Երեկ «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը խոսում էր 2012-ի բյուջեի, շքեղության հարկի մասին: Aravot.am-ի հարցին՝ դուք ձեզ հարուստ համարո՞ւմ եք եւ այս հարկային փոփոխությունները ձեր ընտանեկան բյուջեի վրա ի՞նչ ազդեցություն են թողնելու, պարոն Այվազյանը պատասխանեց. «Այ սենց ընկերներ ունեցողները ո՞նց կարող է պատահի հարուստ չլինի: Հարկային փոփոխությունները բացարձակապես իմ ընտանեկան բյուջեի վրա չեն ազդի, ա՛յ եթե նոր մեքենա առա ու ընդունված նորմերից ավելի եղավ՝ ազդելու է, եթե դրանից ցածր առա՝ չի ազդելու: Ծխում եմ՝ ծխելու վրա չի ազդելու, խմում եմ՝ խմելու վրա չի ազդելու, որովհետեւ ես խմում եմ Ալեքսանյան Սամվելի ու Ավշարի օղիները»:
Ասուլիսում պարոն Այվազյանը Սամվել Ալեքսանյանի արտադրանքը ոչ միայն գովազդեց, այլ պարզ հայտարարեց, որ բյուջեում հարկային փոփոխություններ կատարելիս՝ «այնպես ենք արել, որ էժան օղի արտադրողներին չկպնենք»: Հայտնի է, որ մեր երկրում էժան օղի արտադրում է հատկապես պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ուստի մեր դիտարկմանը՝ ամեն ինչ արել եք Սամվել Ալեքսանյանի համա՞ր՝ պարոն Այվազյանն արդարացավ՝ «Նախ կպնողը ես չեմ, հետո ինչի՞ Ալեքսանյանին, Ավշարն էլ կա, Վեդին էլ: Ինձ չի հետաքրքրում՝ ով է արտադրում, ինձ հետաքրքրում է, որ Հայաստանի արտադրողը հնարավորություն ունենա մրցակցելու այն երկրների հետ, որտեղ հոսանքն էժան է, ցորենը տեղում են առնում, ոչ թե բերովի է: Ուզում ենք մեր բանվորը աշխատավարձ ստանա, ոչ թե դրսի բանվորը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ