Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում, Ջաջուռ գյուղի մոտակայքում, այսօր տեղացած ձյան, ուժեղ ձնաբքի եւ մերկասառույցի պատճառով, այդ ճանապարհահատվածը ոչ երթեւեկելի է դարձել: Մոտ մեկ տասնյակից ավելի մեքենաների վարորդներ չեն կարողանում հասնել Վանաձոր: Վարորդները ստիպված են եղել թողնել մեքենաները եւ ոտքով շարունակել ճանապարհը: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը Aravot.am-ի Գյումրիի թղթակցին քիչ առաջ փոխանցել է, որ ճանապարհն այս պահին բացվել է, այնտեղ աշխատում է աղ ու ավազ ցանող տեխնիկա, նմանապես աղ ու ավազ են ցանում Լանջիկի ու Վարդաղբյուրի ճանապարհատվածներում: Մարզպետարանի պաշտոնյայի վստահեցնելով, Շիրակի մարզը լիարժեք պատրաստ է ձռման քմահաճույքներին: Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների վարչության պետ Սարիբեկյանն էլ մեր թղթակցին տեղեկացրել է, որ ահազանգ ստանալուն պես, տեղյակ են պահել Խաչատուր Խնձրցյանին: Վերջինս էլ իր հերթին անմիջապես կազմակերպել է փակ ճանապարհները մերկասառույցից ազատելու աշխատանքները: Սակայն, ըստ պարոն Սարիբեկյանի, Քեթի-Թորոս հատվածում ավտովթար է տեղի ունեցել, ու թեեւ, բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան, այդուհանդերձ շատ հավանական է, որ պատճառը եղել է ձնաբուքը: Արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղեկացնելով, ավտովթար է տեղի ունեցել նաեւ Լանջիկի մոտակայքում, տուժածներից մեկին տեղափոխել են Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Այս պահին տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանները: