Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճի բաժակը նայելիս

Նոյեմբեր 12,2011 12:50

Եթե հետեւես կայքերում տեղադրվող մամուլի տեսությանը, ապա մեր թերթերը գրում են բացառապես սպասվող պաշտոնանկությունների եւ նշանակումների մասին: Երեկ, օրինակ, ես նմանատիպ լուրեր կարդացի Հեղինե Բիշարյանի, Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Բեգլարյանի, Վճռաբեկ դատարանի նախագահի եւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի մասին: Կարելի է մտածել, որ մեր երկրի բնակչությունը ապրում է նրանով, թե կդառնա՞, ասենք, Հերմինե Նաղդալյանը ԱԺ փոխնախագահ, կամ կգտնվի՞ արդյոք պաշտոն Գագիկ Բեգլարյանի համար, եւ նրանից, թե ինչպես են լուծվելու այդ հարցերը, կախված է մարդկանց բարեկեցությունն ու երջանկությունը: Քաղաքականամերձ լրագրողները, հավանաբար, հաճախ են իրար հանդիպում, սուրճ են խմում, հետո բաժակները շուռ են տալիս եւ որոշում են՝ ում կիսադեմն է արտատպվել բաժակի վրա՝ Արմեն Գեւորգյանի՞, թե՞, ասենք, Հասմիկ Պողոսյանի: Ըստ այդմ էլ կառռւցվում են նրանց «վերլուծությունները»:

Նույնիսկ այնպիսի համեստ  եւ ոչ հավակնոտ անձնավորություն, որպիսին ես եմ, կարող է, պարզվում է, արտապատկերվել սուրճի այդ բաժակների պատերին: Երեկ ծանոթներիցս մեկն ինձ հարցրեց՝ ճի՞շտ է, որ քեզ պաշտոն են տալիս: «Ի՞նչ պաշտոն»,- զարմացա ես: «Պատգամավորի»,- պատասխանեց ծանոթս: (Ի դեպ, նա առաջինը չէր, ով ինձ այդ անհեթեթ հարցն էր տալիս): Թեեւ նրա ձեւակերպումն իրավական առումով գրագետ չէ, բայց ըստ էության շատ էլ ճիշտ է. պատգամավորությունը Հայաստանում հենց «պաշտոն» է, որը «տալիս են», եթե դու քեզ համապատասխան ձեւով ես պահում: Հենց այդ պատճառով էլ պատգամավոր լինելը խիստ վարկաբեկիչ զբաղմունք է. ԱԺ-ն ինձ եւ, վստահ եմ՝ ոչ միայն ինձ, ներկայանում է Նավոյի եւ Յուվեցի Կարոյի, ոչ թե Դավիթ Հարությունյանի կամ Ստեփան Սաֆարյանի տեսքով:

Եթե իրական որոշումներն ընդունվում են ոչ թե խորհրդարանի դահլիճում, այլ լավագույն դեպքում՝ նախագահականում, իսկ վատագույն դեպքում՝ քյաբաբի սեղանի շուրջ, պատգամավորական աշխատանքը դառնում է անիմաստ եւ բովանդակազուրկ: Եվ ինչո՞ւ միայն պատգամավորի: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր իրենց «ծագումնաբանությամբ» հեռու են ներկայիս վերնախավի այդ համընդհանուր հոգեբանությունից, նրա հետ շփվելով, այսպես ասած, միաձուլվում են մեծամասնությանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ձեզ օրինակ: Կարո՞ղ էր նա, ասենք, 20 տարի առաջ պատկերացնել, որ մի «բաժակ բան է խմելու» Թաթայի երաժշտության տակ:

Մի խոսքով՝ պատգամավոր ես չեմ դառնա: Եթե նույնիսկ ազգովի խնդրեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930