Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շարքայինի ոտքը տրորելու պատմությունն ավարտվեց մարմնական վնասվածքով

Նոյեմբեր 11,2011 13:53

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արսեն Մկրտչյանի նախագահությամբ, լսվեց պաշտպանության նախարարության Քանաքեռի զորամասի զինծառայող Արամայիս Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործը:

4.5 ամսվա շարքային Արամայիս Տոնոյանը տրորել էր շարքային, Կապանի զինկոմիսարիատի կողմից այս տարվա հուլիսից բանակ զորակոչված Վիլեն Միքայելյանի ոտքը: Վերջինս առաջարկել էր բարձրանալ լսարան՝ «իրար հասկանալու համար»: Իրար հասկացել էին այնքան, որ Արամայիսը հրել էր Վիլենին, վերջինս ընկել էր, կպել սեղանին: Նրա հոնքը պատռվել էր:

Թե Արամայիս Տոնոյանը, թե տուժողը չունեին պաշտպան կամ ներկայացուցիչ: Դատավորը հաճախակի էր իրավաբանական օգնություն ցույց տալիս նրանց: Օրինակ, նրանք չհասկացան, թե ինչ է նշանակում «դատավարական իրավունքներ» բառակապակցությունը, ինչ է նշանակում, առհասարակ, «ինքնաբացարկ» բառը: Դատաքննության ժամանակ պարզվեց, որ Արամայիս Տոնոյանն ունեցել է հանրային պաշտպան, որից հետագայում հրաժարվել է:

23-ամյա Արամայիսը, որի նկատմամբ նախկինում հարուցվել էր քրեական գործ՝ զորակոչից խուսափելու համար, ապա կարճվել էր, քանի որ նա մեկնել է ծառայության, զղջում էր կատարվածի համար: Նա դատարանում ասաց, որ իրեն սխալ է հասկացել տարիքով փոքր Վիլենը եւ լսարանում նա ընդամենը հրել է, որպեսզի ավարտվի խոսակցությունը: Երբ Վիլենի վնասվածքը տեսել է, նրա հետ գնացել է լվացարան եւ օգնել, որ Վիլենը մաքրի դեմքը:

Դատավորի հարցին, թե նման չնչին դեպքերով ինչո՞ւ են լարվում միջծառայակիցների հարաբերությունները, տուժողը պատասխանեց. «Սխալը էն էր, որ տարիքը չհարգեցի»: Ի դեպ, Արամայիսն ուներ 5 ամսական երեխա:

Այսօր վաշտի հրամանատար Հովհաննես Զեյնալյանի 40-ամյակն էր: Նա այս գործով միակ վկան էր: Իսկ վկա էր ճանաչվել, քանի որ հաջորդ օրը տողանի ժամանակ տեսել էր զինվորի վնասվածքը, բացատրություն վերցրել նրանից եւ զեկուցագիր ուղարկել վերադասին:

Դատավորը հրապարակեց նաեւ գործում առկա փաստաթղթերը: Ըստ դատաբժշկական 23/26 եզրակացության, Վ.Միքայելյանին պատճառվել էր «թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք»; Իսկ Տոնոյանի մոտ «մարմնական վնասվածքի օբյեկտիվ հատկանիշներ չեն պարունակվել»:

Դատաքննությունն ավարտվեց եւ մեղադրողը՝ Երեւանի կայազորի զինվորական դատախազությունից, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Միքայել Բադիրյանը ժամանակ խնդրեց ճառի համար:

Նոյեմբերի 16-ին, ժ.13-00-ին կլսվեն ճառերը:

Արամայիս Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ հրամանատարության հսկողությանը հանձնելն էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930