ արհամարհանքով է անցնում մարդու կողքով, նա մի տեսակ՝ չտեսնել տալով ու արհամարհանքով է անցնում բնություն այցելած ամեն-մի մարդու կողքով: Ու մեկ-մեկ, համբերությունը հատած լինելու պայմաններում եւ «համը հանած» մարդ-արարածի աներեսության պայմաններում, գազանի իր հզորությամբ շուռ գալիս ու չի դիմանում, մարդու աներեսությանը չի դիմանում, ու թաթով մի երկու հզոր ու ահարկու ապտակ տալիս ու բնությանը վնաս տվող ու վնաս տված նրա ձեռքից գործիքներն ու հրացանն առնում ու համապատասխան տեղերում՝ տեղավորելով, նորից իր ճամփան է շարունակում Աստծո-բնություն այցելած Աստծո-մարդու աներեսության վրա մրթմրթալով ու ինքն-իրեն բողոքելով: Բայց հիմնականանում, արջն իր հզոր-գազանի հոտառությամբ՝ բնության մեջ ու բնության գրկում, որտեղ մարդուն տեսնում է ու հանդիպում է, որպես վատ բանի ու վատ նախանշանի, դժբախտություն բերող գեշ նախանշանների տեսիլք, որպես վտանգի աղբյուր՝ ճանապարհը թեքում ու անցնում է իր անցնելիքը: Եւ նրանք, արջի իրենց-հզորի ճամփաբաժանը գտել ու իրենց ճամփաբաժանը բռնել ու գազանի իրենց-հզորի հոտառությամբ զգացել-հասկացել են, նրանք հասկացել են, որ այնտեղ, որտեղ գազանի ու մարդու ճամփեքը հատվում են, այնտեղ, ուրեմն, սատանան է պար բռնել խաչմերուկում, այնտեղ սատանան է կանգնած խաչմերուկում:
Բայց պիտի ասել, որ էդ Ղուրուղն ու էդ Ձորակը, ժամանակին, «անցած դարերում» է տեր ունեցել, ու էդ Մթնաձոր-Տարածքը՝ «էէէ՜, հի՜ն ժամանակներում», մելիքանիստ ու թագավորանիստ ամառանոց-տարածք է եղել, որ թագավորներն ու մելիքները, դարերով ու ժամանակի մեջ, իրենց սերունդներին ու հետնորդներին են ժառանգել: Իրենց սերունդներին ու հետնորդներին են ժառանգել դարերի մեջ ու ժամանակի մեջ: Ու հենց դա՝ Նրանց տարածքն է: Ու դա հենց նրանց Ղուրուղն է: «Բայց դե նրանք էլ, իրենց բնավորությամբ՝ իրար հետ յոլա չեն գնացել», ու «իրար միս են կերել» եւ սնափառ են եղել ու «մեջների՝ թույլը, մաղձոտը, իր թուլությունից եվ սնափառությունից՝ չորացած՝ կրծել է ինքն-իրեն» ու «դավել է, դավել է, աչքար ծիծաղել ու թաքուն դավել է ուժեղին ու բարուն» ու մի գիշերվա մեջ, գլխակերի նման, օտարին, արյունով ուրիշ-օտարին մեծ-մեծ խոստումներ տալով եւ օտարին՝ իրեն թիկունք ու ապավեն դարձրած, ստորի-ստորաքարշությամբ ու թաքուն-գիշերով սրի է քաշել բարի-ուժեղին ու նրա ժառանգներին, ու տիրացել է նրա ինչքն ու կացին, տիրացել է…»: Ու «հաջորդ օրը, լուսածագին, «դեռ լույսը չծագած», ուրախացած ու հրճվանքով, իր զոհի ոսկու սնդուկը բացել ու վրան կռացել ու իր զոհի արյունը դեռ վրան չչորացած ձեռքերով սնդուկի դեղին-պսպղացող ոսկին հափռել-բուռ արել ու երեսին տարել ու երեսը լվացվելու նման դեղին ոսկին երեսին քսելով հարբածի նման քրքջալով շուռ եկել ու… խելագարված ու խելագարվածի նման բուռ-բուռ արված ոսկին, ամբողջ սնդուկի ոսկին մթնաձոր-անտառով-մեկ շաղ է տվել, շաղ է տվել ամբողջ անտառով-մեկ, ու ոռնում էր ամբողջ անտառով-մեկ-խելագար-լուսածագին՝ ուուու՜»: ՈՒ «հի՜ն մարդիկը» պատմում են, նրանք պատմում են, որ Աստված չի ներել նրա ստոր-օտարի հետ դաշն կնքած ու արյունակցի նկատմամբ տարված ստոր-դավաճանությունը, ու՝ «գլխից հափռել է մի քիչ»: Եվ հիշողությունը վերցրել-կորցրել ու ստոր-անասուն է դարձրել: Ստոր-անասուն է դարձրել: Ու՝ անկարոտ-խելագարված, առանց հիշողության, անսիրտ ու անցավ, ստոր-անասուն է դարձրել: Բայց Աստված դրանով էլ չի բավարարվել, չի բավարարվել ու՝ «փու՜հ» արել-փչել ու կորցրել է նրա ստոր-կերպարն ու նրա ստոր-դավաճան ժառանգներին երկրի երեսից: Երկրի երեսից կորցրել է նրա ստոր-դավաճան-կերպարն ու նրա ստոր-դավաճան ժառանգների կերպարը: Ու Աստված էլի չի հանգստացել ու նրա «տանջված հոգին» թողել է անտառում, թողել է անտառում նրա «տանջված» հոգին, եւ ամե՜ն լուսածագի, հի՜ն հեռավոր մթնաձոր-անտառից, մարդիկ նրա տանջվող հոգու փշաքաղող ոռնոցը լսում ու անխոս-լուռ փշաքաղվում են՝ ուուու՜… Ու հետո, Աստված, հի՜ն-բարի-ուժեղ մելիքի Տարածքը՝ ղուրուղ արել ու ոչ մեկին չի տվել ու չի թողել ոչ մեկին՝ նրա տարածքը վերցնել ու իրենով անել, իրենը դարձնել: Ու Տարածքը, մելիքական նստավայրն ու կալվածքը՝ օտար, վրա եկող ուրիշի աչքերից, ուրիշի նկրտումներից հեռու պահելու համար, մելիքական ամբողջ էդ տարածքն ու կալվածքը՝ աստվածային դարձրել ու՝ հաստ-հաստ, ձեռքերը պատտ չեկող, լորենիներով ու սոսիներով, դարավոր կաղնիներով, մթնաձոր-անտառով է ծածկել: Ու հի՜ն մարդիկը պատմում են, պատմում են, որ «էդ դրանից հետո, դե արի ու իմացիր, արի ու իմացիր՝ հիմա էդ տարածքն ու «նստատեղերը», «ղուրուղն» ու «ծորը»՝ Ղուրուղեն Ծորը՝ Աստվածային դառնալուց հետո, Աստվածային «դարձնելուց» հետո, հիմա ու՞մ տարածքն է, եվ հիմա՝ ու՞մ ղուրուղն է՝ Աստծո՞, թե՞՝ հի՜ն թագավորներինն ու մելիքներինն է»: ՈՒ հի՜ն մարդիկը պատմելով մինչեվ մեզ են հասցրել, ու իրենց հի՜ն պատումներում էդ պատմությունը բերել-մեզ հասցնելով համոզված-հաստատել են, համոզված-հաստատել են, որ դա հենց՝ Աստծո Տարածքն է, ու հենց՝ Աստծո Ղուրուղն է: Դա Նրանն է: Աստվածային այդ տարածքը՝ հենց նրա տարածքն է: Նրա տարածքն է: Ու հի՜ն մարդիկը պատմում են, նրանք պատմում են, որ էդ խուլ ու հեռավոր, մթնված անտառների մեջ կորած «նստատեղերում», հին ու նոր մարդիկ՝ քլունգով ու բահով, «ձեռին հարմարեցված» ու «ձեռին եղած գործիքներով», «իրարից անկախ» ու «թաքուն» փորփրելով, ժամանակին բուռ-բուռ ոսկի են գտել: Գտել ու թաքուն տուն բերել ու հրճվանքով-«հարստացած» քնել ու՝ «չեն վայելել», չեն վայելել, ու «քնի մեջ՝ ոսկու նման դեղնել են», դեղնել են քնի մեջ ոսկու նման, ու՝ «լուսածագին՝ ձեռքերը տարել խեղդվող կոկորդին ու ոռնել են, ստոր-դավաճան-մելիքի ոռնոցով, ոռնել են լուսածագին՝ ուուու՜»: ՈՒ հենց այստեղ է, Աստվածային այս տարածքում է՝ Ղուրուղեն Ծորումը՝ «Գենիկը դեռ չծնված, Գենիկի մոր վրա բարձրացել Չուխկուլուն»: Ու Գենիկի համար ասում էին, որ նրա էդ տափուկի պահվածքն ու սովորությունը «դրանից է», ու որ նրա հետ կարելի է ընկերություն անել, բայց` «երբեք փետը ձեռքից չգցել», ու շշնջոցով-թաքուն ասում էին, որ՝ «թուրքի տղա է», ու նաեւ իրենց ծնողներից թաքուն լսածն իրար թաքուն փոխանցում էին ու ասում էին, թե` գյուղի վերեւը, սարերի խորքում ու սարերի վրա, մի երկու օրով վրան խփած, քոչը ոտքով դեպի Ջերմուկի սարերը քշող թուրքի չոբաններից` Չուխկուլուն, էն, որ` նիհար-ջլուտ-պսպղուն-վտանգավոր աչքերով մեկը կա` ձին հեծած, ձիու պայտերից կայծեր թռցնելով գիշեր-ցերեկ քոչի տակին-գլխին հսկում ու նայում էր, հսկում ու նայում է, ուրեմն, էդ Չուխկուլուն է` «Գենիկը դեռ չծնված, Գենիկի մոր վրա բարձրացել Ղուրուղեն Ծորումը», ու ասում էին կարճ ու պատկերավոր` Չուխկուլուն Գյոզալին յեր ա իլալ Ղուրուղեն Ծորումը… ՈՒ ասում-հաստատում էին, թե տեսնող է եղել եւ «դրանից» հետո, երկուսն էլ կարմրատակած ու քրտնաթոր, զոռով ոտքերը քարշ տալով, շնչակտուր ու այլայլված, դեպի ներքեւ են սահել, դեպի` Կապեն ծովը, ու երկուսն էլ, հեւիհեւ ու շնչակտուր, կարմրատակած ու քրտնաթոր, Կապեն ծովի կողքը փորների վրա պառկած, հագեցրել են իրենց ծարավը, ու բերանները Կապեն ծովի մեջ կոխած, խմել են ամբողջ Ծովը, ու հիմա դրանից է, էդ դրանից է, որ էդ օրերից ու էդ թվերից հետո, ամբողջ Կապեն Ծովը ցամաքել է, ու երկու սարերի արանքում, ու անտառածածկ-սիրուն երկու սարերի միացման տեղում ու նրանց ոտի տակ հանդարտ ու սիրուն գյոլ տված Կապեն Ծովը չորացել-ցամաքել է, ու հենց դրանից է, որ նույնիսկ, գարնան վարար ու հորդառատ անձրեւների ժամանակ, գյուղի վերեւը մե՜ծ բարձրությունից թափվող ու ծիածան-բոլոր գույներն իր մեջ կորությամբ կամրջած` «Շրշռան» ջրվեժն այլեւս էլ չի գործում, չի գործում այլեւս, որովհետեւ երկու սիրուն-անտառածածկ ու դոշերին` եղնիկ ման տվող սարերի ոտի տակ գեղեցիկ հավաքվող գեղեցիկ Կապեն Ծովը երկուսով խմել-վերջացրել են «էդ բանից» հետո, ու սպառված-վերացած Կապեն Ծովն այլեւս անուժ է ու ի վիճակի չէ իր բաժին ջրերը գարնան վարար ու հորդառատ անձրեւի ջրերին խառնելու ու գյուղի սիրուն «Շրշռան» ջրվեժին ուժ տալու համար: Այլեւս ի վիճակի չէ` ցամաքել-չորացել է էդ օրերից ու էդ թվերից հետո` երկուսի տաք-տաք ու կրքոտ սիրո վկան ու ականատեսը լինելուց հետո: Եվ իրար թաքուն ասում-պատմում էին, թե «Էդ ամեն ինչը» թաքուն տեսնող է եղել ու Կապեն Ծովի հետ միասին նաեւ թաքուն ականատեսն է եղել երկուսի այլայլված-բուռն-թաքուն սիրո, ու նաեւ ասում էին, թե` էդ թվերին ու էդ օրերին Գենիկի հերը բերդից նոր էր դուրս եկել ու «չըխոտկա մեռնում էր` հազում` արյուն էր թքում» եւ` «բան չէր կարում աներ» ու սրա կինը` Գյոզալը, «լփլփոնը ընգած», կատաղած գոմեշի նման սար ու ձոր էր ընկել ու «չէր հանդարտվում» եւ «չէր հանգստանում», ու աքլորի տակից նոր դուրս եկած հավի նման նվաղուն պոչը թափ տալիս ու նոր աքլորի տակ էր թեւերը փռում ու մի նոր աքլորի տակ էր նվաղած պառկում ու «թանաքամանի նման անընդհատ թաթախվում էր», անընդհատ թաթախվում էր թանաքամանի նման: Եվ գյուղացիներն իրար թաքուն պատմում էին, թե նա` Գյոզալը, միայն Ղուրուղեն Ծորումը, Չուխկուլուեն տակը պառկելուց հետո է հանդարտվել-հանգստացել ու հանդարտված տուն դարձել, եւ էլ չոլերը չէր ընկնում ու հանդարտված` արյուն թքող մարդու ոտքերի տակ խաղաղված-ծվարած էր օրեր-ամիսներով: Ու նաեւ իրար թաքուն ասում էին, թե դրանից հետո, Գյոզալն ինն ամիս տնից դուրս չէր գալիս ու հանդարտվել էր ու այդ ինն ամիսը նորահարսի խոնարհությանբ` մեղկ ժպիտով ու ձեռքը «քնքուշ» փորին դրած, «չըխոտկա-արյուն թքող բերդից նոր դուրս ելած» ամուսնուն էր հոգատար ու հոգատարությամբ խնամում: Եվ գյուղացիներն իրար թաքուն պատմում էին, թե «էդ դեպքից» ինն ամիս հետո, նույն մեղկ ժպիտով, Գյոզալը ձեռքը փորից հետ տարել ու ծկլթացել եւ ծննդաբերել է: Եվ ծկլթալով ու ծննդաբերելով, ինքն-իր համար սավան-մավան էր ճղրտոտում տակը փռում ու տաք ջուր էր տաքացնում ու արյունոտ կյեփերն ու նոր ծնված լամուկին լվանում-մաքրում էր: Եվ պատմում էին իրար, իրար թաքուն պատմում էին, թե նոր ծնված լամուկին ի ցույց է բռնել բերդից նոր դուրս եկած ու արյուն թքոտող ամուսնուն ու ասել է` տեե՜՞ս՝ ի՜նչ տղա ունես, ու լրբի պնդաճակատությամբ արյուն թքող եւ օր-օրի նվաղող ամուսնուն նոր ծնված լամուկին ի ցույց ու ի տես բռնել ու ոգեւորված ճամարտակել է ու ասել է` մի տեե՜ս, ին՜չ տղա ունես, քեզ մի լավ-ղոչ զավակ եմ ծնել` երկու պլոր ու մի ճուճուլ ունի, ուտե՜մ սրա ճուճուլը` մեծանալու է ու չի թողնելու գերդաստանիդ, մեր գերդաստանի շառավիղը կտրվի: Ու ամուսնու քամահրանք-անտարբերությունից առավել ոգեւորվել է, եւ առավել ոգեւորված նորից է ասել ու ասել է` մի տեե՜ս: Ու բերդից նոր դուրս ելած, ինն ամիս չորացած ոտն ու ձեռը չորացած անկողնուն գամած, արյուն թքող ամուսնու մայրն ու հայրը, այսինքն, նոր ծնված լամուկի պապն ու տատը, նեղսրտված են եղել գերդաստանի` տղա-ժառանգ չունենալու ու գերդաստանի ոչ շարունակական լինելու վհատ մտքից, ու գեղջկական ամոթից եւ գյուղի թաքուն-լսելի շշնջոցներից գետինն էին մտնում, բայց հիմա ուրախացած, ոգեւորված վրա էին տվել ու` «մթոմ իրենցն ու իրենց անճար-արյուն թքող-արդեն վերջացած արու-տղայի արու-զավակն է», ու բացականչել են, ուրախ-ոգեւորված ասել են, ասել են` փա՜ռք քեզ, Աստվա՛ծ, մերն է ու ամեն ինչով մերն է, կպահենք-կմեծացնենք ու մի սիրուն աղջիկ հարս կբերենք ու մեր հայկական օջախը շարունակություն կունենա: ՄԵր հայկական օջախը կշարունակվի ու շարունակություն կունենա էս աշխարհում ու պապական էս մեր հայի գյուղում: Ու երեքով ուրախացած-ոգեւորված-նոր ծնված լամուկին ափերին ու ձեռքներին առել ու տուտուզիկին խփել ու բերդից նոր դուրս ելած եւ արյուն թքող իրենց տղային ու իրենց կապը կտրած ու անաբուռ-լիրբ հարսի ամուսնուն են ի ցույց բռնել, ու ասել են` մի տեե՞՜ս, ինչ տղա ունեցար քո քնած տեղն ու քո քնած հալով ու քո քնած ճուճուլով: Մի տեե՞՜ս: Եվ գյուղացիներն իրար թաքուն պատմում են ու նաեւ թաքուն իրար ասում են, թե էդ պահին հարեւան Ճլըստ-Գաչին գեղջկական հետաքրքրասիրությունից չի ալարել ու գեղջկավարի մի ականջակոթը տարել ու հարեւանի պատին է դեմ տվել, ու «այդ պահին մի ականջակոթը պատին է դեմ տված լինում ու լսում է ամեն-ինչը՝ բառ առ բառ», ամեն-ինչը լսում է ու հետո նա է թաքուն «լսածը» թաքուն պատմել համագյուղացիներին առավոտյան կովը աղբրին ջուր տալուց ու ջրի տանելուց, ու հիմա Ճլըստ-Գաչիի պատմածով՝ գյուղացիներն իրար թաքուն պատմում էին, իրար թաքուն պատմում են, թե` երբ էս նորածին լամուկին երեքով` պապը, տատն ու կինը` երեքով, ուրախ-ոգեւորված ի ցույց էին բռնել իրենց բերդից նոր դուրս ելած ու արյուն թքող տղային ու ամուսնուն, ապա նույն ոգեւորությունը չի եկել սրա վրա, եվ նույն ոգեվորությունը չի եկել սրա վրա, ու սա վհատ-ատելությամբ ասել է, ասել է` ռաա՜դ, մի՛` ռաա՜դ, էդ թուրքի ջորին ռադ արեք ինձանից ու աչքիցս կորցրեք: Ու ասելուց հետո, ասում են, մի վերջին անգամ արյուն է խնչել ու վհատ գլուխն ու վիզը տարել-հողին դեմ տվել ու վերջին շնչի հետ «ծալվել է»: Եւ ընդունված բան է ու, գուցեեվ, դա բնությունից է տրված. «այնտեղ, որտեղ բնությունը հարուստ ու լիառատ-բերքառատ է, այնտեղ՝ ժողովուրդը ծույլ է», «չկամությամբ է բահ խփում հողին», եվ օրվա մեծ մասը՝ «գյուղամիջում ու պարապ զրույցներում ու պատերի տակ»՝ օր կորցնելու նման, ծույլ-ծույլ-ալարկոտ դանթում է: Մեկ է, բնությունն աղքատին շատ երես չի տալիս, բայց՝ երես էլ չի թեքում, եվ նրա ձմռան-պաշար մի երկու կիլո կարտոֆիլն ու սոխը՝ միշտ տալիս է: Ու բնությունը միշտ տալու է նրա ձմռան պաշարը: Բնությունը՝ տալու է: Բայց այնտեղ, որտեղ բնությունն իր լիառատությամբ ու բերքատվությամբ, այդ, իր վրա ապրող մարդկանց ծուլության ու ալարկոտության է մղել, նաեվ՝ անասելի, չափից դուրս՝ սրտացավություն ու բարություն, լիառատ ձեռք ու՝ դիմացինին, բարեկամին, հարազատին, չունեւոր-«օտարին» սատար լինելու-հասնելու, օգնելու մի անասելի, մի անասելի ջիղ ու ջանադրություն է հաղորդել: Մի մե՜ծ բարություն է տվել ու մի մե՜ծ Սիրտ է տվել նրանց, ու նրանց՝ մի մե՜ծ սրտացավ-բարությամբ է օժտել: Ու բնությունը դա արել է էդ կողմերի համար ու, ինչպես երեւում է՝ հիմնական ու մշտական է արել. հիմնական ու մշտական: Ու բարությամբ դրդված հենց էդ ծուլությունն է, էդ սրտացավ-ծուլությունն է, որ՝ գյուղամիջում ու աղբրին, պատերի տակ ու լավ-փարթամ ծառի հովի տակ՝ կին-տղամարդ իրար գլխի հավաքված, իրար կողի բզբզելով, իրար ընդհատելով ու համերաշխորեն իրար հակաճառելով ու փոխլրացնելով, ծույլ-ալարկոտ, քանիցս կրկնվող իրենց «խոսքուզրույցում»՝ եղած-չեղածը քրքրելով՝ «տակից տալիս-գլխից դուրս են գալիս»՝ զրուցում են: Ու դա, երեվի, իրենց Հողին կպած լինելուց է, եւ էդ զրույցներում՝ մի լավ բան, մի բարի բան ու խրատական, վերջին հաշվով, ուսուցանող մի մե՜ծ լավ-բան կա: Ու դա, երեւի, իրենց՝ Հողին անմիջաբար կպած լինելուց է, ու իրենց՝ Հողից ստացած-սովորած, մեջը ջերմություն պարունակող ու մի անասելի հանգստություն բերող Հոգուց է գալիս: Ու ասֆալտը, որ շնչում-տաքանում-ջերմանում է՝ ձյութի արհեստական հոտը խեղդում ու փակում է քթածակերդ, ու արհեստական-պաշտպանական մղումների է դրդում, բայց գյուղում ուրիշ է՝ «Հող էիր՝ հող դարձար»-հողի շնչառությունը՝ մարմնիդ հարազատ շնչառությունն է, ու քաղքենիները երկար չեն դիմանում պարզություն սիրող գյուղացիների արանքում եւ շատ արագ դուրս են մնում նրանց ծաղր-հայացքից ու դուրս են մնում նրանց շարքերից: Եւ ծաղր-կապած իրենց զրույցներում, ամեն-ինչի պարզն են ուզում տեսնել ու հենց պարզության համար են այդքան շուռումուռ տալիս տեսածն ու ականջներին հասածը, պարզության համար: Ու հիմա գյուղացիների համար «մի ահագին ժամանակ», էդ մութ ու խորհրդավոր պատմությունը մի ահագին ժամանակ իրենց հետաքրքրող ու անհանգստացնող դարդն էր դարձել ու հիմա աղբյուրի ուռենու տակ նստոտած ու գյուղամիջում նստոտած, քեֆի սեղաններին ու տխրության սեղաններին նստոտած, գյուղավարի-գեղջկավարի ծույլ ճմլկոտելով, ալարկոտ իրենց շարժուձեւերում ու ալարկոտ-ծույլ զրույցներում, գցում-բռնում են, գցում-բռնում են, թե` էդ բերդից ելածն ու արյուն թքոտողը, որ կնոջ տված ու հասցրած ցավին չդիմացավ ու սիրտը ճաք տվեց եւ նամուսով գնաց իրենց շարքերից ու իրենց գյուղից ու էս աշխարհից, էդ` «ջորին» խի՞ շեշտեց: Որ Չուխկուլուի մատը խառն է ու թուրքի լակոտ է` հասկանալի է, բայց այդ բերդից դուրս եկածն ու արյուն թքոտողը, որ աբուռով-թասիբով գնաց իրենց շարքերից ու իրենց գյուղից եւ էս աշխարհից, էդ «ջորին» խի՞ շեշտեց: Ու իրենց շարքերում նստոտածներից մեկը, որ գիշեր ու զօր քուն չի ունեցել միակամ առաջադրված հարցապնդումից, մի օր էլ, էդ թաքուն քննարկումների ժամանակ, հարցի պատասխանը գտնելու նման ու հայտնագործություն անելու նման, ասել է, ասել է` մտածում եմ` կարո՞ղ է, էդ օղռաշ Չուխկուլուն, իրենից հետո, էդ իրա կատաղած ձիուն էլ է բաց թողել մեր Գյոզալի վրա: Որովհետեւ, մտածում եմ` սաղ գյուղի տղմարդիկս, աչքար թե` ծածուկ, գիշեր թե ցերեկ, ցերեկ թե գիշեր` իրար հերթ չէինք տալիս, իրար հերթ չէինք տալիս ու դրա վրա էինք գնում ու չէր հանդարտվում, չէր հանդարտվում` հափռում ու պոկում էր, պլոկում ու հափռում էր՝ չէր համբերում ու չէր հանդարտվում, ու շըլվարի կոճակ չէր մնացել մեր շըլվարներին ու մեր կանայք զարմացած-թոնթորելով` էլ տունը ասեղամանի մեջ ազատ կոճակ չգտնելով` իրենց կանաչ-կարմիր խալաթների կանաչ-կարմիր կոճակներն էին ճարահատ պոկում ու մեր շըլվարներին կարում, ու հիմա էդ նվազ-ճլըզ Չուխկուլուն ինչա՞ ու ի՞նչ էր, իրենից ինչա՞ ներկայացնում, որ դրան կարողանար տենց վերջնականապես հանդարտեցներ ու հանգստացներ: Մտածում ենք` կանայք «էդ հարցերում» երկա՜ր համբերություն են սպասում տղամարդուց ու «էդ հարցերում» կանայք երկա՜ր-համբերություն են սիրում, ու էդ Չուխկուլուն էլ` չոբան մարդա` ամբո՜ղջ օրերով, ամբո՜ղջ օրերով ու տարիներով ոչխարը սարերի դոշին փռու՜մ ու համբերատար, օրերով ու տարիներով համբերատար կողքները նստում է ու մե՜ծ համբերատարություն է իր ներսում թրծել, եւ մտածում ենք` գուցե, երկա՜ր, համբերատար էր էդ օրն ու էդ պահին մնացել Գյոզալի լխլխալեն դոշին, եւ գուցե, դրանի՞ց է, որ Գյոզալը հանդարտվել ու հանգստացել է: Վերջնականապես հանգստացել է: Բայց մյուս կողմից էլ մտածում ենք` իսկ բերդից նոր դուրս եկածի ասած` «ջորին»՝ ի՞նչ կապ ունի դրա հետ… Ու հիմա մտածում ենք` կարողա՞ էդ օղռաշ Չուխկուլուն իրենից հետո, էդ իրա կատաղած ձիուն էլ է վրան բաց թողել: Բայց, եթե իրենից հետո, իրա էդ կատաղած ձիուն էլ է վրան բաց թողել, բա մի հոգավորը թաքուն տեսել է, էդ բանից հետո խի՞ ձին իրենց հետ միասին չորացած շրթունքներով իրենց նման տոչորված-ծարաված փորի վրա չի պառկել-ընկել Կապեն Ծովի վրա ու ջուր չի խմել` մի հոգավորը թաքուն տեսել է` իրենք երկուսով են էդ Ծովի ջուրը չորացրել: Իրենք` երկուսով:
Ու հիմա ասում են՝ գյուղում լինի, թե` քաղաքում. չես կարող ասել, թե` ամեն-մի շալվար հագնող` տղամարդ է, որովհետեւ, հիմա ասում են, գյուղում լինի, թե` քաղաքում, շալվար հագած տղամարդկանց մեծ մասը, մոռացած լինելով իրենց շալվարի պարունակության ուժն ու հզորությունը, մի այնպիսի մանրուքների մեջ են խորանում, քիթ-քթի տված կանացի մի այնպիսի խորհրդավոր շշնջոց են դնում, որ բամբասկոտ ու հետաքրքրասեր կանայք քաք են կերել կողքները, քաք են կերել, ուղղակի, կողքները: Ու էդ «ջորու պատմությունը»՝ կիսատ-պռատ ու «շատ մութ հարցերի լուծումը» դեռեւս իր մեջ չստացած պատասխաններով, սակայն եւ միակամ ուժերով լուծելուց հետո, հիմա էլ գյուղի աղբյուրի ուռենու տակ, ուրախության եւ տխրության սեղաններին ու գյուղամիջում նստոտած տղամարդիկ թաքուն ու աչքար, խորհրդավոր ու հետաքրքիր-կցկտուր բառերով պատմում են, իրար թաքուն պատմում են, թե` դրանից մի քանի տարի հետո, «էդ դեպքից» մի քանի տարի հետո, երբ արդեն նորածին-«ջորի»-լամուկը 10-12 տարեկան էր դարձել, «մի մութ գիշերով», կորած-մոռացված Չուխկուլուն չգիտես էլ որտեղից` մի քանի ոչխար դեմն արած ու նույն «ծառս լինող» ձին նստած «մի մութ գիշերով» եկել ու Գյոզալի «դիք բռնած» չափարի տակ ծառս լինող ձիու վրա աշուղ-Ալասքյար էր դարձել: Աշուղ-Ալասքյար էր դարձել ու աղաչում-պաղատում էր Գյոզալին, համոզում-հանդիմանում էր, ու ասում էր, ասում էր` էդ իմ տղան ու իմ արյունն ա, էս քսան ոչխարը` քեզ, էդ տղային ու էդ ի՛մ տղային տուր-տանեմ` մեր Ալլահն ինձ տղա չի տվել ու վրան-օբան լիքը ուրիշի ճրագ-աղջիկներ է տվել` տղա չի տվել, էդ ի՛մ տղային տուր-տանեմ, էս իմ բերած քսան թօղլի-ոչխարի հետ տակիս ընկեր ու իմ սարերում-ձորերում արեւի-անձրեւի տակ ինձ ընկեր` տակիս ձին էլ եմ տալիս, ու հաշվիր, թե ձիուս հետ, նաեւ կյանքս էլ եմ քեզ տալիս, ու մի ամբողջ օբաս լցված կանանցիցս ու աղջիկներիցս, կյանքիցս էլ շատ եմ սիրում իմ յորղա ձիուն ու սրա մի մազն ու մի կատաղած խրխնջոցը նրանց հետ չեմ փոխի ու սա էլ եմ տալիս էդ իմ բերած քսան ոչխարի հետ, մենակ, թե իմ մինուճար տղային՝ տուր-տանեմ: Տու՛ր-տանեմ: Ու ասել էր` տուր-տանեմ, գադանալըմ` ցավդ տանեմ, նույնիսկ, հաշվի էլ չեմ առնում, որ սուննաթոյի ժամանակը անցել-պրծել է, ու վախեցած-զարմացած մի նայի` չեմ կտրելու, չէ՛, մի նայի, չեմ թլպատելու, իմ մադար-մինուճար տղային տուր-տանեմ` էս ամենը քեզ լինի, տուր-տանեմ, թող վրան-օբայիս մեջտեղը ճրագ ունենամ դրած: Ու գյուղի մարդիկը թաքուն շշնջոց դրած-թաքուն իրար պատմում են, թե էդ գիշերով, էդ մութ գիշերով, սաղ լսելի էր սուտ քուն մտած-տապըռ արած, սակայն ամեն-ինչն ու նրանց ամեն-մի իրար վիրավորող-հակադարձ հարցումներով ու իրար շշպռող, գյուղի լսողությունից զսպվող նախատինքներով արված ամեն-մի բառն ու հոխորտանքը, ու ամեն-մի հետաքրքիր-ամեն ինչը լսող գյուղի ու գյուղացու սովորույթով նրանք թաքուն լսել են, թաքուն լսել են, թե չափարի վերեւը, ձեռքերը տռուզ կոնքերին կանթած-կանգնած ու լխլխալեն կրծքերին տանող-բերող-անդրդվելի Գյոզալի առաջ Չուխկուլուն է՜լ ինչ մեծախոսական-թուրքավարի նաղլ-մաղլ է կապել հանգած ճրագով վրան-օբաների ու գիշերով լույս տվող փարոս-օղուլների մասին, ու թե ձեռքն ականջակոթին խփած, էլ ի՜նչ բայաթիներ է ասել թուրքավարի-ծոր ժպտալով ու փոխնիփոխ-հոխորտանք-լաց լինելով: Եւ գյուղացիները թաքուն իրար պատմում էին, իրար պատմում էին, թե Չուխկուլուի ու Գյոզալի հետ «էդ ամբողջ գիշեր», իրենք էլ, Չուխկուլուի ու Գյոզալի նման անքուն ու դադարգյուն դառած, քունն ու հանգիստը կորցրած, Չուխկուլուի ու Գյոզալի նման լացելու ու խնդալու էին այնքա՜ն, խնդալու ու լացելու էին այնքա՜ն, մինչեւ գիշերվա մեջ, մեկեն Գյոզալի համբերությունը կորցրած ու հատած ծկլթոցը չբռներ ամբողջ գյուղը: Եվ ամբողջ գյուղը հաջորդ օրն այդ գիշեր Գյոզալի հարեւան-ականջակոթը զգուշորեն Գյոզալի չափարին դեմ տված Ճլըստ-Գաչիի հավաստի, «մոտիկից բառ առ բառ լսած» ու «ամեն ինչը տեսածն» էր պատմում իրար Ճլըստ-Գաչիի բերանով, ու ասում էին, եւ ասում-հաստատում էին մեկմեկու, թե հիմնականում Գաչին էդ Գյոզալի՝ նախ, սկեսրոջ տեղի-անտեղի, իսկ հետո էլ՝ հենց Գյոզալի ծկլթոցներից է նվազ-ճլըստ մնացել ու նաեւ՝ իր անչափ հետաքրքրասեր լինելուց, եւ ամեն անգամ, ամեն անգամ, պատի, չափարի «այն կողմից» մի խորհրդավոր, հետաքրքիր շշնջոց-բան լսելուց` Գաչին իր հետաքրքրասեր ականջակոթն է մանկուց իր վեր դեմ տվել հարեւանի պատին ու չափարին, ու ամեն անգամ, ամեն անգամ, մի ծկլթոց լսելուց` մի քիչ կուչ եկել ու մի քիչ վախեցել ու մի քիչ նվաղել-նվազել է ինքն-իր մեջ ու հիմա տարիներից եկած-կուտակված մի մե՜ծ վախ ու մի մե՜ծ հետքրքրասիրություն իր մեջ ամբարած, համագյուղացիրների համար հետաքրքրասեր ականջակոթով Ճլըստ-Գաչի է այլեւս: Ու հենց էդ է ու էդ հետաքրքրասեր Ճլըստ-Գաչին է ականջակոթը Գյոզալի չափարին դեմ տված, տեսել, ու նա է տեսել, թե Գյոզալն ինչպես` այլեւս գլուխ չունենալով Չուխկուլուի արած ղաչչանք-պաղատանքներին դիմանալու, ու գլուխ չդնելով Չուխկուլուի արած հոխորտանք-հանդիմանանքներին, համբերությունը հատած ինչպես է աչքերը փակել-մի լավ բարձր ծկլթացել ու թե ինչպես է` «էլ արդեն համբերությունը հատած», ինչպես է ձեռքերը լխլխալեն կրծքերից վայր բերել ու կռացել եւ չափարի տակ պատրաստ դրված-լիցքավորված երկփողանի հրացանը ձեռքն առել ու ձեռքն առած եւ չափարի վրայով պատրաստ-պահած տարել-դրել ծառս լինող ձիու վրա «իրեն դիք-դիք պահած» ու «սանձը թույլ-թույլ լոթիավարի» բռնած Չուխկուլուի փորին ու ասել` թուու՜, ոչխարի կծվահոտդ կտրվի, քանի՜-քանի անգամ, քանի՜-քանի անգամ եմ ուզեցել` մատս տանեմ բերանս ու փորիցս դուրս թքեմ` քանի՜ անգամ, ու մինչեւ փորիցս դուրս չբերի` հանգիստ-չհանգստացա, հանգիստ-չհանգստացա ես: Սա իմն է, ու իմ տղան է: Իմ տղան, իմ արյունն ու իմ հայ տղան է: Հանկարծ մտքովդ չանցնի, հանկարծ մտքովդ չանցնի` կկրակեմ` փորդ ծխով կլցնեմ, ձիուդ վրայից վայր կբերեմ եւ ուղեղդ ու փորդ պատառ-պատառ կանեմ` շան փայ կդարձնեմ, Լեյլի-Մեջնուն մի խաղա էս գիշերվա կեսին չափարիս տակ ու գյուղում ինձ խայտառակ մի արա, ռհելդ քաշի ու ռադդ քաշի-գնա ըստեղից ու էլ չերեւաս: Էլ չերեվաս: Որ մեկ էլ երեւացել ես ու ինձ ու իմ Գենիկ-տղայի նամուսին ցեխ ես քսել, ցեխ ես շպրտել մեր նամուսին ու պատվին՝ քեզ կտոր-կտոր եմ անելու: Ասում եմ՝ քեզ կտոր-կտոր եմ անելու. գնա, ու էլ հետ մի նայիր, ինչ եղել է` եղել է` անցած լինի: Սա իմ տղան է ու դու ստեղ տղա չունես` իմացած եղիր: Ու Ճլըստ-Գաչին ականջակոթը չափարից կտրելուց հետո, հաջորդ օրը զարմացած ու թաքուն պատմում էր զարմացած ու հետաքրքրասեր գյուղացիներին, զարմացած պատմում էր ու շշնջոցով-զարմացած ասաց` Չուխկուլուն, աչքն էլ չճպեց հրացանի փողից, միայն ձիու սանձերը կտրուկ ճմռթեց ափերում ու ձեռքերի մեջ եւ մի տեսակ անտարբեր դարձավ ու անտարբեր դարձած-կողքի նայելով ձեռքը տարավ ու հրացանի փողը փորից` կողքի խփեց ու կողքի տարավ ու կողքի թքեց ատամների արանքից ու ատամների արանքից թուրքավարի, մաղձոտ ասաց` ղանջը՛ղ, կմեծանա` կիմանաս` հայի՞ տղա է, թե՞` իմ տղան է: Կմեծանա` կիմանաս: Ու նաեւ ասաց` աբուռը տվին շանը` չկերավ : Լավ կպահես, փեշիդ տակ կպահես, ձեռքը` ձեռքիցդ բաց չթողնես` մի օր, մի գիշերով, գալու եմ` գողանամ: Մի գիշերով գալու եմ ու գողանամ: Ես մեռած լինեմ, սաղ լինեմ` իմ տղային ու իմ արյունը չեմ թողնելու ձեր մեջ ու ձեր հայի գյուղում մնա: Նամուսովս եմ երդվում` գալու եմ՝ գողանամ՝ չեմ թողնելու ձեր մեջ մնա-մեծանա: Չեմ թողնելու: Ու Ճլըստ-Գաչին գյուղացիներին թաքուն պատմում էր, պատմում էր, թե` Չուխկուլուն ասաց ու սանձը թողեց եւ կատաղած ձիու կողերին կատաղած խթանեց, ու ձին ծառս եղավ ու սանձը կրծոտում էր ու խրխնջում էր կատաղած, ու նորից կրկնեց իր տեսած պատկերից զարմացած ու հիացած ու ասաց` Չուխկուլուն երկու ոտքով ձիու փորին խփեց կատաղած ու ասպանդակեց, ու ձին չափ ընկավ ու խրխնջալով գյուղից տանում էր Չուխկուլուին, ու սա պատերի տակ նստոտած-արուճ անող, իր քսան ոչխարին էլ չնայեց, բայց այդ քսան ոչխարը, արուճի թմբիր-ծուլությունը թողած, մի մարդու նման ոտքի կանգնեց-ծառս եղավ, ու իրեն թափ տալով, դմակները խաղացնելով, ծառս եղած վազում էր ձիուն դիք նստած Չուխկուլուի ու նրա տակ կատաղած-ծառս եղած ձիու հետեւից: Եվ մի կես ժամից, նրանց հետեւից, գյուղի տակ, միայն ձիու ու ոչխարի բարձրացրած փոշին էր մնացել օդում կախված: Փոշին էր մնացել օդում կախված: Ու Չուխկուլուն այլեւս ու դրանից հետո չերեւաց գյուղում եւ նրանից ոչ մեկը ոչ մի բան չլսեց այլեւս…