Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է էլեկտրական ենթակայանում այրված դիակի ինքնությունը

Նոյեմբեր 10,2011 23:38

Ինչպես ավելի վաղ Aravot.am-ը տեղեկացրել էր, հոկտեմբերի 13-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գերեզմանատանը հարակից նախկին էլեկտրական ենթակայանի շենքում հայտնաբերվել էր 20-35 տարեկան, միջին կազմվածքի, 150-160 սմ հասակ ունեցող, անձը չպարզված կնոջ կիսաայրված դիակ:

Հագուստներն այրված էին, պահպանվել էր մազերի մետաղյա հերակալը (նկարում):

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ եւ համաձայն նոյեմբերի 9-ին ստացված գենետիկական փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածը Երեւան քաղաքում հաշվառված, 23-ամյա Ալվինա Հովհաննիսյանն է, որը հոկտեմբերի 13-ից, որպես անհայտ կորած, հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16.00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակչից: Բնակիչը հայտնել է, որ իրենց գյուղին հարակից գերեզմանատան հարեւանությամբ չգործող էլեկտրաենթակայանի ներսում այրված դիակ կա:

Շտապ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի, օպերգծով տեղակալ Եգոր Անտոնյանի եւ ոստիկանության Արարատի բաժնի պետ Սեւան Քոչարյանի գլխավորությամբ: Օպերատիվ խմբի հրահանգով դեպքի վայր էր ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչը: Դեպքի վայրում էին նաեւ դատական բժիշկն ու փորձագետը:

Օպերատիվ-քննչական խումբը նշված ենթակայանի ներսում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դիակ` այրված, ածխացած վիճակում:

Քննիչի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում նաեւ` դիակի: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստեղծվել էին երեք-չորս օպերատիվ խմբեր` օպերատիվ-քննչական գործողություններն առավել համապարփակ իրականացնելու համար:

Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել