Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան աստիճանաբար դառնում է նաեւ Արեւմուտքի թշնամին

Նոյեմբեր 12,2011 12:48

Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝ գալու է մի պահ,
երբ գերտերությունների եւ Հայաստանի շահերը համընկնելու են:

– Երկու տարի առաջ այս օրերին, երբ հայ-թուրքական արձանագրությունները մտան Թուրքիայի խորհրդարան, Հայաստանի իշխանական շրջանակներում խոսում էին արձանագրությունների՝ մինչեւ տարեվերջ վավերացման եւ անգամ սահմանի բացման սպասելիքների մասին: Ձեր գնահատմամբ՝ այդ լավատեսությունն ի սկզբանե՞ հիմնազուրկ էր, թե՞, այնուամենայնիվ, այս երկու տարիների ընթացքում տեղի ունեցան ինչ-ինչ գործընթացներ, որոնք հանգեցրին ներկա արդյունքին:

– Գործընթացը դատապարտված էր, քանի որ մենք ի սկզբանե էլ գիտեինք, որ Թուրքիան դեռեւս 90-ականների սկզբից առաջադրված 3 անփոփոխ նախապայմաններ ունի՝ ներկա սահմանների ճանաչում, Ցեղասպանության հարցի հետապնդումից հրաժարում եւ Ղարաբաղի հակամարտության լուծում՝ ըստ իրենց ընկալումների: Եվ այս իրավիճակում նման գործընթաց սկսելը պարզապես ոչ իրազեկվածության արդյունք էր: Նոր մարդիկ եկան քաղաքականության մեջ, նոր նախարարներ՝ Ամերիկայում, Հայաստանում: Եվ քանի որ նրանք չէին պատկերացնում խնդրի բարդությունը, իրենց թվաց, որ այ, իրենք հիմա կգան ու ինչ-որ մի հանճարեղ բան կանեն, ու ամեն ինչ կգնա: Իսկ, օրինակ, ռուսներն ավելի տեղեկացված էին, դրա համար էլ քմծիծաղով սպասում էին:

– Իսկ թուրքական կո՞ղմը:

– Այ, հենց թուրքական կողմը շատ լավ էր ամեն ինչ պատկերացնում, եւ նրանք միշտ էլ ազնվորեն ասել են՝ մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը, ոչինչ չի լինի:

– Բայց չէ՞ որ արձանագրություններում Ղարաբաղի մասին ոչինչ չկար:

– Ի՞նչ կապ ունի: Թուրքական կողմը, եթե հիշում եք, ուզում էր ստորագրման պահին հայտարարություն անել, որը հայկական կողմի հակազդեցության արդյունքում չարվեց: Ըստ Վիեննայի կոնվենցիայի՝ պայմանագրի ստորագրման պահին արված հայտարարությունը հավասարազոր է պայմանագրով ամրագրված դրույթներին: Ըստ ամենայնի, թուրքերը մտածել էին, որ իրենց առաջադրած երկու նախապայմանները՝ Ցեղասպանության եւ սահմանների հարցը, կան արձանագրություններում, երրորդն էլ կմտցնեն ստորագրման պահին արված եւ համարժեք ուժ ունեցող հայտարարությամբ: Բայց քանի որ դա չհաջողվեց, նրանց շահագրգռությունն անմիջապես կորավ: Իհարկե, այստեղ նաեւ որոշակի դեր ունեցավ Ադրբեջանի՝ թուրքերի համար սպասվածից ավելի կոշտ դիրքորոշումը:

– Պարոն Պապյան, Դուք հանդես եք գալիս Վուդրո Վիլսոնի՝ 1920թ. իրավարար վճռով հաստատված եւ ներկայումս Թուրքիայի կազմում գտնվող հայկական հողերը թուրքերին վարձակալության տալու առաջարկությամբ: Այն դեպքում, երբ Թուրքիան չի ցանկանում անգամ սահմանը բացել, որքանո՞վ է իրատեսական այսօր խոսել Վիլսոնի վճռի իրագործման մասին:

– Իրատեսական է, քանի որ դա պետք է արվի արտաքին ճնշման տակ: Այն, ինչ որ արվում էր արձանագրություններով, դա կախված էր Թուրքիայի բարյացակամ վերաբերմունքից: Իսկ այն, ինչ ես եմ առաջարկում, ես ասում եմ, որ դա պետք է թուրքերին ստիպել:

– Իսկ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով:

– Թուրքիան աստիճանաբար, բացի Հայաստանի թշնամին լինելուց, դառնում է արդեն նաեւ արեւմտյան արժեքների՝ Եվրոպայի ու ԱՄՆ թշնամի: Ուստի սկսում է գործել մեր թշնամու թշնամին մեր բարեկամն է սկզբունքը: Եվ գալու է մի պահ, երբ եվրոպական, ամերիկյան եւ ռուսական շահերը համընկնելու են հայկական շահերի հետ: Ու երբ որ գա այդ պահը, իսկ այն հաստատ կգա, եւ Արեւմուտքը քաղաքական որոշում կայացնի, որ Թուրքիան Միջին Արեւելքում այլեւս իր դաշնակիցը չէ, վստահեցնում եմ Ձեզ, իրենք Թուրքիային ստիպելու բոլոր միջոցներն ու հնարավորությունները կգտնեն: Բայց մենք դրա համար պետք է երկու բան չանենք. չպետք է խաթարենք մեր իրավական հիմքերը եւ պետք է պատրաստենք հասարակական կարծիքն ու իրավական փաթեթները:

– Արդյոք այս արձանագրությունների գործընթացը որեւէ կերպ կարո՞ղ է խաթարել Ձեր նշած իրավական հիմքերը: Ի վերջո, սա փորձ էր, որը չհաջողվեց:

– Ոչ, համամիտ չեմ: Որովհետեւ այս ամենի արդյունքում Թուրքիան իր վրա ճնշում բանեցնելու Արեւմուտքի ցանկացած փորձին ի պատասխան ասում է՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գնում է գործընթաց, որն ավարտված չէ եւ սառեցված էլ չէ, հետեւաբար՝ մի խանգարեք մեզ:

– Իսկ ո՞րն է այս իրավիճակից ամենախելամիտ ելքը:

– Հայաստանը պետք է չեղյալ հայտարարի իր ստորագրությունը՝ հայտարարելով հարաբերությունների բարելավման պատրաստակամության մասին, սակայն որպես հիմք պետք է ներկայացվի այլ՝ շատ ավելի պարզ եւ համառոտ փաստաթուղթ՝ սահմանի կամ, ավելի ճիշտ, սահմանակետերի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

– Չե՞ք կարծում, որ առաջինը գործընթացից դուրս գալով՝ Հայաստանը կարող է որոշակի կորուստներ ունենալ:

– Ընդհակառակը՝ եթե Հայաստանը դուրս գա, կդադարի կորցնելուց, քանի որ Թուրքիան արդեն չի կարող բոլորի բերանը փակել՝ ասելով, թե Հայաստանի հետ գործընթաց կա:

– Նման որոշումը որքանո՞վ կըմբռնվի այս գործընթացը հովանավորած գերտերությունների կողմից:

– Շատ լավ կըմբռնվի: Բացի այդ, մենք պիտի հասկանանք՝ մենք քաղաքականություն ենք վարում գերտերությունների ըմբռնումի՞, թե՞ մեր շահերը պաշտպանելու համար: Ի վերջո, եթե մենք համեմատենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մինչեւ 2009թ. եւ այսօր, ապա կտեսնենք, որ այսօր այդ հարաբերությունները շատ ավելի լարված են: Դա ակնհայտ երեւում է նաեւ Թուրքիայի առաջին դեմքերի հայտարարություններից, այսօր Թուրքիան արդեն խոսում է Ադրբեջանի հետ միասին Ղարաբաղը ազատագրելու պատրաստակամության մասին… Եվ այս ամբողջը արձանագրությունների արդյունքն է, որոնցով մենք Թուրքիային բերեցինք մեր տարածաշրջան, որտեղ նա նախկինում մուտք չուներ:

– Այս օրերին Հայաստանում էին տարածաշրջանի մյուս երկրների՝ Իրանի եւ Վրաստանի արտգործնախարարները, որոնք բավական ջերմ հայտարարություններ արեցին: Ձեր գնահատմամբ՝ այսօր Հայաստանն ունի՞ գոնե մեկ հարեւան, որի հետ «զրո խնդիրներ» լինեն:

– Իրանի դեպքում, իհարկե, որոշակի նշանակություն ունի այն փաստը, որ այդ երկիրը լուրջ խնդիրներ ունի Արեւմուտքի հետ, եւ դա հաշվի չառնել մենք չենք կարող: Սակայն, այդուհանդերձ, մենք բավականին հաջող կերպով ենք կարողանում Իրանի հետ մեր հարաբերությունները կառուցել: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այս դեպքում, բացի խոսքերից, ես Հայաստանի նկատմամբ վրացական կողմից որեւէ ջերմ քաղաքականություն չեմ տեսնում: Այսօր Վրաստանը Հայաստանի հանդեպ վարում է այնպիսի քաղաքականություն, որը մի փոքր ավելի լավ է, քան Ադրբեջանի քաղաքականությունը, եւ մի փոքր ավելի վատ՝ քան Թուրքիայինը: Օրինակ՝ Դուք կարող եք շատ հանգիստ Թուրքիա տանել հայկական ամսագրեր, գրքեր եւ որեւէ խնդիր չեք ունենա: Բայց Դուք դա չեք կարող տանել Վրաստան՝ սահմանի վրա դա պարզապես կբռնագանձեն: Վրաստանն այսօր մեզանից գանձում է ահավոր բարձր տարիֆներ, երբ դեպի ծով ելք չունեցող երկրների կոնվենցիայով 98թ. պարտավորվել է մեզ տալ ազգային կարգավիճակ, այսինքն՝ մեզանից ավելի չգանձել, քան վրացական ընկերություններից: Դա չի արվում: Այսօր Երեւանից Փոթի մեկ կոնտեյներ ուղարկելը նույնքան արժե, որքան Փոթիից Մոնրեալ: Աշխարհում նման գներ գոյություն չունեն: Այսինքն՝ մեզ անդանակ մորթում են, եւ մենք դեռ շնորհակալ ենք: Բայց աշխարհն, ի վերջո, ջունգլի չէ, կա որոշակի կարգ: Եվ եթե Վրաստանն այսօր իրեն բարբարոսի պես է ընկալում, ուրեմն կարող է ասել՝ ես այսօր թքած ունեմ աշխարհի ու միջազգային նորմերի վրա ու յոթը տակ կաշի եմ քերթում հայերից: Բայց թող ասի եւ ոչ թե մի կողմից՝ իրեն ցույց տա ժողովրդավար եւ արեւմտամետ երկիր, մյուս կողմից՝ ոտնահարի իր ազգային փոքրամասնությունների ու հարեւան երկրների իրավունքները:

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930