Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանում դատավոր Ռոբերտ Սարգսյանի նախագահությամբ ավարտվեց ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության «Օտարերկրացուն ՀՀ-ում կացության կարգավիճակ տրամադրելու մերժման վերաբերյալ» այս տարվա հուլիսի 19-ի որոշումը վերանայելու պահանջով նախնական դատական նիստը:
Սարգիս Հացպանյանը պահանջում է վերացնել այդ որոշումը եւ իրեն տալ Հայաստանում ապրելու կարգավիճակ:Դատական նիստն անցավ 1-2 լրատվամիջոցի մասնակցությամբ:
Դատարանում Ս.Հացպանյանը հայտնեց, որ չունի ներկայացուցիչ, քանի որ միակ «անձնագիրը» արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տրված ազատականն է:Նա ասաց, որ դիմել է նոտարական վավերացման համար, սակայն նրանք «ազատականը» չեն համարել հիմք նոտարական գործառույթ իրկանացնելու համար:
Կարդացեք նաև
Ս.Հացպանյանը նաեւ ասաց, թե դիմել է անձնագրերի եւ վիզաների վարչությանը, որ կարգավիճակ ստանա, սակայն մերժել են: Ի դեպ, երբ դատավորն այդ հարցը տվեց ոստիկանությանը՝ նրանց ներկայացուցիչները հաստատեցին, որ մերժել են:
Պարզաբանելով, թե ինչ ընթացակարգով է տեղի ունեցել քաղաքացու դիմումի քննությունը՝ ՕՎԻՐ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտնեցին, թե դիմել են Ազգային անվտանգության ծառայություն, ու չեն կարող ներկայացնել այդ պատասխանը, քանի որ «դա գաղտնիք է»: Ստացվում է, որ քաղաքացու մասին հնարավոր են տեղեկություններ, որոնց մասին նա անգամ տեղյակ չլինի: Ինչպես՝ Հացպանյանի դեպքում է եղել:
Հաջորդ դատական նիստին դատարանը պարտավորեցրել է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությանը ներկայացնել նշված փաստաթուղթը: Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 5-ին, ժ.15.30-ին: Ակնարկվեց դռնփակ նիստ անցկացնելու մասին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ