Համոզված է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը
(թիվ 41 ընտրատարածք)
– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արդյունաբերողների եւ գործարարների համագումարի ժամանակ գործարարներին ուղղված մի քանի առաջարկներ արեց՝ ասելով, որ պատրաստվում է մի ծրագիր, որին մասնակցությունը զարկ կտա գործարարությանը եւ տնտեսության զարգացմանը, Դուք ի՞նչ եք մտածում այս առաջարկի մասին:
– Բնականաբար, ես լսեցի հանրապետության նախագահի խոսքը, ծրագիրը երբ կլինի, կնայենք, մեր մասնակցության չափը կորոշենք, առանց ծրագիրը տեսնելու՝ այսօր պարզ է, որ ոչինչ չենք կարող որոշել: Քանի որ բարձր ամբիոնից այդ մասին խոսեց հանրապետության նախագահը, ես համոզված եմ, որ կլինի բավականին լավ ծրագիր, չեմ էլ կասկածում, մենք էլ կորոշենք, թե ով ինչ չափով է մասնակցելու այդ ծրագրին:
Կարդացեք նաև
– Կարծեմ այդ նույն խոսքում երաշխիքներ հնչեցին, որ տնտեսվարողների, գործարարների համար կստեղծվեն շատ ավելի լավ պայմաններ, ավելի հանգիստ մթնոլորտ: Խնդրում եմ ասեք, թե այսօր հանրապետությունում որքանո՞վ է հեշտ կամ դժվար գործարարությամբ զբաղվելը:
– Այսօր գործարարությամբ զբաղվելը բավականին բարդ է, իմ ասածը կհասկանան մարդիկ, ովքեր զբաղվում են գործարարությամբ, որովհետեւ այդ բարդությունը կողքից դժվար է տեսնել: Խնդիրներն այնքան շատ են, որ ամեն րոպե խնդիր է առաջանում: Բոլորս շատ լարված ենք աշխատում, հիմնականում մեր առողջության հաշվին:
– Ի՞նչն է պատճառը՝ օրենքնե՞րն են անկատար, դա՞շտն է անառողջ, թե՞ այլ պատճառներ կան:
– Ասեմ ձեզ, այդ լարվածության հետ կապված է ամեն ինչ՝ սկսած շարքային աշխատողների վերաբերմունքից: Այսօր շատ է փոխվել շարքային աշխատողների վերաբերմունքը գործի, աշխատանքի նկատմամբ, մեծ մասը չի ուզում նորմալ աշխատել: Այսօր մեր երկրում նախանձն է տիրում, մեկը մյուսին նախանձում է, եւ սա բերում է այդ կարգի լարվածության, այսինքն՝ դու չես կարողանում հետեւել բոլորին, որպեսզի չփչացնեն, չգողանան, լավ աշխատեն, լավ որակի արտադրանք տան: Եվ այս ամենը ազդում է գործարարի վրա: Իհարկե, կան նաեւ որոշ անկատար օրենքներ, եւ Դուք տեսնում եք, թե մեր տնտեսական հարցերի հանձնաժողովում մենք ինչ ակտիվ քննարկումներ ենք անցկացնում:
– Այսօր շատ է խոսվում այն մասին, որ գործարարները պետք է չլինեն խորհրդարանում, որ չպիտի զբաղվեն քաղաքականությամբ եւ այլն:
– Ես համամիտ չեմ այն մտքին, թե գործարարը չպետք է լինի պատգամավոր: Ասեմ՝ ինչու: Այստեղ շատ օրենքներ են գալիս քննարկման, եւ դրանք հասկանալու համար պրակտիկ մարդիկ են պետք, իսկ պրակտիկ մարդը այդ օրենքների լավն ու վատը իր մաշկի վրա զգացող մարդն է, գործարարը: Խոսքս այն գործարարի մասին չէ, ով մանդատը վերցնելով՝ այլեւս չի մտնում Ազգային ժողով, խոսքս օրենսդիր մարմնում աշխատող գործարարների մասին է: Ես մշտապես մասնակցում եմ եւ նիստերին, եւ հանձնաժողովների նիստերին ու կարող եմ իմ փոխարեն պատասխանել: Շատ երիտասարդներ նստում՝ օրենքներ են գրում, որոնք պրակտիկայից շատ հեռու են, իսկ եթե իրենք շփվեն մեր կարգի փորձ ունեցող մարդկանց հետ, բնականաբար, միանգամից նորմալ օրենքներ կստեղծվեն: Ես ԱԺ պատգամավոր եմ, աշխատավարձ ստանում եմ այստեղից, իմ հիմնական աշխատաժամանակն այստեղ եմ անցկացնում:
– Դուք դարձյա՞լ մեծամասնականով եք առաջադրվելու եւ դարձյա՞լ թիվ 41 ընտրատարածքում:
– Այո, առաջադրվելու եմ իմ տարածքում, քանի որ ես իմ ընտրողների հետ մշտապես սերտ կապի մեջ եմ, այնպես որ՝ եթե ես չառաջադրվեմ, կարծում եմ՝ իմ ընտրողներն ինձնից կնեղանան:
– Իսկ մտավախություն չունե՞ք, որ կլինի քաղաքական մրցակցություն, ամեն դեպքում Դուք անկուսակցական եք, դիտվում եք որպես իշխանությանը մոտ կանգնած մարդ, եւ հնարավոր է, չէ՞, որ ընդդիմությունը կամ իշխանության մյուս ուժերից թեկնածություն կդնեն հենց Ձեր ընտրատարածքում:
– Շատ հետաքրքիր հարց եք տալիս, եւ կցանկանայի այդ հարցին պատասխանել տասն օր հետո. այո, այսօր կան նման խոսակցություններ, ես փաստեր ունեմ, եւ այդ մասին կխոսեմ որոշ ժամանակ անց:
– Իսկ ի՞նչ փաստեր են դրանք:
– Ես հիմա չպատասխանեմ, մոտ տասն օր հետո անուններով եւ կոնկրետ ես կասեմ, թե ով ինչ է ուզում:
– Փաստորեն, «բազարն» արդեն սկսվել է:
– Այո, «բազարը» սկսվել է, եւ անպայման այդ մասին կխոսեմ, եւ բոլորդ էլ կիմանաք:
– Քաղաքականությունը նաեւ «բազարների՞» արվեստ է:
– Բազար բառը Դուք ասացիք, ես էլ կրկնեցի, իսկ ընդհանուր առմամբ, քաղաքականությամբ զբաղվելը բարդ գործ է, պետք է շատ ուշադիր լինես, որ հանկարծ որոշ հոսանքների մեջ չընկնես: Ինքս որեւէ հոսանքի մեջ չեմ ընկել եւ ձգտել եմ չընկնել, ինչքանով կստացվի՝ չասեմ, որովհետեւ մի մասն է ինձանից կախված:
– ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները հնարավո՞ր է՝ վերածվեն լուրջ առճակատման:
– Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին, ասեմ, որ ես առճակատում չեմ տեսնում, եւ իմ մեջ ներքին համոզմունք կա, որ դա չի էլ լինելու, սովորական քաղաքական գործընթացներ են, որ միշտ լինում են ընտրություններից առաջ:
Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ