Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ արդեն կա հարկադրող, որն օլիգարխներին կստիպի հարկ վճարել

Նոյեմբեր 10,2011 15:57

Հաջորդ տարվա պետբյուջեն այս տարվա բյուջեի նման սոցիալական ուղղվածության է, քանի որ Ազգային ժողովը որոշել է, որ սոցիալական խնդիրները պետք է լուծվեն առաջնահերթ: Այդուհանդերձ եկող տարվա բյուջեով նախատեսված է սոցիալական նպաստները բարձրացնել ընդամենը 2500 դրամով: Այսօր «Հայացք» ակումբում տեղի ունեցած ասուլիսում լրագրողները տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվեցին, թե նա ինչպես է որակում հաջորդ տարվա բյուջեն, այն դեպքում, երբ շատ քիչ ներդրում է արվում հենց սոցիալական խնդիրները լուծելու համար: Թ. Մանասերյանը չցանկացավ բյուջեին որակումներ տալ. «Միայն կասեմ, որ իսկապես փոքրիկ առաջընթաց տեսնում եմ, չնայած, որ այդ 2500-3000 դրամով տուն չես պահի»: Նա ասաց, որ եթե ինքը լիներ պետբյուջեն բաշխող մարմին, ապա կյանքի կկոչեր կենսապահովման զամբյուղի պլանավորման մասին օրենքը. «Սա շատ ավելի մեծ արդյունք կտար»:

Ինչ վերաբերում է բյուջեն հավաքագրելու մեթոդներին՝ տնտեսական աճի եւ ստվերի կրճատման միջոցով, ապա, ըստ Թ. Մանասերյանի, մեր երկրում տնտեսական աճն ապահովելու մեծ ներուժ կա, իսկ  ստվերի կրճատումը երկարատեւ գործընթաց է եւ պետք է քիչ-քիչ անել:

Aravot.am-ի այն հարցին, թե պարոն Մանասերյանն իսկապես հավատո՞ւմ է, որ ստվերը խոշոր բիզնեսում կկրճատվի եւ նրանցից հարկերի հավաքագրումը լիարժեք կլինի, նա պատասխանեց. «Բնականաբար, ես չեմ ուզում, որ չկրճատվի, այլ ուզում եմ, որ կրճատվի, որ օլիգարխներին անպայման բերեն հարկման դաշտ: Պահը եկել է, արդեն շատ լուրջ արգելք կա վերեւից ներքեւ: Եթե այդ օլիգարխների գիտակցությունը տեղը չէ, որ նրանք ամեն ինչ ստվերում պահեն, ուրեմն պետք է հարկադրող մեկը լինի, որ նրանց հասկացնի, իսկ ես կարծում եմ, որ այդ հարկադրողն արդեն կա»: Հարցին, թե այդ հարկադրողն ո՞վ է, պատասխանեց. «Ինձ մի հարցրեք, ես հարկադրող չեմ»:

Անդրադառնալով շաքարավազի գնի աճին եւ այն պնդումներին, որ դա արդարացված չէ, պարոն Մանասերյանը անեկդոտով պատասխանեց. «Միտինգի ժամանակ թռուցիկներ են բաժանում, որոնց վրա ոչինչ գրված չի: Երբ հարցնում են, թե ինչո՞ւ են թռուցիկները դատարկ, պատասխանում են՝ առանց այդ էլ ամեն ինչ հասկանալի է: Այսինքն, բոլորը գիտեն, թե այդ ամենը որտեղից է գալիս»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930