ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն օրերս ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ներկայությամբ Գյումրիում հայտարարել էր, թե իրենց կուսակցությունում «արյունոտված մարդիկ չկան», այլ «նամուսի ու թասիբի տեր մարդիկ են», իրենց կուսակցությունում չկան «խուժաններ ու գողեր»: Այսօր «Ազդակ» ակումբում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով գործընկերոջ այս մեկնաբանությանը եւ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ո՞ր կուսակցությունում կան այդպիսիք, ասաց. «Շատ հաճախ մարդիկ խոսքի ընթացքում ընկնում են էյֆորիայի կամ էքստազի մեջ ու ասում են բառեր, որոնք իրականության հետ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի առնչություն չունեն: Բնականաբար Բոստանջյան Վարդանը երբեք էդպիսի բան չէր ասի, բայց ես կարծում եմ՝ ինքը մաքուր սրտով է ասել»:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ