«Վարդագույնի ու սևի համադրությունը տեսնելիս մտաբերում ես էմոներին: Մեր քաղաքում վարդագույնի ու սևի համադրությունը խոսում է ոչ թե Երևանի «էմո>> լինելու մասին, այլ` վարդագույ քաղաքում սևազգեստ երիտասարդների առատության, որոնք էլ իրենց պարտքն են համարում իրենց կողքով անցնող յուրաքանչյուր աղջկա հետևից ինչ -որ մեկնաբանություններ անել, հաճախ էլ մոտենալ ու ծանոթության առաջարկով դիմել, իսկ նրանցից ազատվելը, հավատացեք, հեշտ գործ չէ »,- ասում է 21-ամյա Նարինեն:
«Չեմ հասկանում, էս ի°նչ արհամարությունա» այսպիսի արտահայտություններ կարող ես լսել այն տղաներից, որոնց ծանոթանալու առաջարկին պատասխանում ես լռությամբ: Իսկ այդ առաջարկները հնչում են տարբեր ձևերով: Դրանցից մի քանիսը, որոնք պարզել ենք ինտերնետային հարցումների միջոցով կներկայացնենք ձեր ուշադրությանը.
- Կներես, էս ու°ր ես գնում, քո հետ ընդեղ ոչ մեկ չի ծանոթանա: Էսօր ցենտր տղերքը ստեղ են կանգնում:
- Ի°նչ ես կարծում, ես ե°մ քեզ շատ դուր գալիս, թե° `դու ինձ:
- Շնորհավորում եմ, աչքերով կրակելու զաչոտը ստացար:
- Կներես, դու կծանոթանա°ս կեղտոտ բոթասներով տղու հետ:
«Ախր պետք չէ այդքան անմակարդակ լինել, եթե ասենք` իսկապես ինչ –որ մեկին հավանել , մոտեցել են, ինչ-որ չափով ընդունելի է, իսկ երբ մոտենում են ուղղակի աղջիկ «կապելու» համար , դա իսկապես չեմ հասկանում: Միթե° այդքան ինքնասիրություն չունեն: Մարդ զզվումա էս քաղաքում մենակ շրջելուց»,- ասում է 22-ամյա ուսանողուհի Հասմիկ Մովսիսյանը:
Սակայն միայն «էս» քաղաքը չէ, որտեղ տղաները հաճախ են մոտենում և փորձում խոսել աղջիկների հետ: 18-ամյա Ռուզաննա Ջանոյանը, ով արդեն մեկ տարի է, ինչ բնակվում է Ֆրանսիայի Վալենսիեն քաղաքում, վկայում է. «Երևանում տղաները շատ գռեհիկ էին խոսում, իսկ երբ ասում էիր, որ ցանկություն չունես խոսելու, միևնույն է, շարունակում էին հետապնդել: Այստեղ էլ տղաներ մոտենում են, հաճոյախասություններ անում, բայց այդ ամենը շատ շնորքով և մակարդակով: Օրինակ` մեկ անգամ նստած էի զբոսայգում, մոտեցավ մի տղա` ծաղիկը ձեռքին և ասաց, որ ես այդ ծաղկի պես գեղեցիկ եմ: Ես շնորհակալություն հայտնեցի նրան և ասացի, որ ցանկություն չունեմ խոսելու: Նա ներողություն խնդրեց և գնաց: Այստեղ լավը նաև այն է , որ կարող եմ ասել` չեմ հասկանում ու թողնել գնալ»:
Լիլիթ Սարգսյան