Ըստ սեքսոլոգի՝ պոտենցիայի հետ կապված խնդիրներ ունեցող տղամարդիկ փոխանակ դիմեն բժշկի, համացանցն են փորփրում՝ հարմար դեղ գտնելու համար:
Առանց բժշկի նշանակման սեքսուալ խթանիչներ դեղատներից գնելը շատ վտանգավոր է: Այդ խթանիչները գուցեեւ մի քանի անգամ օգնեն, սակայն դա լիարժեք բուժում չէ: Ինքնաբուժման դիմելուն շատ դեպքերում դրդում է նաեւ համացանցը, որտեղ ցանկացած հիվանդության համար բուժման մեթոդ է ներկայացված, մարդիկ էլ կարդում են ու առանց բժշկի դիմելու՝ վազում դեղատուն:
Aravot.am-ի հետ զրույցում սեքսապաթոլոգիայի կլինիկայի սեքսոլոգ Նարինե Ներսիսյանն ասաց. «Օրինակ՝ տղամարդը էրեկցիայի խնդիր ունի՝ թուլություն, սեռական օրգանը չի ձգվում կամ էլ ձգվում է ու շուտ թուլանում, չի հասցնում հարաբերության ավարտին, գնում է դեղատուն եւ խնդրում այն դեղը,, որի մասին կարդացել է ինտերնետում: Իսկ դեղատունն էլ իր շահն ունի եւ առանց դեղատոմսի ազատ վաճառում է»: Բժշկի հավաստմամբ, այդ դեղամիջոցները միայն որոշ ժամանակ կարող են օգնել, սակայն դա բուժում չէ. «Տղամարդը մտածում է մեկ ակտի մասին՝ հանկարծ այդ պահին խայտառակ չլինեմ: Հետագայի մասին չի մտածում: Իսկ որոշ ժամանակ հետո այդ դեղն այլեւս չի ազդի: Արդեն դանակը ոսկորին հասած՝ դիմում է բժշկի: Բժիշկն էլ, որ այդ նույն դեղը պետք է ճիշտ պահին նշանակեր, որ հիվանդը բուժվեր, այլեւս չի կարող նշանակել, արդեն օգուտ չի տա»:
Նարինե Ներսիսյանի խոսքերով, դեղ ներկրող ընկերություններն էլ են «նպաստում» մարդկանց ինքնաբուժմանը: Ըստ բժշկուհու, դեղ ներկրող ընկերություններն անգամ սեմինարներ են կազմակերպում եւ դեղատների աշխատակիցներին սովորեցնում, թե որ խթանիչը որ դեպքում ինչ արդյունք է տալիս. «Ուստի դեղատան աշխատակիցներն էլ առանց վարանելու դրանք վաճառում են՝ դեղատոմս չպահանջելով»:
Բժշկուհի Ներսիսյանը նաեւ ասաց, որ առանց բժշկի նշանակման սեքսուալ խթանիչներ օգտագործելը ոչ միայն մարդու առողջությունը կվնասի, այլեւ չի բացառվում, որ մարդուն դրդի բռնաբարության. «Վերցնենք վերջին շրջանի բռնաբարությունները: Ի՞նչ գիտեք, որ տվյալ երիտասարդները, որոնք տարեց կանանց են բռնաբարել, այդ դեղը չեն օգտագործել: Ճիշտ է, այս դեպքում կա սեռական հակման խանգարում, կամ, ասենք՝ սեռական ակտի պարտադիր իրականացման ձգտում. այս 2-ն էլ շեղում են, սրանք իրար գումարած՝ հանգեցնում են բռնաբարությունների»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ