Փող են քցվում, տան Դիանա Գրիգորյանին
«Փող ենք քցվում տանք Դիանա Գրիգորյանին, որ էլ ստիպված սերիալ չգրի» նախաձեռնությունը այլևս չի գործում ու չունի ադմինիստրատոր: Խմբի անդամներից Տիգրան Սարգսյանը գրել էր. «Երկարատև հոգեվարքից հետո վախճանվեց «Փող ենք քցվում, տանք Դիանա Գրիգորյանին, որ էլ ստիպված սերիալ չգրի» խումբը: Հարկ է նշել, որ երջանկահիշատակ խումբը լծված էր օգտակար, հայրենանվեր և բարոյական մի գործի` անորակ, լպիրշ և էժանագին սերիալների դեմ պայքարին: Սակայն չկարողացավ երկար գոյատևել` դրանով իսկ փաստելով, որ «դիանագրիգորյանիզմի» երևույթ-սինդրոմը Հայաստանում անմահ է և անհաղթ: Դատարկում եմ օղու գավաթս՝ առանց «չխկացնելու» և «ծլնգացնելու»:
Առավել մանրամասն տեղեկություններ վերցրել ենք պատի գրառումներից. «հմի կասեք, դուր չի գալիս, ալիքը փոխեք…Բայց խի է արա, խի պտի սենց բան ըլնի… Մեղկ չի իմ ազգը, ափսոս չեն մեր երեխեքը, արա խիա կյանքը սենց դաժան… Ախր Դիանան ինքն էլ գիտի, որ չի կարում գրի, ախր էդ աղջիկն էլ ա մեղկ…Էկեք օգնենք մերձավորին, ընենց անենք, որ սաղիս համար լավ ըլնի…Էլ չեմ կարում…Լացս ա գալիս…Ուֆ…»: Ֆեյսբուքյան խմբում անգամ բանաստեղծություններ են ձոնել Դիանա Գրիգորյանին .
O, Դիանա, Մեծ ու Չաղ,
Ցավոք սրտի` հայկական,
Դու մի լցրու վերքիս աղ,
Սերիալովդ …. –ական…
«Փող ենք քցվում տանք Դիանա Գրիգորյանին, որ էլ ստիպված սերիալ չգրի»-ի ադմին Աննա Գրիգորյանը, դադարեցնելով խմբի աշխատանքները, իր հասցեն թողել էր «Մենք դեմ ենք հիմար սերիալներին» նոր խմբում: Ցանկացանք խմբի ստեղծման մտահաղացման մասին նրա հետ խոսել, բայց չստացվեց: Պարզվեց՝ Աննան շատ զբաղված է, իսկ հարցազրույց արդեն այլ լրատավիջոցի տվել է, մեր կողմից ուղղարկված հաջորդ հաղորդագրությունն էլ թողեց անպատասխան: «Մենք դեմ ենք հիմար սերիալներին» խմբում մասնակիցների թիվը 2000 –ից ավել էր: Դավիթ Ավշարյանը գրել էր. «Փաստորեն դեռ առաջընթաց չկա խմբում: Թե՞ վերջում խմբի անդամներով հարձակումա լինելու հեռուստեսությունների վրա: Եթե 2371-ը բաժանենք մոտավոր 15 հեռուստաընկերությունների վրա, ապա կստացվի մեկ հեռուստաընկերությանը բաժին է ընկնում 158 մարդ: Արդյունքում ` վատ չի : Իսկ, բացի բողոքներից առաջարկներ չկա՞ն: Օրինակ, ո°նց բարձրացնել ռեժիսորի մակարդակը, կամ սցենարիստին ավելի լավ գրքեր տալ կարդալ»:
Մելանյա Հարությունյան