Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքը 3760 փաստացի գրանցված բնակիչներ ունի: Հիմնական աշխատանքն այստեղ անասնապահությունն է,սակայն դա էլ արդեն կորցրել է իր իմաստը. «Աշխատանք չունենալու պատճառով անգամ անասնակեր չենք կարող հայթհայթել,-ասում են գյուղացիները: Պեմզաշենի բնակիչ Վոլոդյա Գասպարյանը նախկինում աշխատանք է ունեցել, այժմ նրա ընտանիքում ոչ ոք չի աշխատում, նրանց միակ հույսը Վոլոդյա պապի ստացած թոշակն է: Բնակիչներն ասում են` արտագաղթի վտանգն օրեցօր ավելանում է. պեմզաշենցիներն ընտանիքներով լքում են գյուղը`օտար երկրում աշխատանք փնտրելու համար:
«Երկու երիտասարդ տղա ունեմ, երկուսն ել Ռուսաստանում են. մնան այստեղ ի՞նչ անեն, ո’չ գործ կա, ոչ էլ ապրուստի միջոց»,-ասում է տիկին Կարինեն, իսկ 72 –ամյա Գևորգ պապն էլ ավելացնում է. « Ողջ օրը պարապ նստած են, ո’չ գործ կա, ո’չ զբաղմունք, սաղ օրը բակում թղթախաղով են տարված, երիտասարդներն էլ են հիասթափված իրենց կյանքից»:
Ժամանակին Պեմզաշենում աշխատում էր չորս գործարան, հիմա պատկերն այլ է. գործում է միայն մեկ քարհանք: Սրա հույսին մնացած Պեմզաշենը հազարից վերածվել է ընդամենը հինգ հարյուր տնտեսություն ունեցող գյուղի: Թե ինչ կարելի է անել այս երևույթը կանխելու համար, գյուղի բնակիչներից ոչ մեկը չկարողացավ հստակ որևէ պատասխան տալ:
ՍՏԵԼԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ