Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի խոսքերին ավելացնելու բան չունի

Նոյեմբեր 10,2011 17:03

Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հայտարարել էր, թե 2012 թվականի ընտրություններն ամենաթափանցիկ, արդար ընտրություններն են լինելու անկախ Հայաստանի պատմության մեջ: Այսօր «Ազդակ» ակումբում լրագրողները ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեցին, թե նա հավատո՞ւմ է վարչապետի այս կանխատեսմանը: «Իրավունք չունեմ չհավատալու, ձեր նման քաղաքացի, ԲՀԿ ներկայացուցիչ եմ: Մի բան կարող եմ հստակ ասել, որ ինքս համահեղինակների այն խմբում եմ, որոնք գրեցին, ստեղծեցին նոր ընտրական օրենսգիրքը: ԱԺ կողմից ընդունված ընտրական օրենսգիրքը ամենատարբեր միջազգային կառույցներով անցել է փորձաքննություն եւ բոլորում արժանացել է բարձր գնահատականի: Այդ կտրվածքով դուք ընտրական օրենսգրքում չեք գտնի խոցելի մի տեղ, ավելին, քննարկումներն իրականացվեցին ոչ թե նեղ շրջանակում, այլ դաշտն ամբողջությամբ բաց է՝ ընդդիմադիր, դիմադիր, մինչեւ անգամ հասարակական ֆիզիկական անձինք կարող էին ներկայացնել իրենց առաջարկությունները»,- ասաց ԱԺ պատգամավորը: Ավելի ուշ հավելեց. «Եթե դուք ընտրություններում կուզենաք նկատել ինչ-որ թերացում, խորապես ուզում եմ համոզված լինեք, որ դա պայմանավորված չէ օրենսգրքով, այլ՝ մեզանով, քաղաքացիներով, ընտրություն անցկացնելով: Դուք գիտեք, որ մենք դեռեւս չենք գտնվում այնպիսի բարձր մակարդակում, չունենք այնպիսի մեծ սկզբունքներ, որոնց պայմաններում իսկապես կապահովվեն ազատ, արդար ընտրությունները»:

Մամուլում տեղ գտած հրապարակումների առնչությամբ, թե Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպում են ունեցել, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է պարոն Բոստանջյանն այդ հանդիպման մասին եւ արդյոք «Բարգավաճ Հայաստանը» չի քննարկում կոալիցիոն հուշագրով առաջիկա նախագահական ընտրություններում ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ մեկ այլ թեկնածուին սատարելու հարցը: ԲՀԿ պատգամավորն այսպես պատասխանեց. «Շատ հեշտ հարց է: Ինքս տեղյակ չեմ հանդիպման մասին, իսկ «Բարգավաճ Հայաստանի» նախագահն արդեն իր մեկնաբանություններով ասաց այն, ինչ որ ասաց: Այդ առումով էլ ավելացնելու բան չունեմ»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930